Լրահոս

31.03.2011 17:38


Վերաքննիչ քրեական դատարանը բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի խափանման միջոցը չի փոխել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀԱԿ համակիր, բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանը մարտի 13–ին բերման էր ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նրան մեղադրում են  Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1–ին մասով նախատեսված հանցանք կատարելու համար՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։ Առաջին ատյանի դատարանի մարտի 15-ի որոշմամբ էլ Սամսոն Խաչատրյանը երկու ամսով կալանավորված է, որպեսզի «չխոչընդոտի նախաքննությանը»:

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր  կայացած նիստում  Սամսոն Խաչատրյանի խափանման միջոցը չի փոխել: Դատարանը որոշել է, որ նրան կալանավորելու դատական առաջին ատյանի որոշումը օրինական է ու հիմնավորված: Չնայած այն բանին, որ Սամսոն Խաչատրյանին պաշտպանող կողմը համոզմունք ուներ, թե դատավոր Մնացական Մարտիրոսյանն այդ որոշումը կայացրել է կոպիտ խախտումներով և դրսևորել է կասկածելի կողմնակալություն, այնուամենայնիվ  վերաքննիչ դատարանը նրանց փաստարկները հիմնավոր չի համարել և մերժել է բողոքը:

Հիշեցնենք նաև, որ մի քանի օր առաջ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել էր բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի հարցը: Փաստորեն նախագահը մերժեց Ծառուկյանի առաջարկը՝ Սամսոն Խաչատրյանի հանդեպ մեղմ վերաբերմունք ցույց տալու հարցում։

Այս խորագրի վերջին նյութերը