Աշխարհ

19.07.2020 10:14


Թուրքիան Սիրիայից գրոհայինների է պատրաստվում ուղարկել Ադրբեջան՝ Հայաստանի դեմ գործողություններում ադրբեջանական բանակին աջակցելու նպատակով. քրդական Firat լրատվական գործակալություն

Թուրքիան Սիրիայից գրոհայինների է պատրաստվում ուղարկել Ադրբեջան՝ Հայաստանի դեմ գործողություններում ադրբեջանական բանակին աջակցելու նպատակով. քրդական Firat լրատվական գործակալություն

Թուրքիան առաջիկա օրերին պատրաստվում է սիրիական ընդդիմության մաս կազմող Սիրիայի ազատ բանակի զինված խմբավորումների գրոհայինների ուղարկել Ադրբեջան՝ Հայաստանի դեմ ռազմական գործողություններում ադրբեջանական բանակին աջակցելու նպատակով, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է քրդական Firat լրատվական գործակալությունը:

Ըստ աղբյուրի տվյալների՝ այդ նպատակով սիրիական Ջենջերիս, Ռաջու և Աֆրին քաղաքներում վարձկանների հավաքագրման կետեր են բացվել: Գրոհայինների հետ 6 ամիս ժամկետով է պայմանագիր կնքվելու՝ երկարաձգելու հեռանկարով, իսկ վարձատրությունն ամսական կկազմի 3500 դոլար:

Թե որքան գրոհայիններ կգործուղվեն Ադրբեջան, այս պահին հայտնի չէ:

Այսպիսի տեղեկատվություն է հրապարակել նաև սիրիական Sham FM ռադիոկայանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ձեռնարկած հարձակումից հետո Թուրքիայի ղեկավարությունը՝ այդ թվում նախագահը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, հանդես են եկել մի շարք պաշտոնական հայտարարություններով՝ լիակատար աջակցություն հայտնելով Ադրբեջանի ձեռնարկած հարձակողական գործողություններին ու հանդես գալով ռազմական օգնություն ցուցաբերելու պատրաստակամությամբ

Այս խորագրի վերջին նյութերը