Լրահոս

31.03.2011 16:37


Մեկնարկել է քաղծառայության կրտսեր թափուր պաշտոնների հավաստագրման երկրորդ փուլը

Մեկնարկել է քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնների զբաղեցման համար անհրաժեշտ հավաստագրման այս տարվա երկրորդ փուլը: Մարտի 16-ից մինչև մարտի 30-ը, ըստ նախապես հրապարակված հայտարարության, փասատթղթերի ընդունման շրջանն էր, որի ընթացքում թվով 479 քաղաքացի դիմումներ և անհրաժեշտ փաստաթղթեր է ներկայացրել թեստավորմանը մասնակցելու և հավաստագիր ստանալու համար: Այս փուլում առաջին անգամ հնարավորություն է եղել անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել նաև էլեկտրոնային տարբերակով` ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի պաշտոնական պորտալի միջոցով: Այս եղանակով իրենց դիմումները ներկայացրել են 22 քաղաքացիներ: Բոլոր դիմորդներից ձևավորվել  են 16 խմբեր, որոնց թեստավորումն անցկացվելու է ապրիլի 18-ից 29-ն ընկած ժամանակահատվածում, տարբեր օրերի: Արդյունքում հավաստագիր կստանան այն դիմորդները, ովքեր ճիշտ կպատասխանեն 50 հարցից կազմված հարցաթերթի առնվազն 90 տոկոսին: Թեստավորումն անցկացնում է Խորհրդի կողմից ստեղծվող թեստավորման հանձնաժողովը:

Հավաստագրերն ուժի մեջ են լինելու մեկ տարի: Դրանց հիման վրա թեստավորումը հաջողությամբ անցածները կարող են դիմել քաղծառայության համակարգում ընդգրկված բոլոր մարմինների աշխատակազմերում առաջացող կրտսեր թափուր պաշտոններում նշանակվելու համար: Հավաստագրման նպատակն է կրտսեր պաշտոններ զբաղեցնելու ցանկություն ունեցող քաղաքացիներին ձերբազատել մեկ տարվա ընթացքում յուրաքարնչուր մրցույթին մասնակցելու հետ կապված կրկնվող գործընթացներից` հաշվի առնելով, որ այս խմբի պաշտոնների համար բարձրագույն կրթության և աշխատանքային ստաժի հետ կապված պահանջներ չեն առաջադրվում: Մինչև նոր կարգի ներդրումը, յուրաքանչյուր կրտսեր թափուր պաշտոնի համար անցկացվում էր առանձին մրցույթ: Որպես կանոն, նույն երիտասարդները մասնացկում էին նման մի քանի մրցույթների:

Հիշեցնենք, որ այս տարվա հավաստագրման առաջին փուլն անցկացվել էր հունվար-փետրվար ամիսներին, որին մասնակցել է 331 քաղաքացի: Թեստավորումը հաջող անցնելու արդյունքում հավաստագիր էր ստացել նրանցից 264-ը, որոնցից 35-ը տարբեր մարմիններում արդեն զբաղեցնում են քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոններ:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի մամուլի քարտուղար

Գոռ Աբրահամյան

Այս խորագրի վերջին նյութերը