Հարցազրույց

07.04.2011 12:25


Սամվել Նիկոյան.

Սամվել Նիկոյան. Հարցազրույց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ–ական Սամվել Նիկոյանի հետ –Խոսակցություններ կան, որ ՀՀԿ–ն անվստահություն պետք է հայտնի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, կամ էլ նրան փոխի։ Որքանո՞վ է սա հնարավոր։ –Մեկ–երկու տարի առաջ էլի նման խոսակցություններ եղել են։ Սա առաջին անգամը չէ, և կարծում եմ՝ վերջին անգամն էլ չի լինելու։ Իմ կարծիքով՝ դա որոշակի շրջանակների ակտիվ քարոզչական գործունեությունն է, ոչ ավելի։ –Այսինքն հնարավոր չէ, որ Տիգրան Սարգսյանին ՀՀԿ–ն փոխի։ –Ես չեմ տիրապետում որևէ ինֆորմացիայի և իմ տեսակետն արդեն հայտնեցի։ –Ապրիլի 5-ին՝ գյուղատնտեսության հիմնախնդիրներին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե վերջին ժամանակներում մեր երկրում այս կամ այլ ոլորտում անհաջողությունների մասին խոսելիս գրեթե բաց չի թողնվում հնարավորությունը հիշելու և, բնականաբար, հիմնական մեղսակիցը  դարձնելու համաշխարհային տնտեսական ճգնաժամը, սակայն արդարացիությունը և ողջամտությունը բոլորիս ստիպում են փաստել, որ միայն տնտեսական ճգնաժամը չէ, որ պատճառ հանդիսացավ մեր երկրի մի շարք ոլորտների, մասնավորապես գյուղատնտեսության  անկման համար և ունենալու այն ամենը, ինչ ունենք այսօր: Սա՞ ինչպես կբացատրեք։ Բնական է, որ գնաճը մեր երկրում կարող է երկու գործոններից բաղկացած լինել։ Առաջինը ընդհանրուր առմամբ ֆինասատնտեսական ճգնաժամն է և ամբողջ աշխարհում առկա գնաճը։ Բայց նաև կան ներքին գործոններ, որոնք կարող են հանգեցնել գնաճին։ Այլ բան է, որ կառավարությունը կարող է պայքարել այդ գործոնների դեմ, որոնք կապված չեն միջազգային տնտեսական ճգնաժամից։ Ուղղակի՝ որպեսզի ներքին գործոններով լրացուցիչ գնաճ տեղի չունենա։ –Փաստորեն, ոչ թե կառավարության մեղքով է այն, ինչ ունենք, այլ պարզապես ինչ–որ այլ գործոններ կան, որոնց դեմ կառավարությունը փորձում է պայքարե՞լ։ Այն, որ սննդամթերքը և այլն աշխարհում թանկացել են, և Հայաստանի կառավարությունը կամ որևէ իշխանություն դրա դեմ որևէ քայլ չի կարող անել, դա ակնհայտ է։ Բայց կառավարությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել, որպեսզի գնաճին չգումարվեն ներքին գործոնները։ Կառավարությունն այդ պատճառով բազմաթիվ քայլեր է անում, որպեսզի դրա դեմն առնի։ –Հաջողվո՞ւմ է դա նրան։ Սովորաբար ասում են, որ, ա՛յ, հիմա Հայաստանում այսքան վատ է, և դրա մեղավորը կառավարությունն է և այլն։ Ես հարց եմ տալիս՝ իսկ ի՞նչ գիտեք, եթե լիներ ա՛յլ կառավարություն, ինչպիսի՞ն կլիներ տնտեսական վիճակը Հայաստանում։ Իմ գնահատականով՝ կարող էր ավելի վատ լինել։ –Իսկ ո՞ր պարագայում քաղաքական մեծամասնությունը կգնա արտահերթ ընտրությունների։ Արտահերթ ընտրությունների մասին, կարծում եմ, հիմա լուրջ մարդիկ այլևս չեն խոսում։ Եթե որևէ մեկը օգտագործում է «արտահերթ ընտրություն» բառը, կարծում եմ՝ ինքը դրա տակ հասկանում է հերթական ընտրություն, և արտահերթ ընտրության մասին խոսելով՝ պատրաստվում է հերթական ընտրությունների։ Եվ սա շատ բնական և նորմալ գործընթաց է։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը