Լրահոս

04.04.2011 11:03


«Տաշիր–2011», թե՞ ...

«Տաշիր–2011», թե՞ ...

Երեկ «Արմենիա» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Տաշիր–2011» մրցանակաբաշխության ժամանակ ուշագրավ դեպք է տեղի ունեցել։ Հայտնի երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանը սկսել է պատմել, որ Դմիտրի Մեդվեդևի հետ օրեր առաջ ունեցած հանդիպման ժամանակ ՌԴ նախագահն իրենից հետաքրքվել է, թե ինչո՞ւ է այդքան մտահոգ։ Ինքն էլ պատասխանել է, թե մի քանի օր հետո պետք է վարի «Տաշիր–2011»–ը, սակայն չի գտնում, թե ո՞ւմ հետ։ Դմիտրի Մեդվեդևն էլ առաջարկել է զանգահարել Սերժ Սարգսյանին և նրանից հարցնել։ Երբ Գարիկ Մարտիրոսյանը զանգահարել է՝ Սերժ Ազատիչը չի վերցրել հեռախոսը, քանի որ նա անծանոթ համարներին չի պատասխանում։ Իսկ երբ զանգահարել են Դմիտրի Անատոլիի հեռախոսով....

Հենց այս պահին էլ եթերը հանկարծակի ընդհատվել է և ցուցադրվել «Կարգին սերիալ»–ից մի հատված։ Մի քանի րոպե հետո, երբ Գարիկ Մարտիրոսյանն արդեն ավարտած է եղել իր մենախոսությունը Դմիտրի Մեդվեդևի և Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցի մասին, «Արմենիա» հեռուստաընկերությունը կրկին վերադարձել է «Տաշիր–2011» մրցանակաբաշխություն։ Տպավորությունն այնպիսին է եղել, որ եթերը միտումնավոր է ընդհատվել Սարգսյանի և Մեդվեդևի մասին անցանկալի հումորներից ձերբազատվելու համար։

Դեպքերն այսքանով, սակայն, չեն սահմանափակվել։ Մոտ 15 րոպե անց Գարիկ Մարտիրոսյանը հայտարարել է, որ իրեն զանգահարել են Երևանից և ասել, որ տեխնիկական խնդիրների պատճառով եթերն ընդհատվել է ու իր մենախոսությունը կիսատ է մնացել, այդ իսկ պատճառով էլ հիմա այն կկրկնի։ Եթերից դուրս մնացած հատվածում, Գարիկի խոսքերով, Սերժ Սարգսյանը խորհուրդ է տվել «Տաշիր–2011»–ը վարել ռուս հայտնի հաղորդավարուհի Քսենյա Սոբչակի հետ։ Դմիտրի Մեդվեդևն էլ իր կողմից հավելել է, որ միշտ էլ այդպես պետք է լինի՝ նախագան ինչ ասում է, այն էլ պետք է անել։

Եվ սա էլ դեռ ամենը չէ։ Մրցանակաբաշխության ժամանակ «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի եղբայրը, տարբեր անվանակարգերում ներկայացված հայ շոու բիզնեսի ներկայացուցիչներին՝ Շուշան Պետրոսյանին, Սիրուշոյին, Թաթա Սիմոնյանին և այլն Երևանի կենտրոնում մեկ սենյականոց բնակարաններ, իսկ Ռազմիկ Ամյանին, Նունե Եսայանին, Էմմիին, Լուսինային և այլն ներկայացուցչական դասի ավտոմեքենաներ է նվիրել։ Իսկ այն ժամանակ, երբ հայտարարվել է, որ անակնկալ կա նաև Գարիկ Մարտիրոսյանի համար, Սոբչակն իրեն չի կորցրել և համառորեն սկսել է հույս հայտնել, որ բնակարանն այդ ոչ թե Երևանում, այլ Մոսկվայում է գտնվում։ Առաջին անգամ «Տաշիրի» բեմ դուրս եկած, ինչպես հայտարարվեց՝ չափազանց համեստ Սամվել Կարապետյանն էլ հայտարարել է, որ Սոբչակը հասավ իր ուզածին և Գարիկին բնակարան է նվիրում Մոսկվայում, իսկ Գարիկի համար Երևանում նախատեսված բնակարանը նվիրում է Սոբչակին։ Դրանից հետո ռուս հաղորդավարուհին առիթը բաց չի թողել ի լուր աշխարհի հայտարարելու, որ սիրում է Սամվել Կարապետյանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը