Լրահոս

31.03.2011 09:09


ICAO-ն Հայաստանին ներկայացրե՞լ է Ադրբեջանի սպառնալիքները

ICAO-ն Հայաստանին ներկայացրե՞լ է Ադրբեջանի սպառնալիքները

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) Հայաստանին տեղեկացրել է Ադրբեջանի մտահոգությունն ու զգուշացումները կապված Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հետ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական վարչության պետի տեղակալ Ֆաուդ Գուլիևը։ «Մենք շարունակում ենք հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղից թռիչքները կանխվելու են օրենսդրությամբ ամրագրված հնարավորությունների շրջանակներում»,–ասել է նա։ Գուլիևը նաև հայտարարել է՝ «եթե Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական վարչությունը, համաձայն միջազգային կանոնների, Ստեփանակերտի օդանավակայանին չտա համապատասխան սերտիֆիկատ, այն չի կարող ստանալ միջազգային օդանավակայանի կարգավիճակ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական վարչության ղեկավար Արիֆ Մամեդովը սպառնացել էր, թե եթե Ղարաբաղի իշխանությունները վերաբացեն Ստեփանակերտի օդանավակայանը, ապա Ադրբեջանը հարվածներ կհասցնի ԼՂ ուղևորվող օդանավերին։ Անդրադառնալով այս հարցին, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան նշել էր, թե մինչև օդանավակայանի շահագործումը հարցը պետք է քննարկվի կողմերի միջև։

«Հնարավո՞ր է՝ սպառնալիքների պատճառով թռիչքի օրը հետաձգվի» հարցին ի պատասխան՝ ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի պետ Դմիտրի Աթբաշյանը «7 օր»–ին ասել էր.

Ես լիազորված չեմ այդ հարցին պատասխանել, բայց կարող եմ իմ կարծիքն ասել։ Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի վարչության պետը իրավունք չունի, ամոթ է, սպառնալիքների մասին խոսել։ Եթե նա լիներ ռազմական ուժերի հրամանատարը ու այդ տեսակ հայտարարություններ աներ, կարելի էր հասկանալ։ Իմ կարծիքով՝ միայն այդ հայտարարությունների համար Ադրբեջանին պետք վտարել «ICAO»–ից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը