Աշխարհ

17.07.2020 11:18


«Մեր ռազմավարական ներդրողը Մեծ Բրիտանիան է». Ալիև

«Մեր ռազմավարական ներդրողը Մեծ Բրիտանիան է». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 16-ին երկրի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռավար հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան հանդիսանում է Ադրբեջանի ռազմավարական ներդրողը: Այս մասին գրում է ԱՊԱ գործակալությունը:

«Մեր ռազմավարական ներդրողը Մեծ Բրիտանիան է: Առաջ մենք այդ հարաբերությունները վերլուծում և դրանց նայում էինք նաև Եվրոպական միության պրիզմայով: Սակայն այսօր Մեծ Բրիտանիան այլևս Եվրամիության անդամ չէ, մեր փոխադարձ հետաքրքրությունը միմյանց նկատմամբ օրեցօր աճում է»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Ալիևի խոսքով` բրիտանական British Petroleum ընկերությունը հանդիսանում է Ադրբեջանի ռազմավարական գործընկերը:

«Անցյալ տարի մենք նշեցինք համագործակցության 25-ամյակը, և դեռ կհամագործակցենք ամենաքիչը 25-30 տարի: Իհարկե, դա դրական կերպով է ազդել երկկողմ հարաբերությունների վրա, բայց երկու կողմերի կարծիքն էլ այն է, որ մենք պետք է ավելի շատ աշխատենք ոչ նավթային ոլորտում: Այդ կապերն էլ մեզ համար շատ կարևոր են»,-ասել է Ալիևը:

«Մեր դիվանագիտությունը պետք է հարձակողական լինի, պետք է ամբողջովին ապահովել ազգային շահերը: Բայց հաճախ մենք հակառակն ենք տեսնում: Տեսնում ենք, որ որպես հիմք վերցվում է համաձայնելու սկզբունքը, ջանքեր են ներդրվում ազգային շահերը մի կողմ դնելով ինչ-որ մեկին դուր գալու ուղղությամբ: Ես բավականին տեղեկացված եմ այդ մասին: Այդ իսկ պատճառով, պահեք այս հարցերը տեսադաշտում»,-դիմել է Ալիևը նորանշանակ նախարարին:

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ իրենց երկրին հարկավոր են «պրոֆեսիոնալ դիվանագիտական կադրեր, որոնք ունենան ազգային ոգի, կապված լինեն ազգային արժեքների հետ և կարողանան պաշտպանել երկիրը»:

«Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության մեջ մեր առաջնահերթություններին, ապա դրանց մասին ես շատ եմ ասել հասարակությանը: Այսօր ևս մեկ անգամ ցանկանում եմ ասել: Դուք, որպես նոր նախարար, պետք է դա լսեք ինձնից, պետք է լսի նաև ադրբեջանական հասարակությունը: Հարևան երկրների հետ հարաբերությունները մեզ համար առաջնահերթություն են: Դրանք կառուցված են շատ առողջ հիմքի վրա: Կյանքն ու իրադարձությունների ընթացքը ցույց են տալիս, որ սա շատ ճիշտ քաղաքականություն է: Հարևան երկրների քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ նույնպես շատ դրական է: Մենք այդ հարաբերությունները կառուցել ենք բարեկամության և լավ հարևանության հիմքի վրա: Այդպիսով՝ ոչ մի հարևան երկրի հետ, բնականաբար բացառությամբ Հայաստանի, մենք ոչ մի խնդիր չունենք: Անցյալում եղած խնդիրները լուծվել են»,-ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ դժգոհություն է հայտնել երկրի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքից` նշելով, որ «որոշ դիվանագետներ դավաճանել են երկիրը»:

Օրերս էլ Ադրբեջանի նախագահը դժգոհություն էր հայտնել երկրի արդեն նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքի հետ կապված: Նա ընդգծել էր, որ նախարարը պետք է Հայաստանի հետ պայմանավորվեր Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, բայց, ցավոք, մինչ այժմ նպատակի չի հասել, քանի որ Հայաստանը դեռ չի կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը:

Ալիևը նշել էր, որ արտաքին գործերի նախարարը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին, երբ սկսվել են իրադարձությունները Ադրբեջանի և Հայաստանի սահմանին:

«Ի՞նչ էր անում արտգործնախարարը: Որտե՞ղ էր նա: Մենք գտնվում էինք աշխատավայրում հուլիսի 12-ի դեպքերից հետո: Վարչապետը՝ աշխատավայրում, ես մինչև առավոտ աշխատանքի էի: Պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը, ինչպես նաև Պետական անվտանգության ծառայության պետը, Ներքին գործերի նախարարը, Արտաքին հետախուզության ծառայության պետը և Անվտանգության խորհրդի քարտուղարն աշխատում էին մինչև առավոտ: Արտաքին գործերի նախարարին չկարողացա գտնել»,-նշել էր նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը