Աշխարհ

10.07.2020 11:16


«Նա և իր կինը միշտ մեր կողմից են լինելու»․ Թրամփը հավանություն է տվել Քանյե Ուեսթի՝ նախագահ դառնալու ցանկությանը, սակայն հայտնել է, որ ռեփերն ի վերջո իրեն է աջակցելու

«Նա և իր կինը միշտ մեր կողմից են լինելու»․ Թրամփը հավանություն է տվել Քանյե Ուեսթի՝ նախագահ դառնալու ցանկությանը, սակայն հայտնել է, որ ռեփերն ի վերջո իրեն է աջակցելու

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել ամերիկյան ռեփեր Քանյե Ուեսթի՝ նախագահական ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու որոշմանը, սակայն ենթադրում է, որ ի վերջո երգիչը հանրապետականների կողմից հանդես կգա: Թրամփն այս մասին հայտարարել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում։

«Ինձ դուր է գալիս, որ իր ձայնը լսելի է լինելու, սակայն նա և իր կինը միշտ մեր կողմից են լինելու»,-ընդգծել է Թրամփը՝ մեկնաբանելով Քանյե Ուեսթի՝ նախագահական ընտրություններին մասնակցելու ծրագրերը։

«Նա շատ լավ տղա է։ Հրաշալի հարաբերությունների մեջ ենք։ Կարծում եմ՝ ի վերջո նա մեզ է աջակցելու»,-հավելել է ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Ուեսթը թվիթերյան իր օգտահաշվում հայտնել էր, որ պատրաստվում է նախագահական ընտրություններին մասնակցել, իսկ ավելի ուշ հեղինակավոր Forbes ամսագրին տված հարցազրույցում հայտնել էր, որ այլևս չի աջակցում ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին և նախագահական ընտրություններին մասնակցում է միայն հաղթելու նպատակով։

Մինչդեռ նախկինում Ուեսթը հայտարարել էր, որ աջակցում է Թրամփին: Համացանցում տարածվել էին լուսանկարներ, որոնցում ռեփերը կրում է Թրամփի նախընտրական քարոզարշավի խորհրդանշական կարմիր գլխարկը:

«Այս հարցազրույցով հանում եմ կարմիր գլխարկս»,-նշել է Ուեսթը։

«Ինչպես կյանքումս ցանկացած բան, սա էլ անում եմ հաղթելու համար»,-ընդգծել է Ուեսթը և մանրամասնել, որ պատրաստվում է նախագահել կա՛մ որպես հանրապետական կա՛մ որպես անկախ գործիչ։

Ուեսթը հայտնել է նաև, որ հանդես է գալու նոր «Ծննդյան Խնջույք» կարգախոսով, և պարզաբանել այն՝ նշելով, որ «իր հաղթանակը բոլորի համար ծնունդ կդառնա»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը