Տնտեսական

08.07.2020 13:30


Վերջին 1 տարում մրգերի գներն աճել են 14.2 %-ով, բանջարեղենինը՝ 4.6 %-ով․ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 31.8 և 33.0 %-ով․ վիճակագրական կոմիտե

Վերջին 1 տարում մրգերի գներն աճել են 14.2 %-ով, բանջարեղենինը՝ 4.6 %-ով․ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 31.8 և 33.0 %-ով․ վիճակագրական կոմիտե

ՀՀ սպառողական շուկայում 2020 թ․ առաջին կիսամյակում՝ 2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է 0․5 % գնաճ, իսկ վերջին մեկ տարվա կտրվածքով՝ 2020 թ. հունիսին` 2019 թ. հունիսի համեմատ, ապրանքների գները միջինում աճել են 1.7 %-ով։ Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2020 թ. հունվար-հունիսին» հրապարակումից։

Առավել շատ գնաճ է արձանագրվել սննդամթերքի շուկայում․ 2020 թ. հունիսին 2019 թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.0 % գնաճ։

Բանջարեղենի ապրանքախմբում 2020թ. հունիսին` 2019 թ. հունիսի համեմատ, արձանագրվել է 4.6 %, մրգի ապրանքախմբում ՝ 14.2 % գնաճ։

Ստորև ներկայացված են վերջին մեկ տարվա՝ 2019 թ․ հունիսի նկատմամբ 2020 թ․ հունիսին առավել շատ գնաճ գրանցած առանձին մրգերն ու բանջարեղենները.

Մրգեր - խնձոր՝ 84․8 % աճ, նարինջը՝ 34․3 %, կիտրոն՝ 40․1 %, ելակը՝ 39․2 %

Բանջարեղեն – խառը կանաչեղեն՝ 19․5 % աճ, լոլիկը` 37․2 %, սմբուկը՝ 41․7 %, կանաչ լոբի՝ 26․9 %:

2020 թ. հունիսին` 2019 թ. հունիսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների՝ համապատասխանաբար 12.0 % և 8.8 %, իսկ 2020 թ. մայիսի համեմատ՝ 0.3 % և 0.4 % գնաճ:

Շաքարավազի գինը շարունակում է նվազել․ վերջին մեկ տարում շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 5.3 %, իսկ 2020 թ. մայիսի համեմատ՝ 0.9 % գնանկում: Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2020 թ. հունիսին 2019 թ. հունիսի համեմատ ևս գնանկում է արձանագրվել՝ 3.5 %: Ձվի գինը նույն ժամանակահատվածում նվազել է 19.2 %-ով։

Էական գնանկում է գրանցվել նաև վառելիքի շուկայում, մասնավորապես, 2020 թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 31.8 % և 33.0 %-ով, իսկ 2019 թ. դեկտեմբերի համեմատ՝ 28.8 և 27.8 %-ով։

Այս խորագրի վերջին նյութերը