Հարցազրույց

05.04.2011 17:59


Շուշան Պետրոսյան.

Շուշան Պետրոսյան.

Հարցազրույց երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ

–Ապրիլի 3–ին Մոսկվայում տեղի ունեցած «Տաշիր–2011» մրցանակաբաշխության ժամանակ Սամվել Կարապետյանը հայաստանյան շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչների բնակարաններ և մեքենաներ նվիրեց։ Դուք նույնպես բնակարան ստացաք։ Այդ համերգից հետո, սակայն, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծված  նախաձեռնության հեղինակներն ու անդամները, ինչպես նաև որոշ հասարակական կազմակերպություններ կոչ արեցին նվեր ստացած ձեր այդ բնակարանները նվիրել անտուններին՝ այդ բնակարանների կարիքն իսկապես ունեցողներին։ Ըստ ձեզ, ի՞նչպես պետք է արձագանքեք այդ կոչին։

–Դա ի՞նչ անկիրթ բան է, ո՞վ իրավունք ունի այդպիսի բան ասելու։ Դա ի՛մ հարցն է, ի՛մ խնդիրն է։ Ո՞վ իրավունք ունի ինձ ինչ–որ բան հրամայի։

–Կո՛չ են անում, չեն հրամայում։

–Չէ, նաև հրամայելու տարրեր կային։ Ես երեկ ողջ օրը շատ լուրջ հետևել եմ այդ ամբողջ քննարկումներին։ Դա անկրթություն է ուղղակի, որովհետև կարելի էր պարզապես շնորհավորել և ասել, որ ինչ լավ կլիներ, եթե այդպես լիներ, ոչ թե...դա ի՞նչ ձև է խոսելու, դա ի՞նչ տոն է։ Եվ, առհասարակ, ովքեր որ խոսում են, ի՞նչ են արել այս երկրի համար։ Ի՞նչ իրավունք ունեն առանց իմանալու, թե որևէ արտիստ ի՞նչ վիճակում է ապրում, ի՞նչ խնդիրներ ունի, ո՞նց կարելի է այդպիսի պահանջներ ներկայացնել։ Դա ի՞նչ անկիրթ բան է, դա ի՞նչ չարություն է։

–Չեք կարծում, որ բնակարաններ ստացածների թվում կային այնպիսի մարդիկ, ովքեր իրոք դրա կարիքն ուղղակի չունեին, այդ թվում նաև Քսենյա Սոբչակը։

–Նախ ես այդ ամենի մասին իմացել եմ հարցազրույցից։ Ինձ համար իմ աշխատանքն է կարևոր, և ես նույնիսկ զարմացա, որ արժանացա այդ ամենին, որովհետև եթե առհասարակ հետևում եք իմ ճանապարհին, ես առանձնապես այդպիսի բաների չեմ արժանանում։ Ուրեմն կարելի է չէ՞ չընդհանրացնել արտիստներին։ Այնտեղ կային մարդիկ, ովքեր իսկապես դրա կարիքն ունեին և կան շա՜տ–շատ մարդիկ, ովքեր չեն մասնակցել այդ համերգին և, իսկապես, իրենց աշխատանքով վայելել են ժողովրդի սերը և ունեն դրա կարիքը։ Դա այլ հարց է։ Բայց դուք ի՞նչ գիտեք՝ արտիստն ինչ օրով է ապրում։

–Այսինքն պետք է մրցանակաբաշխության կազմակերպիչների՞ն դիմեին այդ կոչով։

–Ինչպե՞ս կարելի է ինձ՝ նվեր ստացողիս, մեղադրել կամ ի՞նչ է նշանակում ինձ ցուցումներ տալ, թե ես ի՞նչ անեմ իմ նվերի հետ։

–Կարծո՞ւմ եք, որ կազմակերպիչները պետք է գոնե սրանից հետո օգնեն կարիքավորներին։

–Սրանից հետո չէ, առհասարակ բարեգործություն պետք է միշտ արվի։ Իմ ընկերների հետ մենք դա անում ենք և անում ենք դա անձայն և միշտ։ Դրա համար ես չեմ հասկանում, երբ ինչ–որ մի «չուշկա» կարող է իրեն թույլ տալ ամբողջ կայքով գրել՝ ողորմություն խնդրելու համար ձեռքերը պարզած մեր ողորմելի երգիչ երգչուհիներ։ Դա ո՞վ է, ամո՛թ իրեն։

–Բայց նաև բնակա՞ն չեք համարում առաջացած վրդովմունքը, քանի որ իրոք սոցիալական ծանր վիճակում է հասարակությունը, իրոք կան կարիքավոր  ընտանիքներ։

–Մենք էլ այդ ժողովրդի մասնիկներից մեկն ենք։ Իսկ շատ շատերն այդ ժողովրդից, ովքեր որ տուն չունեն՝ չունեն, որովհետև կազինոներում են խաղացել, ծախսել իրենց ունեցվածքը, վաճառել են տները։ Շատ շատերն այդպիսին են։ Ինչ վերաբերում է աղետի գոտուն, իմ խիղճը հանգիստ է Աստծո առաջ, ես երգել եմ շա՜տ–շատ և երգում եմ մինչև այսօր, երգում եմ ուղղակի, որպեսզի այդ մարդիկ անմասն չմնան մշակույթից։ Արտիստներս այս ժողովրդի մի մասն ենք և ապրում ենք այսօրվա լավ ու վատ հանապազօրյա հացի ձեռք բերման խնդրով։ Ախր ո՞նց կարելի է մի քանիսին մեզ հետ համեմատել և բոլորիս նույն երամի մեջ մտցնել։ Ո՞նց կարելի է։

–Խնդիրը ոչ թե նույն երամի մեջ մտցնելն է, այլ այն, որ այնտեղ կային մարդիկ, ովքեր այդ բնակարանի կարիքն իսկապես չունեին։ Համաձայն չե՞ք։

–Բայց ես այդ մարդկանց հետ նույն հարթակում աշխատում եմ։ Իհարկե՛ համաձայն եմ, բայց դա ինչո՞ւ պետք է բարձրաձայնեմ։ Ասենք, թե ասում եմ՝ համաձա՛յն եմ, դուք ձեր հոդվածը գրում եք, պայթյունավտանգ նյութը եղավ, բայց մյուս օրը ես այդ մարդու հետ հարթակ եմ դուրս գալու։ Դուք չե՞ք մտածում ես ո՞նց պետք է շարունակեմ իմ գործունեությունը։

–Ի դեպ, շատերի մոտ վրդովմունք էր առաջացրել նաև «Տաշիր–2011»–ի ցուցամոլությունը, ճոխությունը, ներկայացնելը, որ մենք ընդհանրապես խնդիր չունենք։

–Դա չար հայացքի տպավորություն է։ Դա նորմալ է, այդպես պետք է լինի մի՛շտ։ Հայ արտիստը իսկապես պետք  է լավ վերաբերմունք ունենա, միշտ վերաբերմունքի արժանա։ Եվ սա շատ լավ կազմակերպված էր, արտիստների նկատմամբ մեծագույն հարգանք կար՝ սկսած օդակայանից, մինչև հյուրանոց։ Սա տարրական բան է, որին արտիստներից բոլորն արժանի են։ Հիմա ե՛ս գնացի այս անգամ, տա՛ Աստված, մյուս անգամ էլ մյուսները կգնան, վստահ եղեք, որ նույն հարգանքին կարժանանան։ Իսկ ինչո՞ւ պետք է չգնան։ Այ եթե այդ մասին խոսվի, թե ինչո՞ւ այս ինչը չկար, որ ավելի արժանի էր, այլ ոչ թե բնակարանների...

–Ինչո՞ւ չկային արժանիները։

–Դա ես չեմ կարող ասել։ Դիմեք կազմակերպիչներին։ Ինձ հրավիրել են, ես գնացել եմ, բացել եմ միջոցառումը, ազնվորեն իմ գործն արել եմ, առաջինը երգել եմ և կարծում եմ, որ արժանի եմ մի քիչ, իսկ մնացածների մասին ինձ պետք չէ ասել։ Իսկ որ ընդհանրացնում են, ինձ համար ցավալի է։ Դո՛ւք պետք է ասեք՝ ո՞ւր է այս մարդը, ոնց կարող էր Արսեն Գրիգորյանը(Մրո) չլիներ այնտեղ և լիներ ինչ–որ տղա, որին ես առաջին անգամ էի տեսնում, ի՞նչ էր կոչվում նոմինացիան...«Տարվա առաջընթաց»։ Հասկանում եք, ես երգել եմ, հետո գնացել եմ, հետո երկրորդ բաժնում եկել եմ, 6–րդ համարում երգել եմ Նունե Եսայանի հետ, հետո գնացել եմ։ Բաներ կան, որ ես նույնիսկ երեկ «Ֆեյսբուք»–ից եմ իմացել, թե ովքեր են ինչ շահել։ Ինձ իմ աշխատանքն է հետաքրքիր։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը