Հարցազրույց

23.07.2020 09:42


Պուտինը մի քանի անգամ անուղղակի ձևով զգուշացրել է ՀՀ իշխանություններին՝ հակառուսական քաղաքականություն վարելու վերաբերյալ․ Միհրանյան (տեսանյութ)

Պուտինը մի քանի անգամ անուղղակի ձևով զգուշացրել է ՀՀ իշխանություններին՝ հակառուսական քաղաքականություն վարելու վերաբերյալ․ Միհրանյան (տեսանյութ)

Սահմանային լարվածությունը, կարծում եմ, նախօրոք պլանավորված օպերացիա չի եղել, ու մտածում եմ, որ ադրբեջանական կողմը չի գնա էսկալացիայի և չի հարձակվի Հայաստանի վրա։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանն՝ անդրադառնալով սահմանային լարվածությանը։

Ըստ քաղաքագետի՝ Ալիևը կդիմեր արկածախնդրության, եթե պլանավորված հարձակվեր Հայաստանի վրա․ «Ռուսաստանի հայտարարությունն ուղղված թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին խոսում է այն մասին, որ ո՛չ Բաքվում, ո՛չ Երևանում այս տարածաշրջանում չկա ցանկություն գնալ լայնամասշտաբ առճակատման»։

Հարցին՝ Հայաստանում շատ քննարկվեց այն թեման՝ ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չարձագանքեց տարածաշրջանում լարվածությանը, Անդրանիկ Միհրանյանը պատասխանել է․ «ՀԱՊԿ-ը չէր արձագանքի մինչև հստակ չիմանար՝ ի՞նչից է առաջացել այս առճակատումը։ Եթե անգամ ՀՀ վարչապետը չգիտեր՝ ինչ է իրականում կատարվել սահմանին, ՀԱՊԿ-ն ինչպե՞ս պետք է իրեն դրսևորեր, առանց ինֆորմացված լինելու»։

Խոսելով Մարգարիտա Սիմոնյանի գրառման ու Հայաստանում դրա վերաբերյալ բարձրացված աղմուկի մասին՝ Անդրանիկ Միհրանյանը նշել է․ «Մարգարիտա Սիմոնյանը նոր բան չի ասել։ Ես հպարտ եմ, որ նա մեր հայրենակիցն է, ով մտնում է աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցանկում։ Բոլորի համար էլ ակնհայտ է, որ ՀՀ-ի այսօրվա իշխանությունը վարում է հակառուսական քաղաքականություն»։

Անդրանիկ Միհրանյանը նշում է, որ թե՛ Լավրովը, թե՛ Պուտինը մի քանի անգամ մեսիջներ են ուղարկել ՀՀ իշխանություններին․ «Դուզ խոսքը էշին են ասում», ինչպես հայտնի խոսքում են ասում։ Ձեզ մի քանի անգամ զգուշացրել են, եթե չեք հասկանում, դե ի՞նչ ասենք»։

Քաղաքագետի խոսքով՝ պատահական չէր նաև, որ Նիկոլ Փաշինյանը չմեկնեց Մոսկվա՝ մասնակցելու Կարմիր հրապարակում սպասվող միջոցառումներին՝ պատճառաբանելով՝ կորոնավիրուսով է պայմանավորված իր չմեկնելը․ «Ո՛չ, պարզապես Նիկոլ Փաշինյանին անուղղակի ձևով հասկացրել էին, որ քո ներկայությունը ՌԴ-ում ցանկալի չէ, քանի դեռ դու հակառուսական քաղաքականություն ես վարում»։

Անդրանիկ Միհրանյանը զգուշացնում է, որ Ռուսաստանում լուրջ մարդիկ են, որոնց հետ տուն-տունիկ չի կարելի խաղալ․ «Ռուսաստանում լուրջ քաղաքական գործիչներ են, որոնց մոտ չես հասցնում բերանդ բացել, նրանք արդեն գիտեն՝ քո ուղնուծուծը»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը