Լրահոս

30.03.2011 17:58


Ժիրայր Սեֆիլյան. «Արտահերթ ընտրություններին ամենապատրաստը Սերժ Սարգսյանի համակարգն է»

Ժիրայր Սեֆիլյան. «Արտահերթ ընտրություններին ամենապատրաստը Սերժ Սարգսյանի համակարգն է»

Արաբական երկրներում վերջին ամիսներին տեղի ունեցող փոփոխություններն ու գործընթացները,  «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանի խոսքերով, պատճառ են դարձել, որ աշխարհաքաղաքական կենտրոնները վերանայեն իրենց մարտավարությունն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր տարածաշրջանում։

Ռուսաստանը, նրա կարծիքով, շատ մտահոգ է արաբական երկրներում տիրող հեղափոխական ալիքից, և նրանք երբեք չէին ցանկան, որ այդ ալիքը կյանք ստանար նաև Հարավային Կովկասում, այդ թվում նաև Հայաստանում, և ՌԴ–ն իր ուժերը լարելով՝ փորձել է ամեն գնով պահպանել Հայաստանի քաղաքական «ստատուս–քվոն»։

Եթե Ռուսաստանի միջամտությամբ մենք նախորդ ժամանակաշրջանում ականատեսը եղանք իշխանական կոալիցիայի ծնունդին, ապա ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող վերադասավորումները, ես կասեի, պետք է դիտարկենք որպես Արևմուտքի և մասնավորապես ԱՄՆ–ի կողմից թելադրված կամ, ինչու չէ, նաև վերահսկված գործընթաց,–ասել է Ժիրայր Սեֆիլյանը և տարակուսել, թե ինչո՞ւ արևմուտքը չի օգտագործում Հայաստանում օր առաջ հեղափոխություն իրականացնելու առիթը։

Ըստ Ժ. Սեֆիլյանի՝ ընդդիմությունն այսօր ավելի շատ է իշխանությունների հետ երկխոսելու և գործակցելու քայլեր անում, քան մինչ այդ։ Եթե գլխավոր ընդդիմությունը, նկատի ունի ՀԱԿ–ը, Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցված գնում է ընտրությունների, ապա Արևմուտքի օգուտը, ըստ Սեֆիլյանի, այն կլինի, որ հնարավորինս շուտ կթուլանա Ռուսաստանի ազդեցությունը։

Արևմուտքը, նրա խոսքերով, շատ լավ տեղյակ է ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքական հայացքներին, մասնավորապես արցախյան և հայ–թուրքական հարցերում։

Համոզված եմ, որ ռազմավարական իմաստով տերպետրոսյանական և սերժսարգսյանական խմբերի միջև տարբերություն չկա, եթե կա, ապա մարտավարական մանրուքների մեջ է, ուստի այն օրը, երբ հայ–թուրքական հարաբերությունները սկսեն բարելավվել, ապա հաջորդ հարցը լինելու է Հայաստանում ռուսական զորքերի առկայության հարցը,–ընսդգծել է նա։

Ժիրայր Սեֆիլյանը հույս է հայտնել, թե ՀԱԿ–ն իր որոշումից հետ կկանգնի, այլապես այս իշխանությունների հետ որևէ երկխոսության կամ պայմանավորվածության արդյունք  ինչ–որ ծրագրի որևէ պտուղ հօգուտ հայ ժողովրդի չի լինելու։

Իրավիճակից դուրս գալու համար պետք է հրաժարվել համախմբման և միավորման մասին կոչերից, ուղղակի պետք է տեղի ունենա համակարգում, ինչի համար պետք է  արձանագրություն, քայլերի փաթեթ պատրաստվի։ Վերջինիս էությունը պետք  է բխի «ոչ ընտրություններ» հասկացությունից։

Այսինքն՝ այս ռեժիմից ազատվելու, նոր իշխանություն ձևավորելու ճանապարհը պետք է լինի ոչ ընտրություններով,– շեշտել է Ժիրայր Սեֆիլյանը։

Դա իրագործելու համար պետք է հենվել ժողովրդի ներուժի վրա, ու ժողովրդի կամքի պարտադրմամբ պետք է հեռացնել գործող վարչակարգը։ Դրանից հետո արդեն պետք է ձևավորել անցումային փուլ, այդ ժամանակ պետք է ստեղծվի ժամանակավոր կառավարություն, որի անդամները չպետք է լինեն  քաղաքական գործիչներ դասական իմաստով, այլ մարդիկ, ովքեր վստահություն են վայելում  ժողովրդի շրջանում, մինչև տեղի ունենան ընտրություներ։ Անցումային փուլի գլխավոր խնդիրը պետք է լինի հնարավորինս կարճ ժամկետում ազատ, արդար ընտրություններ անցկացնելու համար պայմաններ ստեղծելը։

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին, Ժիրայր Սեֆիլյանն ասել է, թե այսօր ընտրություններին ամենապատրաստը Սերժ Սարգսյանի համակարգն է.

Բռնապետի կեղեքող ռեժիմի օրոք ընտրությունների արդյուքնը միշտ լինում է ռեժիմի վերարտադրումը։ Սա հստակ է։ Պետք է այլևս բանավեճը, թե հնարավոր է, եթե արկղերը պահենք և այլն, մի կողմ դնենք։ Ովքե՞ր են հաշվողները։ Վե՛րջ։

Ոչ ընտրությունների ճանապարհով փոփոխությունների դեպքում Թունիսի և Լիբիայի սցենարի կրկնության հարցին, ինչպես նաև այդ պարագայում իշխանությունների կողմից բռնության դիմելուն անդրադառնալով՝ նա նշել է.

Եթե որևէ մի ուժ, որ փորձում է առաջնորդել ժողովրդին և ի սկզբանե ասում է, որ ինքը բացառում է բռնությունը, նա պարտված է, որովհետև հակառակորդն այդ հանգամանքն օգտագործելով՝ կգնա առաջ, ինչ տեղի է ունենում այս 3 տարիների ընթացքում։ Անշուշտ, մենք դեմ ենք բռնության, բայց մենք իշխանությունը ժողովրդին վերադարձնելու  և հայրենիքը զարգացնելու խնդիր ունենք։ Եթե այս ընթացքի դեմ մի բիրտ ուժ է կանգնելու ու ուժ է կիրառելու, կարծում եմ՝ ժողովուրդը պաշտպանվելու իրավունք ունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը