Հարցազրույց

08.07.2020 16:10


Այս իշխանությունը մի ոտքով արդեն անցյալում է. Սպարտակ Սեյրանյան (տեսանյութ)

Այս իշխանությունը մի ոտքով արդեն անցյալում է. Սպարտակ Սեյրանյան (տեսանյութ)

Իշխանությունն իր հիմնական շեշտադրումը կատարում է ոչ թե իր արածի կամ անելիքների, այլ նախորդ շրջանի իրական կամ մտացածին ձախողումների վրա, և այդ համեմատության մեջ փորձում է ցույց տալ թե՛ իր ձեռքբերումները, թե՛ սեփական տապալումների պատճառը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը:

«Անցյալի ու ներկայի համեմատության մեջ որոշել՝ ո՞րն էր լավը, ո՞րը՝ վատը, անպտուղ գործ է, այդպես ապագան չի կերտվում: Թող իշխանությունը համեմատի սեփական գործունեության շրջանները, խոստումները՝ մեկ տարի առա՞ջ էր լավ, թե՞ հիմա: Իշխանության ասածն ու արածն իրար հակասում են, կա խզում: Ապագայի դիսկուրս բացելու համար անցյալին գնահատական տալը բավարար չէ»,-ասել է քաղաքական գործիչը:

Ըստ Սեյրանյանի՝ անցյալի գնահատականն իմաստ ունի միայն մի դեպքում, երբ այն համապարփակ է և ամբողջական, վերհանված են ոչ միայն բոլոր թերությունները, այլև ձեռքբերումները. «Պետք է պատրաստ լինել խոստովանելու, որ ներկայիս ձախողման պատճառը ոչ թե անցյալի սխալներն են, այլ ծրագրի բացակայությունը: Այդ ինչպե՞ս է լինում, որ չորս տարի շարունակ պնդում էին՝ Ապրիլյան պատերազմը պարտություն էր, և գործող իշխանությունը պարզում է, որ այն հաղթանակ էր: 2018-ին իրական դժգոհություններին գումարվեցին կեղծ, առասպելական դրվագներ, և առաջացավ հանրային ինքնադրսևորում՝ մերժել մեկ անձի»:

ՀՅԴ Բյուրոյի անդամի կարծիքով՝ մերժելուց հետո գործելը շատ ավելի կարևոր է, մինչդեռ 2018-ին կար կարգախոս՝ մերժել, չկար բովանդակություն՝ ի՞նչ անել հետո. «Այսօր ձևավորվում է ներկա իշխանությանը մերժելու տրամադրություն, քանի որ նրանք ձախողել են այն ամենը, ինչ հնարավոր էր: Բայց ի՞նչ է լինելու դրանից հետո: 2018-ին կար մերժման և ոչ թե կառուցման առաջնորդ: Այսօր խոսել Փաշինյանի մասին, նրա հետ կամ նրա դեմ՝ անիմաստ է: Այս իշխանությունն արդեն մի ոտքով անցյալում է: Իշխանությունը չգիտի՝ իր հաջորդ քայլը որն է լինելու, չկա ծրագիր, տեսլական, թե ինչպիսի Հայաստան են կառուցում»:

Սպարտակ Սեյրանյանի պնդմամբ՝ ապագայի կերտման քաղաքական օրակարգը դեռևս չկա, և այդ դեպքում դարձյալ ամեն ինչ հանգելու է մեկ անձի իշխանության փոփոխման. «Պետք է բանավեճ լինի, թե ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել: Հայաստանի փրկությունը ոչ թե անձերի, այլ իշխանության որակի փոփոխության մեջ է, ինչը կարող է լինել միայն ընտրությունների միջոցով: «Մերժիր Նիկոլին» բանաձևը կփրկի մեզ անկումից, բայց դա երկրի զարգացման ծրագիր չէ: Ամեն դեպքում, եթե վաղը հումանիտար աղետ սկսվի, պետք է մտածել նախ ժողովրդի փրկության և ապա՝ զարգացման ծրագրերի մասին»:

ՀՅԴ Բյուրոյի անդամի պնդմամբ՝ ցավալի կլիներ, որ Հայաստանի հաջորդ իշխանությունը կոչվեր Հայաստանի փրկության կառավարություն: «Արտակարգ դրության երկարաձգման պատճառը ոչ թե կորոնավիրուսի դեմ պայքարն է, այլ մարդկանց ազատ կամքի դրսևորման սահմանափակման մղումը, մյուս կողմից՝ հնարավորինս շատ քաղաքացիների տուգանելու ցանկությունը: Երբ արտակարգ դրությունն ավարտվի, մարդիկ փողոց են դուրս գալու»,- ամփոփել է ՀՅԴ Բյուրոյի անդամը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը