Աշխարհ

08.07.2020 11:19


Բրազիլիայի մամուլի ասոցիացիան դատի կտա Բոլսոնարուին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրանց կորոնավիրուսով վարակվելու վտանգի տակ դնելու համար

Բրազիլիայի մամուլի ասոցիացիան դատի կտա Բոլսոնարուին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրանց կորոնավիրուսով վարակվելու վտանգի տակ դնելու համար

Բրազիլիայի մամուլի ասոցիացիան մտադիր է դատի տալ երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրանց կորոնավիրուսով վարակվելու վտանգի տակ դնելու համար, հաղորդվում է Abi կայքում:

Բոլսոնարուն երեքշաբթի հայտնել է, որ նրա կորոնավիրուս ախտորոշող թեստը դրական արդյունք է ցույց տվել։ Նախագահն անձամբ դուրս է եկել լրագրողների մոտ, որպեսզի նրանց տեղեկացնի իր ինքնազգացողության և COVID-19-ի թեստի արդյունքների մասին: Բոլսոնարուն, ինչպես և իրեն շրջապատած լրագրողները, դիմակ է դրել, սակայն սոցիալական հեռավորություն չի պահպանել։ Շփման վերջում քաղաքական գործիչը լրագրողներից մի քանի մետր հեռացել է և դեմքից հանել դիմակը, որպեսզի ցույց տա, որ իրեն լավ է զգում:

«Չնայած այն փաստին, որ նա գիտեր, որ վարակված է կորոնավիրուսով, նախագահ Ժաիր Բոլսոնարուն շարունակել է ռիսկի ենթարկել այլ մարդկանց կյանքը»,-ասված է ասոցիացիայի ղեկավարի հայտարարության մեջ:

Բոլսոնարուն «խախտել է բժիշկների կողմից սահմանված մեկուսացման ռեժիմը», ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հրավիրել է «անձամբ իր վարակվածության մասին նրանց տեղեկացնելու», նշվում է հայտարարության մեջ: Ասոցիացիայում նախագահին մեղադրել են քրեական օրենսգրքի երկու հոդվածները խախտելու համար, ինչը ենթադրում է բանտային կալանք և տուգանք։

Հիշեցնենք, որ երեկ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել էր, որ կորոնավիրուսի հայտնաբերման իր թեստը դրական արդյունք է տվել:

65-ամյա քաղաքական գործիչը բազմիցս ակտիվորեն քննադատել է կորոնավիրուսի ֆոնին հայտարարված սահմանափակումները, այն ավանելով՝ «թեթև գրիպ»։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ գաղափարների նմանության պատճառով նրան հաճախ անվանում են «արևադարձային Թրամփ»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը