Աշխարհ

03.07.2020 14:14


Ադրբեջանում կարանտինային ռեժիմի պահպանմանը ներգրավվել է նաև բանակը

Ադրբեջանում կարանտինային ռեժիմի պահպանմանը ներգրավվել է նաև բանակը

Ադրբեջանում նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում մինչև առնվազն հուլսի 20-ը կրկին խիստ կարանտինային ռեժիմ է սահմանվել: Ռեժիմի պահպանմանը ներքին զորքերից զատ արդեն ներգրավվելու են նաև Ադրբեջանի բանակի որոշ ստորաբաժանումներ։

Այս մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից, փոխանցում է ադրբեջանական իշխանամետ Report.az լրատվակայքը։

Նշենք, որ Ադրբեջանում իրականացվել էր կարանտինային խիստ ռեժիմի թուլացում, սակայն երկրում համավարակի աճ է գրանցվել, այդ պատճառով էլ կրկին սահմանվելու է խիստ կարանտինային ռեժիմ։ Այդ ընթացքում փակվելու է Բաքվի մետրոպոլիտենը, հանգստյան օրերին արգելվելու է հանրային տրանսպորտը, քաղաքացիները փողոց կարող են դուրս գալ միայն անհրաժեշտ պարագաներ, սննդամթերք, դեղորայք գնելու, բուժօգնության դիմելու կամ մոտ հարազատի հուղարկավորությանը մասնակցելու համար։

Հուլիսի 2-ի դրությամբ Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 18 684 դեպք, որից 228֊ը մահվան ելքով։

Այս խորագրի վերջին նյութերը