Հարցազրույց

04.07.2020 10:36


Լրատվամիջոցների նկատմամբ գործընթացներ է սկսում Նիկոլ Փաշինյանը, ով տարիներ շարունակ լրատվամիջոց է ղեկավարել. Կոնստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ)

Լրատվամիջոցների նկատմամբ գործընթացներ է սկսում Նիկոլ Փաշինյանը, ով տարիներ շարունակ լրատվամիջոց է ղեկավարել. Կոնստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ)

ՏՄՊՊՀ-ն գրություն է ուղարկել մի շարք լրատվամիջոցների՝ պատճառաբանելով, որ իրենք գովազդային ուսումնասիրություն են անում ու այդ պատրվակով ուզում են շատ խորքային տեղեկատվություն ստանալ: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր, «Blognews.am» կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը:

Ըստ Տեր-Նակալյանի՝ ոչ մի խմբագիր թաքցնելու ոչինչ չունի, անգամ առաջիկայում ՏՄՊՊՀ ղեկավարի հետ տեղի է ունենալու հանդիպում. «Մենք հարցեր ունենք, օրինակ՝ գովազդային շուկայի հետ կապված բոլոր տեղեկությունները մենք ՊԵԿ-ին փոխանցում ենք՝ որպես հարկատուներ, ինչու՞ ՊԵԿ-ից չեն վերցնում այդ տեղեկատվությունը»:

Հարցին՝ գիտե՞ք, թե ինչու, նա պատասխանել է. «Կան մի քանի հիպոթեզներ. մեկը կարող ենք մտածել, որ ՏՄՊՊՀ-ին իջել է հրահանգ վերևից, որպեսզի լրատվական դաշտն էլ կենտրոնանա մեկ մարդու ձեռքում: Տեսնելով այս իշխանության անբռնազբոս դիրքը գոյություն ունեցող բոլոր ոլորտների նկատմամբ՝ մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ այդ տվյալների տրամադրումը կարող է հավելյալ խնդիրներ ստեղծել լրատվամիջոցի ու իր գովազդատուի միջև»:

Հաղորդման մյուս հյուրը՝ «Politik.am» կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին նշում է, որ իրենք ՏՄՊՊՀ-ից նամակ չեն ստացել, սակայն խնդրին ծանոթ են. «Վերջին շրջանում տեսնում ենք, որ ԶԼՄ-ների հետ կապված որոշակի գործընթացներ կան: Դատարանների մասով իշխանությունն իր քայլերն իրականացնելուց հետո անցնելու է լրատվամիջոցներին»:

Կոնստանտին Տեր-Նակալյանի դիտարկմամբ՝ ամենազավեշտալին այս պատմության մեջ այն է, որ նման գործընթացներ սկսել է իրականացնել Նիկոլ Փաշինյանը, ով տարիներ շարունակ լրատվամիջոցի ղեկավար է եղել. «Ես ուզում եմ, իմանալ՝ արդյո՞ք «Հայկական ժամանակ»-ը համապատասխան գրություն ստացել է ՏՄՊՊՀ-ից, թե ոչ»:

Կոնստանտին Տեր-Նակալյանը շարունակում է պնդել, որ գոնե իր ղեկավարած լրատվամիջոցը մշտապես պարտաճանաչ վճարել է հարկերը, սակայն այսօր նկատվում է երկակի մոտեցում:

Բորիս Մուրազիի խոսքով էլ այսօր հանրությունը, մասնավորապես՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ պետք է հասկանան, որ գործ ունեն ոչ ադեկվադ մարդու հետ. «Տեսանք՝ ինչ տեղի ունեցավ «ԲՀԿ» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Իշխանական մամուլն անգամ 40 տարվա վաղեմության գործի մասին էր գրել: Սակայն այս դեպքում՝ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին պետք է զգույշ լինի Գագիկ Ծառուկյանի հետ, ով որոշակի ինստիտուտների է տիրապետում»:

Կոնստանտին Տեր-Նակալյանն էլ նշում է, որ իր վերջին ելույթում ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը շատ անկեղծ ելույթ ունեցավ. «Նիկոլ Փաշինյանը ասում էր՝ տղե՛րք, մեզ էլ թույլ չէին տալիս հավաքներ անել, բայց մենք անում էինք, կարողանում եք, Դուք էլ արեք»:

Ըստ Կոնստանտին Տեր-Նակալյանի՝ այս իշխանության դեմ բողոք-նամակներով, մտավորականների կոչով, հանցագործությունների մասին դատախազություն հաղորդում ներկայացնելով հնարավոր չէ պայքարել:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը