Աշխարհ

21.07.2020 20:16


Եգիպտոսի խորհրդարանը թույլատրել է զորք մտցնել Լիբիա՝ ընդդեմ թուրքական միջամտության

Եգիպտոսի խորհրդարանը թույլատրել է զորք մտցնել Լիբիա՝ ընդդեմ թուրքական միջամտության

Եգիպտոսի խորհրդարանը նախագահ Աբդել Ֆեթթահ ալ-Սիսիին մանդատ է տվել զինված ուժերին ներգրավել ահաբեկչական խմբավորումների ու զինյալների դեմ պայքարի նպատակով անդրսահմանային հնարավոր ռազմական գործողություններում։

Նշվում է, որ խորհրդարանի կողմից ընդունված օրինագծում կոնկրետ նշված չէ, որ թույլտվությունը տրվում է Լիբիայում ռազմական գործողություններ սկսելու համար, սակայն վերջին շրջանում երկրի բարձրագույն ղեկավարությունը քննարկում է Լիբիայում հնարավոր ռազմական միջամտության հարցը։ Նախագահ Սիսին էլ անցյալ շաբաթ, ակնարկելով Թուրքիայի միջամտությունը հարևան Լիբիայում շարունակվող հակամարտությանը, ասել էր, որ իրենք միջոցներ են ձեռնարկելու Եգիպտոսի ու Լիբիայի կայունությունը խաթարող գործողությունների դեմ։

Եգիպտոսը, որը, ըստ թուրքական կողմի, համակրանք ունի Լիբիայում իշխանության համար պայքարող կողմերից մեկի՝ մարշալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակի» նկատմամբ, բազմիցս դեմ է արտահայտվել Թուրքիայի գործուն աջակցությանը հակամարտության մյուս կողմին՝ Ֆայեզ Սարաջի գլխավորած «Ազգային համաձայնության կառավարությանը»։

Կահիրեն մասնավորապես դատապարտել է Լիբիայի ճգնաժամին Թուրքիայի բացահայտ միջամտությունը, ինչի շրջանակներում Անկարան զենք-զինամթեք, ռազմական հրահանգիչներ, ինչպես նաև Սիրիայում իր կողմից հովանավորվող իսլամիստ ծայրահեղականներ է ուղարկել Տրիպոլի։

Հաղորդվում է նաև, որ սահմաններից դուրս օպերացիայի օրինագծի քվեարկությունից առաջ նախագահ ալ-Սիսին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ըստ հեռախոսազրույցի վերաբերյալ Սպիտակ տնից արած հայտարարության՝ նախագահները համակարծիք են եղել Լիբիայում ժամ առաջ զինադադար հաստատելու նպատակով ընթացող բանակցություններում առաջընթաց գրանցելու և տարածաշրջանի լարվածությունը թուլացնելու հարցում։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը