Լրահոս

30.03.2011 12:14


Կայունության, անվտանգության և խաղաղության խնդիրները Հարավային Կովկասում

Ինչքանո՞վ է ազդում կովկասյան անկայունությունը Եվրոպայի վրա: Ահա թե ինչ է ասում ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ուիլյամ Քոհենը-«Այսօր ոչինչ կղզիացած չի: Եվ դա ես անվանում եմ թիթեռնիկի էֆեկտ. երբ թիթեռը թևերը պարզում է Ադրբեջանում, փոթորիկ է առաջացնում Նոր Անգլիայում: Մենք հասկանում ենք, որ աշխարհը փոքրացել է, գիտությունն ամեն ինչ փոքրացրել է, խտացրել ու արագացրել: Այդ առումով, Հարավային Կովկասի անվտանգությունը շաղկապված է եվրոպական անվտանգության հետ»,-

Մասամբ կհամաձայնվեմ այս կարծիքի հետ: Աշխարհը իսկապես փոքրացել է, բայց ոչ գիտության մեղքով: Գիտությունը աշխարհը միայն մեծացրել է, իսկ գլոբալ աշխարհատնտեսական կառույցները այն փոքրացրել են ձգտելով իրենց ձեռքում ունենալ բոլոր ռեսուրսները՝ բնական, կոմունիկացիոն, շուկայական, տարածքային, ֆինանսական և այդ ամբողջի կառավարումը իրականացնել իրենց սահմանած կանոններով: Հարավկովկասյան անկայունության մեջ այս երևույթը ունի լուրջ մասնաբաժին: Տարածաշրջանը դիտարկվում է որպես արևմուտքը արևելքի հետ կապող կոմունիկացիոն գերկարևոր և չեզոք միջանցք: Չեզոք, որովհետև այն չի անցնում գլոբալ մրցակցության մեջ գտնվող տերություններից ոչ մեկի տարածքով: Տրամաբանական և ճիշտ մոտեցում է, բայց միայն առաջին հայացքից: Կովկասը այսօր իրենից ներկայացնում է ծխացող վուլկան, որը կարող է ժայթքել ցանկացած պահին: Արտաքին ուժերը արել են ամեն ինչ, որպեսզի ժայթքման պահին այստեղ չզգացվի ոչ կրականյութի, ոչ ել ատելության պակաս: Կրականյութի մասին: Անդրկովկասը երկրագնդի ամենա միլիտարիզացված տարածաշրջաններից  է։ Այսպես.

Զինվոր 1000 բն. Տանկ 1 մլն.բն. Հրետանի 1 մլն.բն.
Հարավ.կովկաս 19 106 95
Թուրքիա 8 48 26
Իրան 12 35 38
ՌԴ 7 46 44

Էլ ավելի անմխիթար է մարտական զրահամեքենաների, միջին և խոշոր տրամաչափի ականանետերի, հրթիռահրետանային համակարգերի համեմատականը։

Սրանք միայն պաշտոնական թվերն են։ Իրական թվերը գերազանցում են 25–40 տոկոսով։

Ռազմական բյուջեները 2000 թ. համեմատ աճել են Հայաստանում 8 անգամ, Ադրբեջնում՝26 անգամ, Վրաստանում՝ 16 անգամ ։ Տարօրինակ  է, որ տարածաշրջանի սրնթաց միլիտարիզացումը հայտնի է և չի դատապարտվում  բյուջեների վրա մետոդական հսկողություն իրականացնող ՀԲ–ի , ԱՄՀ–ի  և միջազգային այլ կառույցների կողմից։

Թուրքիան Ադրբեջանի բանակին հատկացրել է միայն որպես աջակցություն 200 միլիոն, իսկ Վրաստանի բանակին ֆինանսական օգնություն 45 մլն դոլար:

Վերջին տարիներին, ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ երկրները Վրաստանին են հանձնել 206 տանկ, 226 զրահամեքենա, 25 մարտական ուղղաթիռ, 8 մարտական նավեր, 137 հրետանի ու ականանետ և այլն: ընդ որում, մեծ մասը անվճար:

Նախիջևանում 1997 թվականից տեղակայված է թուրքական զորամիավորում։ Միջազգային հանրությունը անտարբեր է։

Տարածաշրջանում առկա ռազմական բալանսի պահպանման վերահսկողությունը դրված է ԵԱՀԿ–ի վրա համաձայն «Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին» պայմանագրի։ Պայմանագրով հաստատված քվոտաները վաղուց խախտված են հատկապես Ադրբեջանում 5-6 անգամ և ԵԱՀԿ–ն անտարբեր է, իսկ Իսրայելը, Պակիստանը, Թուրքիան, Բելոռուսիան, Ռուսաստանը  և նույնիսկ ԱՄՆ-ը  շարունակում են մատակարարել նրան նոր զինատեսակներով:

Այսօր, առաջատար պետությունների կողմից Հարավային Կովկասի սրնթաց ասիմետրիկ սպառազինումը անհերքելի փաստ է:  Փաստ է նաև, որ Հայաստանը , Վրաստանը և Ադրբեջանը Եվրոխորհրդի անդամներ են, ներառված են նաև «Մերձավոր հարևան» և «Արևելյան գործընկերություն» ծրագրերի մեջ, որոնք անդադար պնդում են, որ իրենց նպատակը Հարավային կովկասի ինտեգրումն է Եվրոպայի մեջ, հակամարտությունների կարգավորումը և խաղաղության հաստատումն է: Պարադոքս է: Ինչպե՞ս կարելի հասնել խաղաղության՝ սպառազինելով հակամարտող կողմերին, կտրուկ խախտելով կողմերի միջև ձևավորված ուժային բալանսը:  Չե՞ որ հակամարտությունների կարգավորման և խաղաղության հաստատման ամենակարճ ճանապարհը տարածաշրջանի դեմիլիտարիզացումն է: Այո պարադոքս է, բայց ունի իր բացատրությունը:

Նշեմ մի քանի այլ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող, տարածաշրջանը անկայունացնող  իրողություններ.

Արևմուտքը և ՆԱՏՕ–ն հայտարարում են, որ Սև ծովի վրացական ափը իրենց համար ունի ստրատեգիական նշանակություն։ Բայց այդ ափը նույնքան կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի համար:

Անդրկովկասյան երկրները հայտարարվում են ԱՄՆ–ի գեոռազմավարական արեալ։ Մյուս կողմից, կասկածից վեր է, որ Ռուսաստանի համար, այս տարածաշրջանը եղել և մնում է գերկարևոր:

Տարածաշրջանով է անցնում ՆԱՏՕ-ՀԱՊԿ, քրիստոնեություն-մահմեդականություն բաժանարար գիծը: Այստեղ են խաչվում նեոեվրասիական, նեոատլանտյան և իսլամական ինտեգրացման գեոքաղաքական նախագծերը:

Անմիջական հարևաններ Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի շահերը հակասական և իրարարամերժ են։

Ռուսաստանը, միջազգային գլոբալ մրցակցությունում առաջատար է որպես միջուկային տերություն և մեծածավալ էներգոկիրներ արտահանող երկիր: Հարավային Կովկասի կայացումը, որպես Ադրբեջանից և Միջին Ասիայից էներգոկիրներ փոխադրող տրանսազգային միջանցք, լուրջ սպառնալիք է նրա տնտեսական և աշխարհաքաղաքական շահերին:

Միջազգային կառույցների կողմից իրականացված Հարավկովկասյան «միջանցքային» քաղաքականությունը, ծնելով բազմաթիվ հակասություններ,  ցավոք, բերել է նաև անուղելի սխալների: Նախագծվել և կառուցվել է Հայաստանը շրջանցող Բաքու-Ջեյխան նաֆթամուղը, նախատեսվում է կառուցել Հայաստանը շրջանցող ՆԱԲՈՒԿՕ գազամուղը, նախատեսվում է Կառուցել Ղարս-Ախլքալակ-Թբիլիսի նորից Հայաստանը շրջանցող երկաթգիծը: Ինչու՞ է միջազգային ինտեգրման տնտեսական ծրագրերից մեկուսացվում բացառապես Հայաստանը: Մի՞թե խաղաղություն հետապնդողները, կողմերից մեկի հաշվին մյուսի շահը ապահովելով կհասնեն խաղաղության  :

Վրաստանում և Ադրբեջանում ձևավորվել է խիստ խոցելի տնտեսություն: Վրաստանի  բյուջեի հիմնական եկամուտները- 75 գալիս են տրանզիտ բեռնափոխադրումներից և տուրիզմից, իսկԱդրբեջանի եկամուտների առյուծի բաժինը ստացվում է նավթի արտահանումից: Դժվար չի պատկերացնել այս երկրների սոցիալ-տնտեսական և արդեն իսկ գործող կոմունիկացիոն ենթակառուցվածքների վիճակը, եթե հանկարծ ակտիվանա մինչ օրս չկարգավորված հակամարտություններից թեկուզ մեկը:

Հարավային Կովկասում առկա  է միջազգային հեղինակավոր կառույցների, առաջատար երկրների խոսքի  և գործի լուրջ անհամաձայնությունը: Համաշխարհային հանրությանը ներկայացվում է մի ծրագիր, որով Հարավային Կովկասը պետք  է ինտեգրվի Եվրոպական ընտանիքի մեջ, ժողովրդավարացվի և դառնա արևելք-արևմուտքը կապող  հուսալի կամուրջ: Իրականում տարածաշրջանը նախապատրաստվում է Կովկասյան մեծ պատերազմի, որը լոկալ լինել  չի կարող: Հարավային կովկասի ռեժիմները որդեգրել են այս իրողությանը ադեկվատ վարքագիծ՝ ձևական, ցուցադրական վերաբերմունք Միջազգային կառույցների առջև ստանձնած հանձնառությունների նկատմամբ:

Ուրեմն խնդիրը կայանում է նրանում, որ Հարավային Կովկասում նախ պետք կարգավորել առկա 8 քաղաքական և ռազմական կոնֆլիկտները և նոր միայն ծրագրել նրա միջազգային տնտեսական ինտեգրումը: Հնարավո՞ր է արդյոք: Այո, եթե.Հարավային Կովկասում ազգային, ռազմավարական, աշխարհաքաղաքական շահեր հետապնդող գերտերությունները, միջազգային կառույցները կարողանան համադրել, ի մի բերել իրենց շահերը, որպես նպատակակետ ունենալով տարածաշրջանում արդար և հարատև խաղաղություն հաստատելը, ոչ թե սեփական շահի ապահովումը:

Ցավոք, պետք է նշեմ, որ այս ուղին, այսօր մերժված է:

«Կովկասի անվտանգության ինձ համար ընդունելի բանաձևը հաստատուն խաղաղության կերտումն է` հիմնված գոյություն ունեցող շահերի համադրման և մեր ժողովուրդների դավանած արժեքների վրա` ապրելու ու արարելու, բռնության բացառման, մարդասիրության արժեքների վրա»- ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում:

Անհասկանալի է երբ հեղինակավոր կառույցների, առաջատար պետությունների ղեկավարները, խոսելով հարավկովկասյան հակամարտությունների կարգավորման մասին պնդում են տարածքային ամբողջության պահպանման պահանջը: Խոսում են ազատությունից, ժողովրդավարությունից, արդարությունից, մարդու իրավունքներից և պնդում Ստալինի հաստատած սահմանների անփոփոխելիությունը, սահմաններ, ինչի արդյունքում Ադրբեջանին են բռնակցվել հայաբնակ Ղարաբաղը և Նախիջևանը, Հարավային Լեզգիստանը և  Թալիշստանը: Վրաստանին են «տրվել» Աբխազիան, Աջարիան, Հարավային Օսեթիան, Հայաբնակ Ջավախքը և ադրբեջանաբնակ Բորչալուն: Մեկ անձի ընդունած այդ որոշումներն են, որ դարձան արյունահեղ, քայքայիչ հակամարտությունների պատճառ: 30000-ից ավել զոհեր, 3-4 մլն գաղթականներ, մոտ 200 ավերված բնակավայրեր, 100000-ից ավել հաշմանդամներ... Կարելի՞ է արդյոք օբեկտիվ և հեռնկարային համարել ներկայացված առաջարկները, եթե դրանց հիմքում դրված է ստալինյան սահմանների անձեռնմխելիության պնդումը: Իհարկե ոչ: Դա միայն հիասթափություն , անվստահություն և զարմանք է առաջացնում այդ առաջարկությունների մշակողների ու ներկայացնողների հանդեպ, քանզի ակնհայտ է, որ այդ ճանապարհով կարելի է հասնել միայն նոր պատերազմի, այն ել շատ ավելի արյունահեղ և լայնածավալ, քան նախկինը, բայց ոչ խաղաղության:

Ակներև է դարավոր մի տխուր և անարդար օրինաչափություն՝ հայերի հաշվին ապահովել մյուսների շահերը: Մոտ 200 տարի առաջ հայերը ստիպված էին թողնել հայրենի Կարինը և գաղթել Ռուսաստան: Որոշեցին, որ հայրենազրկելով հայերին և տարածքները հանձնելով Թուրքիային, կապահովեն հայերի անվտանգությունը: Մոտ 30 տարի տևած, թուրքերի կողմից իրականացված բնաջնջումը, սպանդը, թալանը ավարտվեց 1923-ին Արևմտյան Հայաստանի հայության ոչնչացմաբ և հայրենազրկմամբ: Տարածքները, հարստությունը մնաց Թուրքիային, գաղթականի թշվառ կյանքը ու անդառնալի կորուստների ցավը՝ հայերին: Աշխարհի հզորները այսօր Թուրքիային, նույնիսկ Ցեղասպանության ճանաչումից էն փորձում  ազատել: Հայությանը պատկանող տարածքների օկուպացման, փոխհատուցման, մի ամբողջ ազգի հայրենազրկման մասին չեն էլ խոսում: Բայց չե՞ որ Ցեղասպանությունը և տեղահանումը իրականացվել է հայերին պատկանող հողը գրավելու,օկուպացնելու համար: 23 տարի առաջ, Ադրբեջանը սկսեց էլ ավելի գազանային, զազրելի գործողություններ հայության դեմ, քան Թուրքիայում 100 տարի առաջ էր: Նպատակը նույնն էր՝ սպանելու, թալանելու, տեղահանելու միջոցով զավթել հայերին պատկանող հողը և ունեցվածքը: Սանձազերծվեց ռասիստական, զավթողական պատերազմ հայության դեմ: Ադրբեջանի գյուղերում, քաղաքներում մորթում, այրում, բռնաբարում էին հայերին և Մոսկվան որոշեց արտակարգ դրություն մտցնել... Հայաստանում: Դե արի ու մի խենթանա: Շնորհիվ հայության միասնության, արցախցու մարտունակության, հայերենասիրության և խիզախության Ադրբեջանը պարտվեց: Սկսվեց զավեշտների նոր շարք: Թուրքիան շրջափակում է Հայաստանին արդեն 18 տարի: Հայաստանը մեկուսացվում է միջազգային տնտեսական ինտեգրացիոն ծրագրերից նորից Թուրքիայի ջանքերով: Աշխարհի հզորները ԱՄՆ-ի գլխավորությամբ ձգտում են վերականգնել Ադրբեջանի ստալինյան տարածքային ամբողջականությունը, ստիպելով հայերին մոռանալ պատերազմը, նրա արդյունքները, բոլոր միջազգային կառույցների և նույնիսկ համանախագահող երկրների կողմից մոռացության մատնված 600 հազար ադրբեջանահայ փախստականներին: ԵԱՀԿ նախագահը հասել այնտեղ, որ ԼՂՀ-ին  առաջարկել է միակողմանի հետ քաշել սահմանից հայ դիպուկահարներին, կարծես թե դաշտը մաքրում է ադրբեջանցի դիպուկահարների համար: Իսկ Թուրքիայի արտգործնախարար Ա.Դավութօղլուն «Россия в глобальной политике» ամսագրի իր հոդվածում գրում է «Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի զավթումը, ինչը դարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության պատճառ, դժվարացրել է հետագա համագործակցությունը տարածաշրջանային և համաշխարհային մասշտաբով»։ Ես հեռու եմ այն մտքից, որ Դավութօղլուն ուսյալ դիվանագետ չի: Բայց  3 նախադասության մեջ երկու սխալը արդյո՞ք շատ չի ուսյալի համար: Ադրբեջանական բանակին, այդ հողերից նահանջ է պարտադրել Ղարաբաղի ինքնապաշտպանական բանակը, ոչ թե Հայաստանը ու դա տեղի ունեցել Սումգաիթից 6 տարի, ԼՂԻՄ- ին ինքնավարությունից զրկելուց 5 տարի հետո:

Այնուամենայնիվ, դարեր շարունակ հալածվելով  ու գնալով շարունական կորուստերի ճանապարհով հայությանը հաջողվել է Արևելյան Հայաստանի տարածքում ստեղծել Հարավային Կովկասի, համեմատաբար, ամենակայուն միավորը:

Ամփոփելով խոսքս, հրավիրում եմ ձեր ուշադրությունը հետևյալի վրա:

1.Հարավային կովկասում կայուն, անվտանգ և խաղաղ իրավիճակը նախ և առաջ անհրաժեշտ է այստեղ ապրող ազգերին:Ոչ հայ, ոչ վրացի, ոչ ադրբեջանցի ժողովուրդները պատերազմ չեն ուզում: Մենք տեսել ենք պատերազմի գիշատիչ դեմքը և խաղաղությունը համարում էնք բարձրագույն արժեք: Բայց հարավկովկասյան ազգերը արժանապատվությունը դասում են ավելի բարձր, քան մշտապես կուշտ լինելը: Հետևաբար, ուժի միջոցով անարդար լուծում պարտադրելու դեպքում, կայունության և խաղաղության մասին պետք է մոռանալ: Խաղաղության հասնելու պարտադիր պայմաններից էն. ԼՂՀ-ի, Աբխազիայի, Հարավօսեթիայի, անկախությունը ճանաչելը, Ջավախքին, Հարավային Լեզգիստանին, Թալիշստանին, Բորչալուին ինքնավարություն տալն է:

2.Գոյություն ունեցող ստատուս-քվոն պետք է պահպանվի այնքան քանի դեռ չի նախապատրաստվի և հասունացվի առկա բոլոր խնդիրների համալիր կարգավորման, իրատեսական, նախահամաձայնեցված ծրագիրը: Ցանկացած հատվածային պարտադրված, անարդար  լուծում կարող է պայթեցնել ողջ տարածաշրջանը:

3.17 տարի պահպանվող հարաբերական խաղաղության համար մենք պարտական ենք Ռուսաստանին: Ռուսական ռազմական բազայի առակայությունը Հայաստանում կարողացել է զսպել և չեզոքացնել տարածաշրջանի ամենառազմատենչ երկու ուժերի՝ Թուրքիայի և Ադրբեջանի վտանգավոր նկրտումները: Ռուսաստանի դուրս մղումը տարածաշրջանից կունենա անկանխատեսելի վտանգավոր հետևանքներ:

4.Հարավկովկասյան երկրներում հաստատված, քաղաքական, տնտեսական կառավարման համակարգերը ներդրվել են Եվրոպայից և ԱՄՆ-ից, շտապողականության և դրանց նպատակահարմարությունը հիմնավորող հետազոտությունների բացակայության պայմաններում : Այսօր ակնհայտ է, որ լիբերալ-շուկայական համակարգը չի կայացել, վարկաբեկվել և դարձել է սոցիալական ծայր աստիճան բևեռացման, խորը աղքատության, միլիոնավոր մարդկանց արտագաղթի, հրեշավոր չափերի հասնող կոռուպցիայի և համատարած գործազրկության պատճառ:

5. Եվրոպան որդեգրել է մի սկզբունք (այդպիսի կարծիք է ստեղծված), որ հակամարտող կողմերի իշխանությունները ինչքան շատ խնդիրներ ունենան երկրի ներսում , այնքան հեշտ կլինի արտաքին ճնշման միջոցով նրանց զիջումներ պարտադրելը: Հիմնովին սխալ  մարտավարություն է և գործում է խաղաղության հասնելու դեմ:

6.Միջազգային կառույցները, կամ միտումնավոր աչք են փակում, կամ կոպիտ սխալ են թույլ տալիս անտեսելով  ամենավտանգավոր պոտենցիալ կոնֆլիկտի օջախի գոյությունը Հարավային կովկասում: Դա,այսօր արդեն ամբողջովին հայաթափված Նախիջևանն է: Թուրքիայի նախագահ Գյուլը ասում է- «Նախիջևանը հարազատ ու թանկարժեք է և Ադրբեջանի, և Թուրքիայի համար: Նախիջևանը Թուրքիայի համար ունի վիթխարի նշանակություն: Ֆիզիկական առումով նախիջեւանյան տարածաշրջանում Թուրքիայի ու Ադրբեջանի սահմանը փոքր է, սակայն քաղաքական առումով 10-12 կիլոմետր երկարությամբ սահմանն ունի ծայրահեղ կարեւորություն: Մեր այս սահմանը հանդիսանում է շատ խորհրդանշական անցում, որն աշխարհագրորեն Թուրքիան կապում է թյուրքական երկրների հետ»: 2005 թվականին Թուրքիան Իրանին առաջարկեց փակ համաձայնագիր կնքել Նախիջեւանում դերերի բաշխման մասին, սակայն Իրանը կտրուկ մերժեց դա` ելնելով նրանից, որ Նախիջեւանը պատկանում է Ադրբեջանին: Այնուամենայնիվ, Թուրքիան կառուցում է 129 կմ Իգդիր-Նախիջևան երկաթուղի, այն դեպքում երբ Թուրքիային Նախիջևանի հետ կապող երկաթուղի վաղուց կա, բայց անցնում է Հայաստանով: Նախատեսվում է կառուցել նաև Իգդիր-նախիջևան գազամուղ այն դեպքում երբ Նախիջևանը լիովին ապահովված է իրանական գազով: «Ադրբեջանի հետ սահմաններ չունեցող ՆԻՀ-ը մնացել է միայնակ Հայաստանից բխող անվտանգության սպառնալիքների հանդեպ: Այդ սպառնալիքի չեզոքացման համար մեր երկրների միջեւ հարաբերություններում շատ կարեւոր է համարվում ռազմական համագործակցությունն Ադրբեջանի ու Նախիջևանի հետ»- հայտարարում է Թուրքիայի ԱԳՆ-ն առանձին և հավասար հարթությունների վրա դնելով ռազմակական համագործակցությունը Ադրբեջանի և ՆԻՀ-ի հետ: Ու՞մ դեմ է օգտագործելու Թուրքիան ռազմականացված Նախիջևանը՝ Հայաստանի՞, Իրանի՞ թե՞ Ռուսաստանի:

7.Հարավկովկասյան անկայունության կարևորագույն պատճառներից մեկը չկարգավորված հայ-թրքական հարաբերություններն են: Ավելորդ չի մեկ անգամ ևս շեշտել, որ Ղարաբաղ-Ադրբեջան քաղաքական վեճը ռազմական հակամարտության վերածելու հեղինակը եղել է Թուրքիան: Հայ-Թրքական հարաբերությունները կարող են կարգավորվել միայն Թուրքիայի կողմից Ցեղասպանությունը ընդունելուց և վնասների հատուցման պարտավորությունը ստանձնելուց հետո: Ցանկացած այլ լուծում ոչ միայն ժամանակավոր, այլև ապակայունացնող կլինի:

Վահան Շիրխանյան

Այս խորագրի վերջին նյութերը