Լրահոս

30.03.2011 15:05


Արմեն Աշոտյան. «Ադրբեջանի նախարարը պետք է շնորհակալ լինի վրաց նախարարին և գուցե՝ նաև ինձ»

Արմեն Աշոտյան. «Ադրբեջանի նախարարը պետք է շնորհակալ լինի վրաց նախարարին և գուցե՝ նաև ինձ»

Լրագրողների հետ  հանդիպման ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ  օրերս իր ու Վրաստանի կրթության և գիտության նախարար Դմիտրի Շաշկինի միջև Թբիլիսիում ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի` Վրաստանի հայկական թեքումով դպրոցներում հայերենի դասավանդման ժամաքանակը կավելացվի մինչև 7–10 դասաժամ:

Դասաժամերի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունից կշահի նաև ադրբեջանական համայնքը Վրաստանում, քանի որ եթե հայերենի դասաժամերն են վերականգնվում, վերականգնվում են նաև ադրբեջաներենի դասաժամերը ադրբեջանական դպրոցներում, այսինքն` Ադրբեջանի նախարարը պետք է շնորհակալ լինի վրաց նախարարին և գուցե՝ նաև ինձ, որ ես ավելի արագ և շուտ բարձրացրեցի այս խնդիրը,–ասել է Արմեն Աշոտյանն ու հավելել, թե ցավում է, որ Վրաստանում կայացած Հարավակովկասյան աշակերտական խորհրդարանի մեկնարկի ծրագրին ադրբեջանական կողմը, ո՛չ նախարարի, ո՛չ էլ աշակերտների մակարդակով, չի մասնակցել:

Անթույլատրելի է մեծ քաղաքականության մեջ փոքր երեխաների շահագործումը, անթույլատրելի է երիտասարդ սերնդի մոտ ձևավորել հայատյացության, ատելության ֆենոմենը, անթույլատրելի է, երբ աշակերտները դառնում են քաղաքական խաղերի մեջ գործիք, անթույլատրելի է, երբ հայատյացության քաղաքականությունը տարածվում է այն սերնդի վրա, որը վաղը-մյուս օր դատապարտված է մեր կողքին, մեր երեխաների կողքին ապրելու, աշխատելու, մտածելու,–ընդգծել է ԿԳ նախարարը:

Արմեն Աշոտյանը նաև անդրադարձել է այս տարի առաջին անգամ Հայաստանում անցկացվող՝ դպրոցների տնօրենների որակավորման քննություններին։

Լուրեր են շրջանառվում, թե  քննությունները հաջող անցնելու համար մասնակիցները նախարարությանը կաշառք են տալիս։

Արմեն Աշոտյանն անդարդառնալով այդ լուրերին՝ ասել է, թե դրանք տարածում են այն մարդիկ, ովքեր փորձել են այլ ճանապարհով ստանալ քննությունները՝ չի ստացվել, և ճարահատյալ բռնել են այդ ուղին։

Եթե լրագրողները նման դեպք գիտեն, թող անմիջապես դիմեն պատկան մարմիններին: Եղել են դեպքեր, երբ որոշ մարդիկ փորձել են «միջնորդական առաքելություն» իրականացնել, և այժմ հատուկ ուշադրության կենտրոնում են դպրոցների այն տնօրենները, ովքեր փորձում են օգտվել այդ ծառայությունից: Իմացողը ստանում է, չիմացողը` ոչ, և նման միջնորդներից օգտվող տնօրեններից երկուսը քննություններից արդեն կտրվել են,–ընդգծել է նախարարը։

Արմեն Աշոտյանը նաև հերքել է մամուլի այն հրապարակումները, թե Գեղարքունիքի և Լոռու մարզերի ուսուցիչներին պարտադրում են անդամագրվելու հանրապետական կուսակցությանը։

Բռնապետական կուսակցականությունը վաղուց անցած էտապ է դարձել Հայաստանի քաղաքական կյանքի համար,–ընդգծել է Արմեն Աշոտյանն ու հավելել, թե իրենք շատ լավ գիտակցում են, որ անձին բռնի որևէ կուսակցության անդամագրելը դեռևս երաշխիք չէ, թե տվյալ մարդը ընտրությունների ժամանակ ձայնը տալու է այդ կուսակցությանը։

Այս խորագրի վերջին նյութերը