Աշխարհ

21.07.2020 21:25


Թուրքիայում սոցցանցերը վերահսկող օրենք նախագիծը ներկայացվել է Էրդողանին

Թուրքիայում սոցցանցերը վերահսկող օրենք նախագիծը ներկայացվել է Էրդողանին

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է ներկայացրել կուսակցության մշակած «սոցմեդիայի կանոնակարգմանմասին» օրենքի փաթեթի նախագիծը։

11 հոդվածից բաղկացած նախագիծն ուղարկվել է նաև ԱԶԿ-ի խորհրդարանական դաշնակաից «Ազգայնական շարժում» կուսակցությանը (MHP-ԱՇԿ)։ Նախագիծը 1 օր անց կուղարկվի նաև խորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններին։

Հաղորդվում է, որ նախագծով մի շարք կանոնակարգումներ է մտցվելու համացանցի թուրքական հատվածում ծառայություններ մատուցող սոցիալական ցանցերի գործունեության մեջ։ Ըստ այդմ՝ բոլոր այն սոցցանցերը, որոնք Թուրքիայի տարածքից կունենան օրական առնվազն 1 մլն այցելություն, պարտավոր են լինելու այդ երկրում մշտական ներկայացուցիչ տեղակայել։ Այս պարտավորությունը չկատարող սոցցանցերի հասանելիությունը Թուրքիայի տարածքում կսահմանափակվի սկզբում 50, ապա՝ 95 տոկոսով։

Այսուհետև ֆիզիկական անձինք ևս կարող են դիմել սոցցանցային ծառայություն մատուցողներին անթույլատրելի բովանդակության հեռացման կամ հասանելիության արգելքի պահանջով։ Ծառայություն մատուցողը պարտավոր է լինելու սահմանված ժամկետում դրական կամ բացասական պատասխան տալ դիմողներին։ Հակառակ դեպքում նրանց տուգանքներ են սպառնում։

Այն սոցիալական ցանցերը, որոնք սահմանված ժամերի ընթացքում չեն հեռացնի դատարանի կողմից հակաօրինական ճանաչված բովանդակությամբ հրապարակումները, ստիպված կլինեն փոխհատուցել դրանից բխող վնասները։

Ծառայություն մատուցող սոցցանցերը պարտավոր են լինելու նաև Թուրքիայի օգտատերերի տվյալները պահել այդ երկրի ներսում։ Սահմանված որևէ պահանջի չկատարման դեպքում սոցցանցերի հասանելիությունը կարող է երկրում մինչև 95 տոկոսով արգելափակվել։

Նշվում է, որ 1 շաբաթվա ընթացքում օրենքի փաթեթը կներկայացվի խորհրդարանի ղեկավարությանը։ Նախատեսվում է օրենքն ընդունել մինչև խորհրդարանի ամառային արձակուրդի մեկնելը։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը