Աշխարհ

16.07.2020 13:23


«Ադրբեջանի՝ ներքին հանդիսատեսի համար նախատեսված ռազմական մանևրը ձախողվեց, սա նշանակում է՝ պետք է վերջ տալ». փորձագետները՝ BBC-ի հետ զրույցում

«Ադրբեջանի՝ ներքին հանդիսատեսի համար նախատեսված ռազմական մանևրը ձախողվեց, սա նշանակում է՝ պետք է վերջ տալ». փորձագետները՝ BBC-ի հետ զրույցում

Հեղինակավոր BBC լրատվամիջոցի ռուսական ծառայությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների վերսկսմանը՝ հիշեցնելով, որ Երևանն ու Բաքուն Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ արդեն երեք տասնամյակ կոնֆլիկտային իրավիճակում են գտնվում:

Աղբյուրը ներկայացնում է կատարվածի վերաբերյալ երկու կողմի պաշտոնական հայտարարություններն ու փոխադարձ մեղադրանքները, ՀՀ ԶՈՒ-ի կողմից իսրայելական արտադրության Elbit Hermes 900 անօդաչու թռչող սարքի խոցումը, Բաքվում Հայաստանի հետ պատերազմ պահանջողների զանգվածային ցույցերը:

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ի արձագանքին, ապա աղբյուրը նկատում է, որ կառույցը չի շտապում աջակցել Երևանին և հակասական ազդակներ է ուղարկում:

«Եթե ԼՂ-ում բախումների դեպքում ՀԱՊԿ-ն ունենում էր միջամտելուց խուսափելու համար ձևական առիթներ, ապա հիմա խոսքը Հայաստանի և Ադրբեջանի՝ միջազգային հանրության կողմից ճանաչված սահմանի մասին է: Երկուշաբթի կազմակերպության կայքում հայտնվեց տեղեկություն առ այն, որ իրավիճակի սրման հարցով արտահերթ նիստ կանցկացվի, սակայն շուտով տեղեկությունը հեռացվեց կայքից, նիստն էլ հետաձգվեց: Կազմակերպությունը կողմերին ռազմական գործողությունները դադարեցնելու կոչ արեց: Այս ամենը մի շարք հայ քաղաքական գործիչներին և քաղաքագետներին դրդում է քննարկել դաշինքին Հայաստանի անդամակցության նպատակահարմարությունը, ինչպես նաև Ռուսաստանի՝ որպես երկրի անվտանգության երաշխավորի դերը: Ռուսաստանը, ընդհանուր առմամբ, մնում է բախումներից դուրս, կողմերին կրակի դադարեցման կոչեր է անում և բանակցություններում միջնորդի դեր առաջարկում: Երևանի դաշնակցի չեզոքությունը կտրուկ հակադրվում է Թուրքիայի դիրքորոշմանը: Այդ երկրի ղեկավարությունն աներկբա աջակցում է «եղբայրական Ադրբեջանին», նույնիսկ սպառնում է Հայաստանին՝ չնայած որ Բաքուն և Անկարան պաշտոնապես ընդհանուր ռազմական դաշինքի մաս չեն կազմում»,-գրում է BBC-ն:

Հաջորդիվ աղբյուրը ներկայացնում է հարցին քաջատեղյակ քաղաքագետների կարծիքն այն մասին, թե ինչու է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրում եղել, ով է նախահարձակ կողմը և դեպքերի հետագա զարգացման որ սցենարներն են առավել հավանական:

ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ, քաղաքագետ Վլադիմիր Նովիկովը նշել է, որ արտաքին պատճառներից բացի կան նաև ներքաղաքական ադրբեջանական պատճառներ, որոնք կարող էին Իլհամ Ալիևին և նրա աջակիցներին գործողությունների դրդել:

«Երկրում վատ համաճարակաբանական իրավիճակ է, զանգվածային դժգոհությունն աճում է, «կորոնաճգնաժամի» հետևանքները շատ ուժեղ հարված են հասցնելու Ադրբեջանին: Ուստի՝ դժգոհ քաղաքացիների ուշադրությունն այլ օբյեկտի վրա շեղելու անհրաժեշտություն է առաջանում: Միանգամայն ակնհայտ է, որ այդ օբյեկտի դերը ստանձնում է ԼՂ-ի շուրջ չդադարող հակամարտությանը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք տեսնում ենք մի քանի գործընթաց. նախևառաջ Հայաստանը «կորոնաճգնաժամից» ամենաշատ տուժած երկիրն է տարածաշրջանում, և երկրորդ՝ ներքաղաքական վիճակը, իշխանության և ընդդիմության պայքարի հերթական փուլը: Եվ, հավանաբար, Բաքվում որոշել են, որ այս պահին կարելի է իրականացնել թեթև հաղթական ռազմական մանևվր՝ նախատեսված ներքին հանդիսատեսի համար»,-ասել է Նավիկովը:

Նա ենթադրում է, որ ռազմական գործողությունները, այնուամենայնիվ, առաջինը սկսել է Ադրբեջանը՝ ցանկանալով օգտվել Հայաստանում տիրող ներքաղաքական ճգնաժամային իրավիճակից:

«Այնուհանդերձ՝ Ադրբեջանը հաշվի չի առել այն փաստը, որ արտաքին սպառնալիքը կհամախմբի հասարակությանը»,-նշել է քաղաքագետը:

Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը գտնում է, որ կատարվածում որևէ պատահական բան չկա, հրադադարի խախտումը քաղաքական որոշում է: Միևնույն ժամանակ նա նշում է, որ այն, ինչ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին, (դեռևս) ապրիլյան պատերազմի կրկնություն չէ:

«Թեև հստակ չէ՝ ով է առաջինը սկսել ռազմական գործողությունները, այնուհանդերձ՝ Ադրբեջանն ավելի շահագրգիռ է, քանի որ սիրում է աշխարհին հիշեցնել տարածաշրջանում «աննորմալ իրավիճակի» մասին և դժգոհ է 2018թ. ի վեր քաղաքական առաջընթացի բացակայությունից. Ալիևն այդ մասին բացեիբաց հայտարարեց հուլիսի յոթին»,-նշել է Դե Վաալը:

Մինչդեռ Caucasus Survey-ի խմբագիր, Chatham House-ի վերլուծաբան Լոուրենս Բրոերսը կարևոր է համարում այն փաստը, որ երկու կողմն էլ նահանջի տեղ չի տեսնում՝ չնայած որ խոշոր հարձակողական գործողության ապացույց չկա:

«Սա վկայում է պատերազմի պատրաստության շատ բարձր մակարդակի, ինչպես նաև խաղաղասիրական ռազմավարությունները զարգացնելու հնարավորությունը բաց թողնելու մասին»,-նշել է փորձագետը:

Ինչ վերաբերում է դեպքերի հետագա զարգացմանը, ապա, Նովիկովի կարծիքով, թե՛ Երևանի, թե՛ Բաքվի պարագայում ռացիոնալ շահն այս ամենին հնարավորինս արագ վերջ տալն է:

«Արդյունքը ցույց տվեց, որ հանրության սպառման համար նախատեսված այսպիսի փոքր «գեղեցիկ» ռազմական պահը ձախողվեց, ինչը նշանակում է, որ պետք է վերջ տալ: Սակայն հիմա հարց է առաջանում՝ արդյո՞ք Բաքուն կարող է հանրային կարծիքի գերին դառնալ: Այո՛, անկասկած: Եվ դրա նախանշաններն են Բաքվի ցույցերը, Թուրքիայի հայտարարությունները և այլն. այս ամենը խոսում է այն մասին, որ մեծ պատերազմի առաջացման վտանգ կա: Սակայն «բայց»-երի շարանը ևս մեծ է. մի բան է հռետորաբանությունը, մեկ այլ բան է՝ արդյոք մարդիկ հիմա ցանկանում են անցում կատարել ռազմական դրությանը»,-նշել է Նովիկովը:

Նա նաև ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը չափազանց տհաճ է Մոսկվայի համար, քանի որ այն ի ցույց է դնում ՀԱՊԿ-ի ներսում առկա ճգնաժամը:

«Գործողությունները կատարվում են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, և մենք արդեն հայկական հասարակություն մեջ լսում ենք քննարկումներ առ այն, որ ՀԱՊԿ-ը չի աշխատում, մեռած կառույց է»,-նկատել է ռուս փորձագետը:

Մինչդեռ Թոմաս դե Վաալի կարծիքով՝ երկու երկրների հետ ամուր հարաբերություններ ունեցող Ռուսաստանը կփորձի կրակի դադարեցման վերաբերյալ նոր համաձայնագրի կնքման հասնել, սակայն թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում հակառուսական տրամադրություններ են, Մոսկվայի դիրքերը թուլանում են:

«Բաքուն բողոքում է, որ Մոսկվան Երևանի ռազմական հովանավորն է, իսկ Երևանը բողոքում է, որ Մոսկվան չի աջակցում իր դաշնակցին: Թուրքիան միանգամայն աջակցում է Ադրբեջանին, սակայն մի կողմ է դրել միջնորդ լինելու հավակնությունները: Իրանը մի կողմ է քաշվել ու ցանկանում է երկու երկրի հետ էլ լավ հարաբերություններ ունենալ. մի՛ հավատացեք նրանց, ովքեր ասում են, թե Իրանն ինչ-որ կերպ ներգրավված է: ԱՄՆ-ն, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, կրկին որևէ կերպ իրեն չի դրսևորում: Մի օր Հայաստանն ու Ադրբեջանը ստիպված կլինեն ցավագին փոխզիջումների գնալ, հաշտվել ու կրկին հարևանների պես ապրել: Նոր բախումները միայն արյուն են թափում, ցավ են բերում, սնում են պատրանքները, թունավորում են քաղաքականությունն ու հաշտեցման օրն ավելի հեռացնում»,-կարծիք է հայտնել Դե Վաալը:

Լոուրենս Բոերսի կարծիքով՝ ստեղծված իրավիճակն ինչ-որ առումով փորձություն է Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի համար՝ տարածաշրջանում զսպման ապահովման առումով:

«Լոկալ բախումների դեպքում Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը կարող են բավարարվել նվազագույն գործողություններով, սակայն ավելի լայնամասշտաբ գործողությունների պարագայում նրանց պարտավորությունների կատարման հարցը շատ սուր կդրվի»,-եզրափակել է փորձագետը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը