Աշխարհ

12.07.2020 12:21


Թել Ավիվում անցկացվել է բողոքի ցույց կորոնավիրուսից առավել տուժած ոլորտների աշխատողների կողմից

Թել Ավիվում անցկացվել է բողոքի ցույց կորոնավիրուսից առավել տուժած ոլորտների աշխատողների կողմից

Շաբաթ երեկոյան՝ հուլիսի 11-ին, Թել Ավիվում անցկացվել է բողոքի ցույց, որին մասնակցել է շուրջ 10 000 ինքնազբաղված եւ վարձու աշխատող քաղաքացի, որոնց ոլորտներն առավելապես են տուժել կորոնավիրուսի ճգնաժամի հետեւանքով՝ զբոսաշրջություն, մշակույթ, ռեստորանային եւ ժամանցային բիզնես, ինչպես նաեւ տեղական ձեռնարկություններ, հաղորդում է «Վեստի» իսրայելական գործակալությունը։

Ցույցի կազմակերպիչները հայտարարել էին, որ ակցիայի գլխավոր նպատակը «իսրայելական հասարակության լայն շերտեի անօգնականությունն ու տառապանքն արտահայտելն է»։

Ամբողջ երկրում շուրջ 1000 բիզնես սատարել է հանրահավաքն ու ի նշան համերաշխության՝ փակել իրենց ձեռնարկությունը 20:00-ին՝ ցույցի մեկնարկին ընդառաջ։

Կազմակերպչական կոմիտեում նշել են, ակցիան կրում է բացառապես ժողովրդական բնույթ եւ կոչ արել քաղաքական գործիչներին չժամանել եւ ելույթ չունենալ․ «Նրանք բավականաչափ ժամանակ ունեին մեզ օգնելու համար»։

Հանրահավաքի ժամանակ կարգուկանոնն ու անվտանգությունն ապահովել են հարյուրավոր ոստիկաններ։ Իրավապահները հետեւել են նաեւ առողջապահության նախարարության խորհուրդներին՝ դիմակի առկայությանն ու սոցիալական հեռավորությանը։

Ընդդիմության ղեկավար Յաիր Լապիդը հայտարարել է նախքան հանրահավաքը․ «Դա իրականությունից կտրված կառավարություն է։ Նայե՛ք հրապարակին, խաչմերուկներին, կամուրջներին։ Ժողովուրդն ասել է իր խոսքը։ Դուք (կառավարությունը) ձախողվել էք։ Ժողովուրդն արժանի է կառավարությանը, որը կաշխատի ժողովրդի համար»։

Այլընտրանքային վարչապետ Բենի Հանցը եւս մեկնաբանել է ակցիան․ «Քաղաքացիները դուրս են գալիս փողոց իրենց աղետալի դրությունը բարձրաձայնելու համար։ Նրանց գործողություններն արդար են։ Մարդիկ իրավունք ունեն բողոքել կառավարության անդամների դեմ, որը կրում է պատասխանատվություն։ Մենք պետք է լսենք ժողովրդին եւ գտնենք խնդիրների լուծումը»։

Բեմից բոլոր ելույթ ունեցողները միաձայն հայտարարել են, որ կորցրել են կառավարության եւ դրա անդամների խոստումների նկատմամբ վստահությունը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը