Հարցազրույց

03.07.2020 09:53


Այս պայմաններում գույքահարկի բարձրացումը սոցիալական լուրջ խնդիրներ է առաջացնելու. Վարդան Բոստանջյան (տեսանյութ)

Այս պայմաններում գույքահարկի բարձրացումը սոցիալական լուրջ խնդիրներ է առաջացնելու. Վարդան Բոստանջյան (տեսանյութ)

Կորոնավիրուսի համավարակը վխտում է ամբողջ երկրում, մարդիկ ապրում են ցածր եկամուտների պայմաններում և այս ամենին զուգահեռ գույքահարկի բարձրացումը ճիշտ ժամանակին չէ, որը սոցիալական լուրջ խնդիրներ է առաջացնելու:

Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը:

Ըստ Բոստանջյանի՝ կենտրոնում ապրող մարդիկ փաստացի մտնելու են հարկի տակ. «Մարդիկ, որոնք երկրի համար երկար տարիներ աշխատել են և ունեն մեծ վաստակ, բայց այսօր հանգամանքների բերումով ապրում են Երևանի կենտրոնում, ստիպված են լինելու 6-7 անգամ ավելի գույքահարկ վճարել»:

Տնտեսագետի խոսքով՝ այս օրենքը բունտի համար սարսափելի հիմքեր տվող գործընթաց է, որը հանգեցնելու է սոցիալական անարդարության:

Հաղորդման մյուս հյուրը՝ «Պարացելսուս» ՀԿ ղեկավար Նունե Ներսիսյանը համակարծիք է Վարդան Բոստանջյանի հետ. «Ես զուգահեռներ եմ անցկացնում 90-ականների հետ, երբ կենտրոնից մարդկանց հանում էին տներից ու այդ մարդիկ կամ արտագաղթում էին, կամ էլ բնակվում ծայրամասերում»:

Ըստ Նունե Ներսիսյանի՝ այսօր, նույնիսկ քաղաքի կենտրոնում բնակվող լավ տուն ունեցողը սոցիալական խնդիրներ ունի՝ պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակով. «Կարծում եմ՝ այսօր գույքահարկը բարձրացնում են, որպեսզի այդ գումարները լցնեն պետական բյուջե, այնուհետև իրենց պարգևավճարներ տան»:

Հարցին՝ ինչու՞ հենց այս փուլում նման որոշում կայացվեց, Վարդան Բոստանջյանը պատասխանել է. «Մարդիկ չեն տիրապետում իրավիճակին, չեն կարողանում կառավարել: Շնչահեղձ պայմաններում իրենք իրենց պարգևավճարներ էին բաժանում»:

Վարդան Բոստանջյանի դիտարկմամբ՝ այսօր ժողովրդի մի ճնշող մեծամասնությունը գտնվում է աղքատության մեջ. «Ժամանակը չէ նեղանալու, պետք է աշխատել համավարակի պայմաններում: Եթե չեք կարողանում աշխատել, զիջեք Ձեր տեղն այն մարդկանց, ովքեր կարողանում են»:

Նունե Ներսիսյանի խոսքով՝ դիմակներով փորձում են փակել ժողովրդի բերանը՝ հակասահմանադրական օրենքներ ընդունելով. «Համավարակի ժամանակահատվածում մարդիկ չեն կարողանում դուրս գալ, որովհետև վախենում են վարակվելուց, դրա համար էլ սա իշխանության համար բարենպաստ ժամանակահատված է այդ օրենքներն ընդունելու համար»:

Նունե Ներսիսյանը համոզված է, որ մարդկանց համբերության բաժակն այլևս լցվել է և մարդիկ հաստատ փողոց դուրս կգան, եթե չվախենան համավարակից:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը