Լրահոս

31.03.2011 16:23


Բացօթյա առևտրականներից շատերը խորհրդարան են գնացել սոված ու վրդովված

Այսօր ՀՀ ԱԺ–ում «Բացօթյա առևտուրը քաղաքային համայնքներում» թեմայով խորհրդարանական լսումներն անցել են բավական թեժ մթնոլորտում։ Երկար բանակցություններից հետո է միայն նիստը վարող ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՕԵԿ–ական Հովհաննես Մարգարյանը համաձայնել է ձայնի իրավունք տալ նաև առևտրականներին։

75-ամյա Լևոն Ուլիխանյանը ԱԺ ամբիոնից հայտարարել է, թե ընդամենը 25 հազ. դրամ թոշակ է ստանում, և այս լսումներին եկել է սոված ու ոտքով։ Նա նշել է, որ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի կողմից բացօթյա առևտուրն արգելելուց հետո զրկվել է ապրուստի իր միակ միջոցից՝ կանաչի վաճառելուց։

Առևտրականներից մեկն էլ հուզված պատմել է, թե չի կարողանում վճարել իր երեխայի ուսման վարձը, և նա ստիպված տարկետում է վերցրել։

«Դուք կոճակներ եք սեղմում, մի քիչ էլ խղճի կոճակներ սեղմեք, էլի»,–հորդորել է նա պատգամավորներին։

Բացօթյա առևտրով զբաղվող անձինք ընդհանրապես շատ վրդովված են եղել իրենց նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքից և ի թիվս այլ աղաղակների և անեծքների՝ նաև բղավել են. «Սոված եկել ենք` լո-լո եք կարդում»։

Այդուհանդերձ, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հայտարարել է, թե որոշումը փոփոխման ենթակա չէ:

Լսումների ժամանակ կրքերն այնքան են թեժացել, որ ստիպված են եղել նիստն ընդմիջել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը