Աշխարհ

24.07.2020 15:31


Սուրբ Սոֆիայի տաճարում սկսվել է քաղաքացիների մահմեդական աղոթքի արարողությունն ու Ղուրանի ընթերցումը (տեսանյութ)

Սուրբ Սոֆիայի տաճարում սկսվել է քաղաքացիների մահմեդական աղոթքի արարողությունն ու Ղուրանի ընթերցումը (տեսանյութ)

Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում սկսվել է Թուրքիայի կրոնական գործերի վարչության կազմակերպած ուրբաթօրյա աղոթքն ու Ղուրանի ընթերցումը քաղաքացիների համար, որից հետո սկսվելու է արդեն բուն նամազը, որին մասնակցելու է նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին տեղեկացնում է «Միլլիյեթ» պարբերականը:

Սուրբ Սոֆիայի տաճարը 86 տարի անց այս օրը բացվել է որպես մզկիթ` փոխելով իր թանգարանի կարգավիճակը:

Մահմեդական հավատացյալները ստուգումներ են անցնում և հավաքվում են տաճարում և դրա շրջակայքում:

Սուրաներ են ընթերցվում Թուրքիայի ամենահայտնի իմամների կողմից:

Աղոթքի ուրբաթօրյա ծրագիրն ավարտվելու է Թուրքիայի կրոնական գործերի վարչության ղեկավար Ալի Էրբաշի աղոթքով:

Թուրքիայի նախագահը Սուրբ Սոֆիա է ժամանել հիմնական նամազի սկսվելուց մոտ 1 ժամ առաջ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) չեղյալ է հայտարարել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանից հետո հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու մասին։

Սուրբ Սոֆիայի պատմությունը սկսվում է հռոմեացի կայսր Կոստանդիանոս Ա Մեծի օրոք: Նա է 324 թվականին հիմնել Կոստանդնուպոլիսը որպես կայսրության մայրաքաղաք: 326-ին Կոստանդիանոսը մայրաքաղաքում կառուցել է առաջին եկեղեցին Սուրբ Սոֆիայի անունով՝ Կոստանդնուպոլսի Օգոստոսյան հրապարակում: Սկզբնական շրջանում այն կոչվում էր Մեծ եկեղեցի, քանի որ չափերով գերազանցում էր Կոստանդնուպոլսի իր ժամանակակից մյուս եկեղեցիներին: Իսկ Սուրբ Սոֆիա անվանումը կառույցին տրվել է ավելի ուշ: Տաճարն առաջին անգամ հրդեհվել է 404 թվականին՝ ժողովրդական ապստամբության ժամանակ: 532 թվականին Թեոդոսիոսի վերակառուցած տաճարը կրկին կործանվել է հրդեհի պատճառով: Հրդեհից քառասուն օր անց Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս Ա-ն պատվիրել է դարձյալ վերակառուցել Սուրբ Սոֆիայի տաճարը, վերակառուցումը տևել է 532-537 թթ.:

1453թ.-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935թ.-ին Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985թ.-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը