Հարցազրույց

22.06.2020 13:47


Պետք է բացառվեր որևէ քաղաքական ենթատեքստ, նախագիծը պարտադիր պետք է քննարկվեր ՍԴ-ում. Գևորգ Դանիելյան

Պետք է բացառվեր որևէ քաղաքական ենթատեքստ, նախագիծը պարտադիր պետք է քննարկվեր ՍԴ-ում. Գևորգ Դանիելյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության խորհրդարան ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին NEWS.am-ը զրուցել է արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի հետ:

Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 54 պատգամավորների կողմից ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Սահմանադրության 213-րդ հոդվածում: Ըստ այդմ, նախատեսվում է, որ դադարեցվում են ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի: Մնացած դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչև կլրանա նրանց ՍԴ դատավորի պաշտոնում 12 տարին: Բացի այդ, սահմանվում է, որ ՍԴ դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է, որից հետո ՍԴ նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է ՍԴ դատարանի դատավորների` սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:

Պարոն Դանիելյան, կա՞ն, արդյոք, իրավական հիմքեր՝ ԱԺ-ի կողմից Սահմանադրության 213-րդ հոդվածը փոխելու միջոցով ՍԴ 3 դատավորի լիազորությունները, ինչպես նաև ՍԴ նախագահի պաշտոնավարումը դադարեցնելու համար։

Այն, որ որևէ իրավական հիմք չկա, անգամ քննարկման նյութ չէ։ Եթե մինչ այս պահը նույնաբնույթ նախաձեռնության՝ ոչ միայն հակասահմանադրական լինելու, այլև միջազգային իրավունքի հանրահայտ չափանիշներից շեղվելու մասին մի շարք իրավագետներ էին բարձրաձայնում, ապա ներկայումս արդեն շրջանառության մեջ է դրված Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, որը գրեթե նույնությամբ ամրագրել է այդ դիրքորոշումը։ Ի դեպ, Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, որի նախագիծը պատրաստ էր դեռ հունիսի 10-ին, էապես տարբերվում է նախորդ եզրակացություններից. ակնհայտ է, որ այս դեպքում միջազգային փորձագետները ձգտել են աննախադեպ կերպով ընդառաջել հանրային իշխանություններին և հնարավորինս զիջումների գնալ։ Սակայն անգամ այս տեսքով եզրակացությունը, ցավոք, անտեսվում է։ Եթե հավելենք նաև այն, որ ԱԺ-ն հնարավոր է ընդհանրապես չդիմի ՍԴ, ինչն անգամ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունում արտացոլված իմպերատիվ հիմնադրույթներից է, ապա պատկերը այնքան էլ մխիթարական չի լինի։

Իսկ ի՞նչ հակասություններ կարող եք գոնե ընդհանուր գծերով նշել։

Ինչպես ասացի, քննարկվող դեպքում որևէ բարդ իրավական խնդիր չկա, քանզի Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունում բոլոր հնարավոր հարցադրումներին տրվել է բացառապես պարզ, հստակ և որևէ տարամեկնաբանության տեղիք չտվող պատասխան։ Ավելին, ձեր կողմից նշված նախագծի առնչությամբ հենց Վենետիկի հանձնաժողովի եզրակացության 82-րդ կետով է հավաստվել, որ նախագիծը չի համապատասխանում եզրակացության բանաձևերին, ինչն արտառոց երևույթ է։

Հակասությունների մասին խոսելիս, հարկ է ընդգծել, որ ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցնելու անցումային շրջան պետք է նախատեսվեր, որպեսզի գոնե կարողանային ավարտել իրենց վարույթի գործերը, պետք է լիներ լիազորությունների դադարման աստիճանական ընթացակարգ, բացառվեր որևէ քաղաքական ենթատեքստ, նախագիծը պարտադիր պետք է քննարկվեր ՍԴ-ում և այլն։

Եթե, այնուամենայնիվ, այս փոփոխությունը տեղի ունենա, արդյո՞ք, դա կարելի է բնորոշել, որպես սահմանադրական հեղաշրջում, ինչպես որպես քաղաքական գործիչներ և իրավաբաններ են բնորոշում։

Ամբողջ խնդիրն այն է, որ քրեական քաղաքականությունն արդեն իսկ ընթացել է այն ուղղությամբ, որ ընթացակարգային ցանկացած ենթադրյալ խախտման արդյունքում ՍԴ կազմի մասնակի փոփոխությունն արդեն իսկ որակվել է, որպես իշխանության յուրացում։ Այս համատեքստում ավելացնելու ոչինչ չունեմ։

Այս խորագրի վերջին նյութերը