Աշխարհ

20.06.2020 09:32


ԱՀԿ-ն նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի համավարակը վտանգավոր փուլ է մուտք գործել

ԱՀԿ-ն նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի համավարակը վտանգավոր փուլ է մուտք գործել

Աշխարհում հունիսի 18-ին կորոնավիրուսով վարակվածների թվով ռեկորդը վկայում է համավարակի լայն տարածման մասին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Երեկ ԱՀԿ-ում նոր տեղեկություններ են ստացվել COVID-19-ով վարակված ավելի քան 150 հազար նոր դեպքերի մասին։ Ներկայում դա մեկ օրվա ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է»,-նշել է պաշտոնյան։

Նա հավելել է, որ հիվանդության նոր դեպքերի կեսը գրանցվել է Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, որը մայիսին համարվել էր համանավակի կենտրոն։ Վարակվածների մեծ թիվ է գրանցվել նաև Հարավային Ասիայում և Մերձավոր Արևելքում։

«Աշխարհը գտնվում է նոր և շատ վտանգավոր փուլում»,-ընդգծել է Հեբրեյեսուսը։

Նա հավելել է, որ մարդիկ հոգնել են տանը մնալուց, իսկ կառավարությունները ձգտում են վերականգնել տնտեսական գործունեությունը։

«Սակայն վիրուսը սրընթաց կերպով տարածվում է, այն դեռևս մահացու վտանգ է ներկայացնում, և մարդկանց մեծամասնությունը դեռևս խոցելի է»,-նախազգուշացրել է ԱՀԿ-ի ղեկավարը։

Կորոնավիրուսի համավարակը տարածվել է գրեթե ամբողջ աշխարհում։ Ընդհանուր առմամբ, ԱԿՀ-ի տեղեկություններով, վարակը հայտնաբերվել է ավելի քան 8,35 միլիոն մարդու մոտ, որոնցից 450 հազարը մահացել է։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը