Լրահոս

30.03.2011 14:13


Մտավորականների ֆորում. «Քաղաքականությունը բարոյականությանը ստորադասելու քայլն արված է»

Բաց նամակ ՀՀ քաղաքացիներին,

ՀՀ իշխանություններին

Քայլն արված է: Քաղաքականությունը բարոյականությանը ստորադասելու քայլն արված է: Րաֆֆի Հովհաննիսյանը` մեզնից մեկը, հայտարարել է, որ ինքը պատրաստ է ինքնազոհաբերվել հանուն հասարակական բարոյականության: Քանզի քաղաքական բարոյականությունը նույն ինքը` հասարակական բարոյականությունն է: Այն, ինչի պակասը այնքան զգալի է հայաստանյան իրականությունում: Ի հեճուկս այն մտքի, ինչը վերջին երկու տասնամյակում ներշնչվում է հայաստանյան հասարակությանը` «քաղաքականությունն ինքնին անբարո է»: Մարդն ասում է` ո’չ: Ասում է` անբարոն չի կարող քաղաքականություն լինել, անբարոն անբարոն է, իսկ քաղաքականությունը հասարակական բարոյականության համար է, ուստի պե’տք է, կարո’ղ է բարոյական լինել: Բարոյական քաղաքականությունն է ծնում հասարակական բարոյականություն: Եվ մարդը քայլ է արել, ասում է` մեր բոլորի ընդհանուր մեղքը ես փորձում եմ քավել, և քավությամբ թողություն ստանալ, և թողությամբ` մաքրվել, և մաքրվելով` բարոյականանալ: Խմբովի: Բոլորով:  Ասում է` «ես» «մենքն» եմ և “մենքը” ես եմ: Եվ մեզնից յուրաքանչյուրը «մենքն» է, ու «մենքը» մեզնից յուրաքանչյուրն է:

Մարդը քայլ է արել: Ինչ ենք մենք անելու: Մենք` ՀՀ քաղաքացիներս, որոնց մի մասը իշխանություն է կոչվում: Նախագահ է կոչվում, ԱԺ նախագահ է կոչվում, վարչապետ, նախարար և զանազան «պետ»-եր` մարզպետ, քաղաքապետ, գյուղապետ, ոստիկանապետ, այլ  «պետ»-եր:  Մյուսներս` քաղաքացիներս, գյուղացիներս, ուսուցիչներս, բժիշկներս, ուսանողներս, թոշակառուներս, ծառայողներս, զինվորականներս, հոգևորականներս, առևտրականներս, օլիգարխներս, աղքատներս, ՀԿ-ներս, գործարարներս, ազնիվներս և անազնիվներս: Բոլոր մյուսներս: Չտեսնելու ենք տալու: Ձեռքներս լվանալու ենք: Պիղատոս ենք լինելու:

Մարդը քայլ է արել, մեզնից մեկը: Հանուն բարոյականության: Ազատության: Արժանապատվության: Իրավունքի: Հանուն մարդ մնալու:

Կարելի է ձեռքերը չլվանալ: Կարելի է միանալ: Բոլորով միանալ:

Քսան հազար մարդ միացել է նրան` զորակցության ստորագրությամբ: Հարյուր հազարավորներ միացել են նրան հոգով:

Բայց Պիղատոսն էլ ասաց, որ հավատում է ՆՐԱ անմեղությանը: Այդպիսով Պիղատոսը զորակցեց ՆՐԱՆ: Բայց հետո ձեռքերը լվաց և շարունակեց ապրել իր կյանքով: Քսան հազարը` ստորագրելով, հարյուր հազարավորները հոգով զորակցում ենք մարդուն, բայց շարունակում ենք ապրել մեր կյանքով` մեր նվաստացումներով, անազատությամբ, ինքնախաբեությամբ, կիսաազնվությամբ: Այն ամենով, ինչից ուզում ենք ազատվել: Քանի որ բոլորս ենք նվաստացած` նախագահները, “պետ”-երը, նախարարները, քաղաքացիներն ու գյուղացիները…

Եթե միանանք` կմասնակցենք ինքնամաքրմանը: Ասում ենք` մարդ, դու ձեռնոց ես նետել` մենք վերցնում ենք այն: Դու գնա` մենք մնում ենք: Առաջին օրը` երեք մարդ: Երկրորդ օրը` երեք այլ մարդ: Երրորդ օրը` հաջորդ երեքը: Չորրորդ օրը` դաձյալ երեք մարդ: Եվ այսպես շարունակ: Հերթով: Ամեն օր: Գրողներ, ուսուցիչներ, առևտրականներ, ծառայողներ, նախարարներ, «պետ»-եր, դատավորներ, ոստիկաններ, դիվանագետներ, գիտնականներ, պատգամավորներ, բժիշկներ, մարդիկ: Ամեն օր երեք մարդ մեկօրյա հրապարակային ծոմապահություն և լռության ուխտ: Նույն վայրում: Հարյուրերորդ օրը դեռ ընդամենը երեքհարյուր մարդ միացած կլինի, բայց երեք հարյուրը երեք հազար է, երեք հարյուր հազար է, երեք միլիոն է: Բոլորս ենք: Հարյուր օրին կգումարվի ևս հարյուր օր: Մինչև գանք հանգրվանին: Հանգրվանն ինքը կերևա:

Դու մեզնից մեկն ես: Մենք դու ենք: Մենք բոլորս ենք ուզում մաքրվել: Մենք բոլորս ենք ուզում փրկվել: Մենք բոլորով ենք ուզում մաքրվել:

Րաֆֆի Հովհաննիսյանին զորակցող հայ մտավորականների ֆորումի քննարկման ամփոփում

Այս խորագրի վերջին նյութերը