Լրահոս

31.03.2011 10:48


Քաղաքացի և իշխանություն

Մեր անկախության քսան տարիների ընթացքում մենք ոչ միայն չկարողացանք կերտել լիարժեք պետություն, այլև աստիճանաբար կորցրինք մեր քաղաքացիների մի ստվար զանգված; Կորցրինք ոչ միայն, որպես ֆիզիկական անձերի, որոնք հեռացան երկրից, այլև որպես պետության  բաղկացուցիչ մաս կազմող և նրա առաջընթացն  ու զարգացումը  ապահովող հոգևոր ուժի: Այսօր եթե փորձենք հարցում կատարել Հայաստանի բնակիչներին, ապա կտեսնենք, որ նրանցից շատ-շատերը կխուսափեն պատասխանել, որ իրենք առաջին հերթին  Հայաստանի քաղաքացիներ են: Հաճախակի  կպատասխանեն, որ նկարիչ են, երգիչ, արհեստավոր, գիտնական և այլն, լավ հասկանալով, որ քաղաքացի լինելը նախ և առաջ երկրի և ժողովրդի հանդեպ պատասխանատվություն է ենթադրում:  Հետևապես հարց է ծագում ում է հարկավոր այդպիսի պետությունը ուր քաղաքացիները խուսափում են քաղաքացի լինելուց, ուր ամեն անգամ ազգի և քաղաքացու իրավունքների ոտնահարման և ցանկացած օրինախաղտման դեպքում անհրաժեշտ է բողոքել, հանրահավաքներ կազմակերպել, դիմել եվրոդատարան և հույս չունենալ, որ արդարությունը կհաղթանակի: ՈՒմ է հարկավոր այն պետությունը , ուր ոչ մի երաշխիք չկա, որ չի ոտնահարվի ոչ քո, ոչ ժողովրդի իրավունքներն ու արժանապատվությունը, չի օտարվի  ոչ քո, ոչ ազգի ունեցվածքը, խաղտվի քո գործունեությունը և ժողովրդի բնականոն զարգացումը, ուր ոչ մի գործարար չի համարձակվի ներդրում կատարել  արդյունաբերության ոլորտում, ուր տնտեսական զարգացումը կրիաից դանդաղ է ընթանում, իսկ նահանջելիս գահավիժում  է,  ուր պետական ծառայողները   ոչ թե օրենքի, այլ ինչ  որ մեկի կամակատարներն են:  Եթե ընդունենք, որ մեր աղքատ երկրում 0.1% -ի փոխարեն կա 10 % մեծահարուստներ և նույնիսկ ընդունենք նաև, որ նրանց մոտ մահացած է սեփական ժողովրդի ու հայրենիքի հանդեպ  սերն ու  պարտքի զգացումը   և փողն է միայն նրանց աստվածը,  ինչը այնքան էլ ճիշտ չէ, ապա մնացածի շահերից  է բխում, որպեսզի երկրում տիրի օրենքն ու արդարությունը, զարգանա և առաջընթաց ապրի իր երկիրը, ապահովելով իր ազատ, ապահով և արժանապատիվ գոյությունը:  Հետևաբար առաջնահերթ անհրաժեշտ է վերականգնել հայաստանում բնակվող անձանց  մոտ քաղաքացիական զգացումը: Ամեն մի բնակիչ իրեն քաղաքացի և երկրի տեր զգալու ու դրանով հպարտանալու համար, նախ անհրաժեշտ է, որպեսզի նա տեսնի այն լուսավոր ճանապարհը, որը կտանի նրան իր իսկ իրավունքների, արժանապատվության ու բարեկեցության վերականգմանը: Առանց այդ ճանապարհի տեսլականի անհնար է, որ հասարակությունում ծագի այդ հավատը, ուժ և եռանդ շնորհի անձանց այդ ճանապարհով ընթանալու համար: Այսօր Հայաստանում անգրագետ մարդ չկա, ցանկացած անհատ, լիարժեք տեղեկություն ստանալու դեպքում , ունի տրամաբանելու , կշռադատելու և կողմնորոշվելու  լիարժեք հնարավորություն: Հայաստանի բնակիչների   մոտ քաղաքացիության  զգացումը և հավատը ապագայի հանդեպ չի կարող ծնվել կամ  վերականգնվել քարոզներով կամ կոչերով, այլ միայն լիարժեք տեղեկացված լինելու և ռեալ տրամաբանության հիման վրա: Հայաստանի նման երկրներում օրենքի գերակայության և արդարության բացակայությունը, ինչպես նաև այլ բացասական երևույթների տարածվածությունը միանգամայն բնական է, քանի որ պետական ծառայողները  վերածվել են  իշխողի կամակատարների, իսկ իշխողը  դուրս է վերահսկողությունից և  ավելի հավանական է որ նա կատարի  արտաքին ուժերի կամ իր շրջապատի  թելադրանքը, քան ժողովրդի պահանջները: Մի թե մենք քաղաքացիներս, որոնց միջոցներով վարձվում են հսկայական քանակի պետական ծառայողներ,  իվիճակի չենք հասկանալու, որ օրենքի գերակայությունը չի կարող լուծվել, ոչ քարոզներով, ոչ կոչերով, ոչ էլ պաշտոնյաների տեղափոխություններով, այլ կարող է լուծվել միմիայն պետական կառավարման  արդյունավետ և հստակ մեխանիզմներով:

Բոլորս գիտենք , որ Հայաստան երկրի տերը ժողովուրդն է, այսինքն ամեն մի Հայաստանի քաղաքացի հանդիսանում է մեր երկրի տերը: Որպես սեփականատեր առաջնահերթ ամեն մի քաղաքացի պարտավոր է որոշում կայացնի իր սեփականության տնորինման, արդյունավետ օգտագործման և կառավարման վերաբերյալ: Ամեն մի քաղաքացի պետք է գիտակցի, որ հայրենիքն ու պետությունը անհամեմատելի ավելի արժեքավոր են քան իր անձնական սեփականությունը, և նրա իրավիճակից է կախված իր անձնական սեփականության և կյանքի ապահովությունն ու բարեկեցությունը: Այդ արժեքավոր սեփականությունը տնօրինելու և ժողովրդի՝ այսինքն իրենց շահերին ծառայեցնելու ներկա ժամանակաշրջանում գործող միակ եղանակը ՝ դա սահմանադրության տեսքով է, փաստաթուղթ, որով որոշվում է պետության տնօրինման, կարգ ու կանոնի, լիազորությունների և պատասխանատվության  ձևաչափերը: Նրանում ամրագրված կառավարման համակարգից է կախված օրենքի գերակայության  և կառավարման արդյունավետության  աստիճանը:  Այն  պայմանագիր է երկրի տեր հանդիսացող      քաղաքացիների,  այլ  ոչ  թէ  ժողովրդի և իշխանության միջև: Եթե հայտարարում են, կամ փորձում են պնդել հակառակը, ապա դա նշանակում է, որ իշխանությունը զավթված է ինչ որ խմբավորման, կամ անհատի կողմից, որն էլ հանդես է գալիս իշխանության անվան տակ:

Քաղաքացիների միջև հանրային պայմանագիր կնքվելու, այսինքն իրական Սահմանադրություն ընդունելեւ  դեպքում, պետական կառավարման հզոր լծակնեը  պետք է վերադարձվեն  ժողովրդին, ինչպես նաև գործեն այլ կարգավորող մեխանիզմներ, որպեսզի իր կողմից վարձված պետական ծառայողները, ինչպիսիք են Հանրապետության նախագահը և պետական այլ պաշտոնյաներ  և մարմիններ չունենան օրենքը անտեսելու կամ խաղտելու, ինչպես նաև իշխանությանը  զավթելու որև է հնարավորություն:  Հետևապես Սահմանադրության նախագիծի կազմման ընթացքում  երբեք չի կարելի  թույլատրել  շահագռգիռ կողմերի, ինչպիսիք են պետական պաշտոնյաները, քաղաքական կուսակցությունները կամ նրանց կամակատարները, որպեսզի  նրանք հայտնվեն թելադրողների դիրքերում:

Կարծում եմ ցանկացած քաղաքացի իր համար աշխատող վարձելու ընթացքում, երբեք աշխատանքային պայմանագիր չի կնքի այնպես, ինչպես կցանկանա ծառայողը, երբեք չի տա նրան այնքան լիազորություններ, որ հենց ինքը վերածվի ծառայողի կամ  ճորտի: Այն սահմանադրությունը, որն այսօր գործում է Հայաստանում լիարժեք հնարավորություն է ընձեռնում  իշխանությունը  զավթելու և  քաղաքացիներին իրավունքներից և պետությունում ընթացող գործընթացների վրա ազդելու հնարավորությունից  զրկելու համար: Այն  ինչը հոյակապ իրականացվում  է վերջին տասնվեց  տարիների ընթացքում: Հետևապես ներկայումս գործող սահմանադրությունը  ամբողջովին օգտագործման պիտանի չէ  և իր բնույթով ազգակործան:

Աղասի Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը