Լրահոս

02.04.2011 11:14


Կոտ դ’Իվուարի արևմուտքում բախումների հետևանքով ամենաքիչը 800 մարդ է զոհվել

Կոտ դ’Իվուարի արևմուտքում բախումների հետևանքով ամենաքիչը 800 մարդ է զոհվել

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հաղորդել է, որ Կոտ դ’Իվուարի արևմուտքում՝ Դուկուե քաղաքում տեղի ունեցած «միջհամայնքային» բախումների հետևանքով ամենաքիչը 800 մարդ է զոհվել։

Ինչպես փոխանցում է «Ֆրանս պրես»–ը՝ ԿԽՄԿ ներկայացուցիչները մարտի 31–ին ու ապրիլի 1–ին լինելով ողբերգության վայրում՝ անձամբ մեծ թվով դիակներ են տեսել։

Հազարավոր կանայք, տղամարդիկ ու երեխաներ փախել են Դուկուե շրջանից, որը երկուշաբթի օրվանից վերածվել է մարտերի ու գողությունների թատերաբեմի։ Երեքշաբթի օրվանից քաղաքը վերահսկում են միջազգային հանրության կողմից ճանաչված նախագահ Ալասան Ուոտարիի ուժերը։

Կոտ դ’Իվուարը ներկայումս հակամարտության մեջ է, որն ընթանում է ընտրություններում պարտված նախկին նախագահ Լորան Գբաբոյի ու միջազգային հանրության կողմից ճանաչված նախագահ Ալասան Ուոտարիի միջև։

Ընտրությունների երկրորդ փուլից հետո, որոնք տեղի են ունեցել 2010թ. դեկտեմբերին, Գբաբոն հրաժարվել է իշխանությունը զիջել իր հակառակորդ Ուատարիին, որի օրինականությունը ճանաչել է ՄԱԿ–ը։ Մարտից Գբաբոյի զորքը սկսեց իր հակառակորդի նկատմամբ ծանր սպառազինություն կիրառել։ Նախօրեին Կոտ դ’Իվուարի օդային տարածությունն ու սահմանները ժամանակավորապես փակվեցին՝ պայմանավորված նախագահական ընտրություններից հետո քաղաքական հուզումների համապատկերին թեժացած իրադրությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը