Տնտեսական

30.06.2020 11:02


Զբոսաշրջային ծառայություններ մատուցողների մեծամասնությունը դուրս է մնացել աջակցության 20-րդ ծրագրից․ «Փաստ»

Զբոսաշրջային ծառայություններ մատուցողների մեծամասնությունը դուրս է մնացել աջակցության 20-րդ ծրագրից․ «Փաստ»

Երբ կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը, հստակ ընդգծվել էր, որ միջոցառման նպատակն է օժանդակել նաև կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին:

Այս ծրագրով տուժած ոլորտների ցանկում նաև զբոսաշրջային ծառայություններն են: Բայց խնդիրն այն է, որ զբոսաշրջային ծառայություններ մատուցողներից շատերի տվյալները բացակայում են դիմումատուների ցուցակից: Խոսքը միանվագ, նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն ստանալու մասին է:

Խնդիրն այն է, որ զբոսաշրջության ոլորտում ծառայություններ մատուցողների մեծամասնությունը (մեր տեղեկություններով՝ մոտ 80 տոկոսը) դեռ 2020 թ. սկզբին անցել է միկրոձեռնարկատիրության հարկման դաշտ:

Այժմ ոլորտի ներկայացուցիչներն ահազանգում են, որ 20-րդ միջոցառման ցանկում ընդհանրապես բացակայում են միկրոձեռնարկությունների տվյալները:

Ըստ էության, սա է պատճառը, որ թեպետ նրանցից շատերը նախորդ աջակցման ծրագրից կարողացել են օգտվել, բայց այս անգամ նրանք զրկվում են միանվագ աջակցությունից:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծանոթ է խնդրին, և իրենք ևս դիմել են համապատասխան մարմիններին՝ հարցն ուշադրության և քննարկումների փուլում պահելու համար:

Մինչ բուն խնդրին անդրադառնալը՝ նա շեշտեց, որ դեռ աջակցության ծրագրերի առաջին փուլերում են բարձրաձայնել հնարավոր խնդիրների մասին:

«Հիմնական խնդիրը տնտեսական գործունեության դասակարգչով է պայմանավորված՝ մասնավորապես այդ ծրագրերով նախատեսված դասակարգիչներին չհամապատասխանելու հետ: Մենք այս մասին դեռ 3-րդ միջոցառումից սկսած ենք բարձրաձայնել:

Մասնավորապես շեշտել ենք, որ զբոսաշրջության ոլորտին պետք է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել՝ նաև ընտրության չափանիշների մասով:

Կազմակերպություններից շատերն ընտրվում են ըստ տնտեսական գործունեության դասակարգչի, իսկ զբոսաշրջության ոլորտում շատ են կազմակերպությունները, ԱՁ-ները, որոնց տնտեսական գործունեության դասակարգիչը չի համապատասխանում պահանջվող դասակարգիչներին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Մ. Ապրեսյանը:

Անդրադառնալով վերոնշյալ խնդրին՝ մեր զրուցակիցը շեշտեց, որ, օրինակ՝ զբոսավարները միկրոձեռնարկատեր հանդիսացող սուբյեկտ են: «Նրանք ևս միկրոձեռնարկատիրության սուբյեկտ են համարվել և դրա համար խառնաշփոթ է առաջանում ու ծրագրերից չեն օգտվում:

Բայց չէ՞ որ կորոնավիրուսի հետևանքների տեսանկյունից ամենախոցելի խավը հենց զբոսավարներն են, որոնք, ըստ էության, դուրս են մնում աջակցության ծրագրից: Եվ գաղտնի՞ք էր արդյոք կամ պարզ չէ՞ր, որ նրանց գործունեությունը հենց միկրոձեռնարկատիրության դաշտում է:

Բայց, փաստորեն, լինելով խոցելի խավ, այս ոլորտի ներկայացուցիչները դուրս են մնում նշված ծրագրից: Սա պետք է հաշվի առնել ու շտկել: Ես ուզում եմ շեշտել, որ առհասարակ զբոսաշրջության ոլորտը շատ կարևոր ու տարբերվող առանձնահատկություններ ունի։

Եթե մենք զբոսաշրջության ոլորտը համարում ենք գերակա ճյուղ, պետք է նաև ընկալենք, որ ոլորտը շատ կարևոր առանձնահատկություններ ունի, որոնք պետք է հաշվի առնել: Ոլորտի համար հատուկ առանձին ծրագիր է պետք կամ գոնե անհրաժեշտ է ցանկացած նման ծրագրերում զբոսաշրջության առումով բացառություններ անել: Եթե անգամ որպես սկզբունք ընդունվում է, որ միկրոձեռնարկատեր հանդիսացող սուբյեկտները տվյալ ծրագրից չպետք է օգտվեն, ուրեմն պետք է ասել՝ բացառությամբ զբոսաշրջային ծառայությունների:

Չէ՞ որ բոլորիս է հայտնի, որ այս ոլորտի ներկայացուցիչները և, մասնավորապես, նաև զբոսավարներն ամենաշատն են տուժել:

Այստեղ խոսքը խտրականության մասին չէ: Կարծում եմ՝ բոլորն են հասկանում, որ վարակի տնտեսական բացասական հետևանքները առաջին հերթին և առավելապես հենց զբոսաշրջության ոլորտի վրա են ազդել»,-ընդգծեց նա՝ շեշտելով, որ եթե ուզում ենք աջակցել այս ոլորտին, պետք է հաշվի առնել բոլոր նրբությունները:

«Ես մեկ այլ օրինակ էլ բերեմ: Նույն 20-րդ միջոցառման մեջ ընդգրկվել են ավտովարձույթի ծառայությունները, բայց զբոսաշրջային տրանսպորտային ծառայություն մատուցողներն ընդգրկված չեն: Ու սա այն դեպքում, երբ զբոսաշրջային տրասպորտը գրեթե զրկված է եկամուտներից, քանի որ այս ծառայության հիմնական սպառողը օտարերկրյա զբոսաշրջիկն էր: Հիմա այս ծառայությունների ներկայացուցիչները վարկերի տակ ճռռում են, աշխատողներին պահելու խնդիր ևս ունեն, բայց, ստացվում է, չեն ընդգրկվում աջակցության ծրագրում»,-ասաց մեր զրուցակիցը:

Մեխակ Ապրեսյանը շեշտեց՝ մի կողմից հասկանալի է՝ որոշումները արագ են ընդունվում, բայց խնդիրները պետք է ընկալել ու շտկել: Նա հայտնեց նաև, որ մշտապես քննարկումների մեջ են պատասխանատու մարմինների հետ ու հուսով են, որ առաջարկություններն ու արձագանքները հաշվի կառնվեն:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը