Տնտեսական

25.07.2020 10:44


Թանկացումներ դեղերի շուկայում. «Ժողովուրդ»

Թանկացումներ դեղերի շուկայում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում դեղերի շուկայում որոշակի թանկացումներ են արձանագրվել: «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ շրջայցի ընթացքում պարզեց, որ զգալի բարձրացել է ճնշման համար կիրառվող «Նորմոդիպին» կոչվող դեղը: Տվյալ դեղի 10 մգ֊անոցի մեկ հատիկը 110 դրամից թանկացել է՝ դառնալով 230 դրամ, իսկ, ահա, 5 մգ-անոցի մեկ հատիկը վաճառվում է 120-130 դրամով: Նշենք նաև, որ «Վալերիանա» (Կատվախոտ) գիշերային դեղի հատիկների տուփը 290-300 դրամից թանկացել է՝ դառնալով 350 դրամ: Իսկ «Վալերիանայի» մյուս՝ հանրությանը հայտնի դեղին հատիկները 90 դրամի փոխարեն այժմ վաճառվում է 100-120 դրամ:

Թանկացել է նաև խոլեստերինի դեմ կիրառվող «Ատորիս»-ը. 30-հատանոց տուփը 3150 դրամից դարձել է 3300 դրամ: Ցավազրկող «Տեմպալգին» դեղամիջոցի 20 հատանոց տուփը 700 դրամից թանկացել է՝ դառնալով 840 դրամ: Տեղեկացնենք, որ D վիտամինի հատիկներն են 30 դրամով թանկացել՝ 100-ից դառնալով 130 դրամ: Բարձրացել է նաև C վիտամինի գինը. մեկ հատիկը նախկինում 120 դրամով էր վաճառվում, այժմ՝ 140 դրամ: Ի դեպ, նկատենք, որ դեղատներում C վիտամինի ոչ բոլոր միլիգրամներն են առկա:

Օրաթերթը քաղաքացիներից հեռախոսազանգ է ստանում նաև այն մասին, որ հայաստանյան դեղատներում ցինկ կամ երկաթ չկա, մինչդեռ կորոնավիրուսի դեմ պայքարում ամենակարևոր և պահանջվածը ցինկն է. այս հանքանյութն օգնում է վիրուսային վարակներին դիմագրավելու հարցում»։

Այս խորագրի վերջին նյութերը