Աշխարհ

08.07.2020 21:10


Թուրքիայում TikTok-ի համար տեսանյութ նկարելը պատանու համար կյանք է արժեցել

Թուրքիայում TikTok-ի համար տեսանյութ նկարելը պատանու համար կյանք է արժեցել

Թուրքիայում Աֆյոնքարահիսար նահանգում TikTok սոցիալական ցանցի համար տեսանյութ նկարահանելիս 17-ամյա պատանին խեղդվել է տարածքում գործող քարհանքի՝ ջրով լցված փոսերից մեկում։

Նշվում է, որ Օզուղհան Բայլան անունով տղան երեկոյան ժամերին տեսանյութը նկարահանելիս մտել է ջրով լցված փոսը, ապա, չկարողանալով դուրս գալ փոսից՝ խեղդվել է։

Դեպքի մասին փրկարարներին ու տղայի ընտանիքին հայտնել է նրա ընկերը, որը միջադեպի ժամանակ նրա հետ է եղել։ Դեպքի վայր ժամանած ջրափրկարարները կարողացել են դուրս բերել երիտասարդի մարմինը։

Նշենք, որ ՏիկՏոկ սոցիալական ցանցը ներկայում արգելված է որոշ երկրներում։ Թուրքիայի Անձնական տվյալների պահպանության կազմակերպությունը ևս օրեր առաջ հետաքննություն է սկսել սոցցանցի դեմ։

ՏիկՏոկը (TikTok), սոցիալական ցանց է, որը թույլ է տալիս ստեղծել կարճ երաժշտական տեսահոլովակներ, ուղիղ եթերներ և հաղորդագրություններ փոխանակել։ Չինաստանում հայտնի է «Douyin» անվամբ։

Թողարկվել է 2016 թվականի սեպտեմբերին, ներկայումս Չինաստանում կարճ տեսանյութերի համար առաջատար տեսահարթակն է, այժմ էլ ավելի է տարածվում այլ երկրներում՝ դառնալով ամենաարագ աճող և ներբեռնվող հավելվածներից մեկը։ Ներկա պահին հավելվածն ունի ավելի քան 500 միլիոն օգտատեր շուրջ 150 երկրներից։ Սոցցանցի թիրախային ու հիմնական լսարանը դպրոցականներն ու պատանիներն են։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը