Լրահոս

08.04.2011 09:08


Բողոքարկվում է գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը

2011 թ. ապրիլի 8-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում /հասցե՝ ք. Երեւան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, 321 դահլիճ/ նշանակված է «քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը:

2011 թ. փետրվարի 18-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, քննության առնելով Վանո Եղիազարյանի հայցն ընդդեմ Արթուր Սաքունցի՝ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, որոշում է կայացրել գործի վարույթը կասեցնելու մասին:

Դատարանը պատճառաբանել է, որ հայցվոր Վանո Եղիազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում կարող են ձեռք բերվել այնպիսի փաստեր, որոնք էական նշանակություն կարող են ունենալ սույն գործի լուծման համար:

Արթուր Սաքունցի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել եւ խնդրել վերացնել գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը:

Վերաքննիչ բողոքում նշվում է, որ դատարանն իր որոշումը չի հիմնավորել և չի պատճառաբանել, թե հատկապես որ փաստական հանգամանքը կարող է անհնարին դարձնել սույն գործի քննության ընթացքի կամ ելքի համար: Դատարանը պարտավոր է իր որոշմամբ նշել գործի վարույթը կասեցնելու թե՛ փաստական կողմը և թե՛ իրավական հիմնավորումը: Մասնավորապես, դատարանը պարտավոր էր նշել, որ Վանո Եղիազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ինչպիսի փաստեր կարող են ձեռք բերվել, որոնք էական նշանակություն կարող են ունենալ սույն գործի լուծման համար կամ քրեական գործի քննության՝ ընթացքը կամ ելքը ինչպես կարող է խոչընդոտել սույն գործի քննությանը:

Դատարանի կողմից ընդունված «գործի վարույթը կասեցնելու մասին» որոշման տրամաբանությունից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ եթե հայցվորի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի կամ հայցվորը դատարանի կողմից արդարեցվի, ապա սույն գործով դատարանը պետք է բավարարի հայցվորի հայցադիմումն ընդդեմ իրավապաշտպան Արթուր Սաքունցի:

Հիշեցնենք, որ Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանը գտնում է, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի՝ 2010 թ. դեկտեմբերի 8-ին «Վանաձորյան խճանկար» թերթին տված հարցազրույցում նշված «Կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված ահազանգերը համարժեք քննություն չեն ստանում: Վառ օրինակ էին Լեռնապատի գյուղապետի կատարած մի շարք գործողությունների վերաբերյալ ահազանգերը` տեղական բյուջեի միջոցների վատնում, ինքն իրեն և իր ընտանիքի անդամներին գույքահարկից ազատելու որոշում» արտահայտությունը վնաս է հասցնում իր պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին:

Վանո Եղիազարյանը դատարանից պահանջում է զրպարտության համար պարտավորեցնել Արթուր Սաքունցին նույն թերթի միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և հօգուտ իրեն բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաև փոխհատուցել դատական ծախսերը:

Այս խորագրի վերջին նյութերը