Տնտեսական

23.06.2020 09:39


Գազի գնի բարձրացման բազմավեկտոր ազդեցությունը. Հայաստանում կթանկանա ոչ միայն կաթնամթերքը, խմիչքը, պահածոները, այլև գյուղմթերքը. «Փաստ»

Գազի գնի բարձրացման բազմավեկտոր ազդեցությունը. Հայաստանում կթանկանա ոչ միայն կաթնամթերքը, խմիչքը, պահածոները, այլև գյուղմթերքը. «Փաստ»

«Գազի գնի թեման Հայաստանի համար տարիներ շարունակ շատ զգայուն հարց է եղել և է։ Դե, սկզբունքորեն, ոչ միայն Հայաստանի: Խնդիրն այն է, որ կապույտ վառելիքի գինը անուղղակիորեն ազդում է այլ ապրանքների և ծառայությունների գների վրա։ Այնպես որ, գազի գնի թանկացումը շուկայում գնաճային իրավիճակ ստեղծելու լուրջ պոտենցիալ ունի։

Ուստի պատահական չէ, որ գազի գնին վերաբերող յուրաքանչյուր հարց լայն հանրային արձագանք է ստանում, ինչպես նաև ազդում նաև այդ պահին գործող իշխանությունների վարկանիշի վրա։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ այս թեման նաև արտաքին (ինչու ոչ՝ երբեմն նաև ներքին) քաղաքականության հարց է և ուղղակիորեն կապվում է հայ-ռուսական հարաբերությունների հետ։ Իսկ ինչպես տեսնում ենք, հայ-ռուսական հարաբերությունները այս փուլում, շատ մեղմ ասած, լավ օրեր չեն ապրում։

Տեսակետ կա, թե գազի գնի թեման իրականում ավելի շատ քաղաքական է, քան տնտեսական։ Եվ դրանով է պայմանավորված, որ Ռուսաստանը տնտեսական տրամաբանությանը քիչ ենթարկվող գնային չափանիշներով է գազ վաճառում այն սպառող երկրներին և հաշվի է առնում որոշակի քաղաքական հարցեր։

Եթե խնդրին նայում ենք այս լույսի ներքո, ապա պետք է որ Ռուսաստանը բարենպաստ գնային քաղաքականություն վարեր Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը ԵԱՏՄ անդամ է և ՌԴ ռազմավարական գործընկերը։ Սակայն 2018 թվականի վերջից սկսած, երբ արդեն քննարկվում էր գազի գնի բարձրացման հարցը, Փաշինյանը Հայաստանի բնակչությանը հավաստիացնում էր, թե գազի գինը չի բարձրանալու։

Ավելին, անցյալ տարի ռուսական ՌԲԿ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Փաշինյանը հայտարարում էր, թե հույս ունի, որ գազի գինը անգամ կիջնի։ Այնուամենայնիվ, տևական ժամանակ ռուսական կողմի հետ քննարկումների արդյունքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, օրերս դիտարկելով սակագները վերանայելու վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հայցը, սահմանեց ՀՀ սպառողների համար գազի նոր սակագները:

Եվ եթե իշխանությունները կարևոր շեշտադրում են անում, թե բնակիչ-բաժանորդների համար գազի գինը չի թանկանա, ապա դրա փոխարեն կապույտ վառելիքի թանկացման ողջ բեռն ընկնում է արտադրողների վրա։ Հատկապես մեծ ուշադրության է արժանի, որ որոշակի բարձրացում է նախատեսվում գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնողների համար։

Նոր սակագինը կգործի մասնավորապես ջերմոցային տնտեսությունների, պահածոների, խմիչքի և կաթնամթերքի արտադրության ոլորտի ձեռնարկությունների համար՝ 1000 խմ-ի դիմաց 212 դոլարից դառնալով 224 դոլար:

Ուստի Հայաստանում կթանկանա ոչ միայն կաթնամթերքը, խմիչքը, պահածոները, այլև գյուղմթերքը: Եվ մասնագետները կարծում են, որ գյուղմթերք արտադրողների համար սակագնի 10 դոլարով աճը նշանակում է, որ արդեն աշնանը մենք շուկայում կարող ենք ունենալ 5-7 տոկոս գնաճ:

Հաշվի առնենք, որ կանխատեսվում է, թե կորոնավիրուսի հետևանքով սկսված ճգնաժամը դեռևս երկար շարունակվելու է և ծանր հետևանքներ է ունենալու ամբողջ աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության համար, ուստի առավել հրատապ է դառնալու պարենային ապահովման խնդիրը։

Սակայն մեր երկրում տնտեսական իրավիճակի բարդացմանը զուգահեռ գյուղմթերքի գների բարձրացումը կարող է սպառնալիք դառնալ Հայաստանի համար պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը