Լրահոս

06.04.2011 11:58


«Ալեքս Գրիգ» ընկերության հանդեպ հարուցվել է 7 վարչական վարույթ

Վերջին օրերին մամուլը մշտապես անդրադառնում է «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից անբարեխիղճ մրցակցության դրսևորման դեպքերին: Մամուլի հրապարկումների համար հիմք են հանդիսացել ուկրաինական լրատվամիջոցներում հրապարակված հոդվածները այն մասին, որ «Ալեքս Գրիգ» ընկերության արտադրած որոշ օղիներ շփոթության աստիճան նման են ուկրաինական գրեթե համանուն օղիներին:

Այս առնչությամբ, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հիշեցնում է, որ 2010 թվականին «Ալեքս Գրիգ» ընկերության հանդեպ հարուցվել է 7 վարչական վարույթ և կիրառվել է ընդհանուր առմամբ 3 միլիոն 500 հազար դրամ տուգանք՝այլ ընկերությանը պատկանող ապրանքային նշանին շփոթության աստիճան նման արտադրատեսակներ շուկա հանելու, այլ կերպ ասած՝ անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար:

Նշենք նաև, որ Հանձնաժողովի որոշմամբ, «Ալեքս Գրիգ» ընկերությանը հանձնարարվել է դադարեցնել և հետագայում ևս բացառել կեղծված ապրանքային նշանների օգտագործմամբ օղու իրացումը և հանել այդ ապրանքները  շրջանառությունից: Սակայն, ընկերության կողմից դատական կարգով բողոքարկվել են Հանձնաժողովի բոլոր 7 որոշումները և այս պահի դրությամբ դրանք գտնվում են դատարանի վարույթում:

Տեղեկացնենք նաև, որ ՀՀ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» գործող օրենքով անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար տուգանքի առավելագույն չափ է սահմանված 500 հազար դրամը:  Սակայն, նոր օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է զգալիորեն խստացնել անբարեխիղճ մրցակցության դրսևորման դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցները:

Հանձնաժողովը մշտապես հետևողական է նաև այս դաշտում առկա խնդիրների և իր կողմից կայացված որոշումների հանդեպ:

Այս խորագրի վերջին նյութերը