Հարցազրույց

22.07.2020 09:20


Հայաստանում գործող ռեժիմը իր անփութությամբ տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը․ Միհրան Հակոբյան (տեսանյութ)

Հայաստանում գործող ռեժիմը իր անփութությամբ տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը․ Միհրան Հակոբյան (տեսանյութ)

Փաստ է՝ Հայաստանում գործող իշխանական ռեժիմը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը՝ իր անփութությամբ երկիրը հասցնելով համաճարակային վիճակի։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանն՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ կառավարության իրականացրած քայլերին ու պարտադիր դիմակներ կրելու՝ Պարետատան որոշմանը։

Միհրան Հակոբյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ներկա ռեժիմը կորոնավիրուսի դեմ ոչինչ չի կարողանում անել, դրա համար էլ պարտադրում են մարդկանց դիմակներ կրել․ «Դիմակ կրելը թատերական շոու է, որով Փաշինյանը պատրանք է ստեղծում, թե իբր պայքարում են կորոնավիրուսի դեմ»։

Դիտարկմանը, որ միևնույն է, վարակակիրների թիվն ամեն օր աճում է, մահվան դեպքերը ևս, Միհրան Հակոբյանը նշել է․ «Նիկոլ Փաշինյանը, Պարետն ու Առողջապահության նախարարն այլ բան չունեն անելու կորոնավիրուսի դեմ։ Իրենց քայլերն են մարդկանց ստիպել դիմակ կրել, չկրողներին՝ բռնել տուգանել՝ ստեղծելով իմիտացիա, թե իբր գործ են անում»։

Հարցին՝ կա՞ հասարակության մոտ անտարբերություն կորոնավիրուսից մահերի կամ էլ վարակման թվերի նկատմամբ, Միհրան Հակոբյանը պատասխանել է․ «34 հազար վարակակիրներ, 890 մահ․ այս ամենը Նիկոլ Փաշինյանի ու իր ռեժիմի խղճին է։ Այս ռեժիմից ոչ մեկը չի պլստալու պատասխանատվությունից»։

Միհրան Հակոբյանի համոզմամբ՝ շատ շուտով այդ զոհերի հարազատները դատաստան են տեսնելու իշխանության հետ․ «Աշխարհում շատ քիչ երկրներ կան, որտեղ տվյալ երկրի իշխանությունը նման տհաս կերպով է պայքարել կորոնավիրուսի դեմ, ինչպես մեր երկրում են արել։ Թող լավ իմանան՝ ենթարկվելու են իրավական պատասխանատվության»։

Անդրադառնալով սահմանային լարվածությանը՝ Միհրան Հակոբյանն ասել է․ «Վերջին երկու տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը միակ խելացի բանը, որ արել է, դա հասկանալն է, որ ռազմական իրողություններն իր խելքի բանը չեն և հանգիստ է թողել բանակին։ Մեր բանակն էլ իր հերթին խաղաղություն պարտադրեց թշնամուն»։

Ըստ Միհրան Հակոբյանի՝ բանակը թերևս այն միակ տեղն է, որտեղ «քայլողները» չեն մտել, դրա համար էլ բանակը հաջողեց այս պատերազմում․«Փառք Աստծո, որ «քայլողները» չեն մտել բանակ։ Մենք տեսնում ենք, թե իրենք որ ոլորտներում են հայտնվել․ տապալել են բոլոր ոլորտները, որտեղ հայտնվել են»։

Միհրան Հակոբյանի համոզմամբ՝ Փաշինյանի ձեռքերը դեռ չեն հասել հայկական բանակին, և բանակը քանդելը հեշտ գործ չէ․ «Հուսանք՝ չեն էլ հասնի»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը