Աշխարհ

16.06.2020 19:36


ԱՄՆ-ում շարունակվող բողոքի ցույցերն անկարգության են վերածվել 3 նահանգներում. կրակոցներ են հնչել և ձերբակալություններ տեղի ունեցել Ալբուկերկե քաղաքում

ԱՄՆ-ում շարունակվող բողոքի ցույցերն անկարգության են վերածվել 3 նահանգներում. կրակոցներ են հնչել և ձերբակալություններ տեղի ունեցել Ալբուկերկե քաղաքում

ԱՄՆ-ում շարունակվող բողոքի ցույցերն՝ ընդդեմ ոստիկանական բռնության, մեծամասամբ խաղաղ են ընթանում, ցույցերն անկարգությունների և քաոսի են վերածվել միայն երեք նահանգներում:

Ինչպես հայտնում է CNN-ը, որոշ շրջաններում կրակոցներ են հնչել, որից հետո ձերբակալություններ են տեղի ունեցել: Բռնությանը կրակոցներ են հաջորդել Նյու Մեքսիկո նահանգում, որտեղ ցուցարարները պահանջում են վերացնել իսպանացի նվաճողի արձանը:

Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքի ոստիկանությունը քաղաքացիական անհնազանդություն է հայտարարել և փակել է քաղաքի կենտրոնի մի մասը, երբ ցուցարարներից ոմանք կրակ են վառել, խանութ են թալանել և ոստիկանի են վիրավորել քարով:

Թենեսի նահանգում իրավապահները 21 ցուցարարի են ձերբակալել, որոնք հրաժարվել են ազատել Կապիտոլիումի տարածքը: Երկուշաբթի գիշեր Ալբուկերկե քաղաքում ընթացող ցույցերի ժամանակ մարդ է վիրավորվել, որին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:

Ոստիկանությունը ձերբակալել է հրաձգության հետ առնչություն ունեցող անձանց: Ալբուկերկեի քաղաքապետ Թիմ Կելլերը կատարվածն անվանել է «բռնության ողբերգական, անընդունելի և վայրագ դրսևորում»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ոստիկանական բռնության դեմ զանգվածային ցույցեր են սկսվել մայիսի 25-ին Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքի նախկին ոստիկան Դերեկ Չաուվինի կողմից սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: Կատարվածից զայրացած ամերիկացիները պահանջում են խստագույնս պատժել ձերբակալության պահին դաժան վերաբերմունք դրսևորած ոստիկանին, որի գործողությունների հետևանքով տղամարդը մահացել է: Ոստիկանը 8 րոպե շարունակ ծնկով սեղմած է պահել Ֆլոյդի պարանոցը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը