Աշխարհ

08.07.2020 10:35


Սերբիայում կարանտինի խստացման դեմ բողոքող ցուցարարները խորհրդարանի շենք են ներխուժել. Reuters (տեսանյութ)

Սերբիայում կարանտինի խստացման դեմ բողոքող ցուցարարները խորհրդարանի շենք են ներխուժել. Reuters (տեսանյութ)

Սերբիայում կորոնավիրուսի տարածման պատճառով սահմանափակումների խստացման դեմ բողոքող մի խումբ ցուցարարներ մայրաքաղաք Բելգրադում խորհրդարանի շենք են ներխուժել:

Reuters-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի պատճառով ստիպված են շաբաթվա վերջում մայրաքաղաք Բելգրադում խստացնել հակահամաճարակային սահմանափակումներն, այդ թվում՝ արգելափակել քաղաքը:

Նախագահ Վուչիչի այս հայտարարությունից հետո հազարավոր դժգոհ քաղաքացիներ Բելգրադի կենտրոնական հրապարակում են հավաքվել՝ երկրի խորհրդարանի դիմաց: Նրանք վարակի տարածման համար երկրի իշխանություններին են մեղադրել՝ հայտարարելով, որ չեն պատրաստվում ևս մեկ անգամ մայրաքաղաքի արգելափակման պատճառով ահռելի վնասներ կրել:

Որոշ ժամանակ անց ցուցարարների մի խումբ, ճեղքելով հսկող ոստիկանական պատնեշը, կոտրել է խորհրդարանի մուտքի դուռն ու շենք ներխուժել, բայց րոպեներ անց ոստիկանական ուժերը նրանց դուրս են բերել այդտեղից:

Ցուցարարների շրջանում նախագահի հրաժարականի կոչեր են հնչել: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել՝ հեռացնելով ցուցարարներին խորհրդարանի շենքից:

7 միլիոն բնակչություն ունեցող Սերբիայում մինչ այժմ կորոնավիրուսով վարակման 16 168 դեպք է գրանցվել, մահացել է 330 մարդ: Թվերը, սակայն, գնալով աճում են, և վերջին մեկ օրում վարակման 299 և մահվան 13 նոր դեպք է գրանցվել:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը