Լրահոս

06.04.2011 13:47


Դավիթ Շահնազարյան.«Եթե նույնիսկ որևէ հանդիպում լիներ իշխանությունների հետ՝ դա կլիներ նորմալ...»

Դավիթ Շահնազարյան.«Եթե նույնիսկ որևէ հանդիպում լիներ իշխանությունների հետ՝ դա կլիներ նորմալ...»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստանում տիրող իրավիճակին՝ ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն  այն անվանել է աննախադեպ: Ըստ  նրա՝ Հայաստանում սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակ է ստեղծվել և դրանից դուրս գալու միակ ելքը Հայաստանի ժողովուրդը տեսնում է քաղաքական հարթության մեջ և քաղաքական փոփոխությունների արդյունքում:

Նա հայտարարել է, թե  քաղբանտարկյալների առկայությունը էլ ավելի է սրում ներքաղաքական ճգնաժամը և որ նրանց ազատ արձակումը հնարավորություն կտա իշխանությունների հետ երկխոսություն սկսել։

Շահնազարյանի խոսքերով՝ մարտի 17-ի հանրահավաքում 15 պահանջներից առանձնացվել են երեքը, որոնցից մեկը մարտի 1–ի բացահայտումն է, սակայն մինչ օրս այդ ուղղությամբ ոչինչ չի արվել:

–Դա ապացուցում է, որ այդ ամենի կազմակերպիչը եղել է իշխանությունը։ Ես այդ դեպքերի չբացահայտումը գնահատում եմ որպես նրանց կողմից ինքնախոստովանություն, որ դա իրենք են կազմակերպել,–ընդգծել  է նա։

Պատասխանելով մարտի 17–ի հանրահավաքից հետո շրջանառվող լուրերին, թե իշխանության և ընդդիմության միջև գործարք է տեղի ունեցել՝ Դավիթ Շահնազարյանը ասել է, թե որևէ գործարք չի եղել։

–Իշխանության ներկայացուցիչների հետ եղել են շփումներ մի քանի տասնյակ մարդկանց աչքի առաջ, Ազատության հրապարակում, Մատենադարանի մոտ և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այլ կոնտակտներ չեն եղել։ Վերջնականապես պնդում եմ՝ որևէ գործարք չի եղել, որևէ հանդիպում չի եղել, թեև եթե նույնիսկ լինեին էլ, կրիմինալ բան չկա ու հասարակությունից բան չէինք թաքցնի: Եթե նույնիսկ լիներ, դա կլիներ նորմալ, բայց չկա,–ընդգծել է ՀԱԿ ներկայացուցիչը։

Այս խորագրի վերջին նյութերը