Լրահոս

29.03.2011 20:16


«Սարդարապատում» քննարկվել են բնապահպանական խնդիրներ

Մարտի 29-ին  «ՄԻԺԻ» գրասենյակում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի բնապահպանության հանձնաժողովի նիստը «Բնապահպանական հայեցակարգի մշակման արդյունավետ մեխանիզմները» թեմայով:

Նիստի ընթացքում քննարկվեցին, թե ինչպե՞ս սեղմ ժամկետներում պետք է մշակել բնապահպանական ամբողջական հայեցակարգ, օգտվելով մինչ այժմ կազմված տարբեր ձևաչափերի հայեցակարգային փաստաթղթերի բովանդակությունից, հաշվի առնելով նաև  արդի բնապահպանական մարտահրավերներն, միաժամանակ ներգրավելով այդ աշխատանքներում փորձագետներին և էկոակտիվիստներին:

Մասնակիցների կողմից ներկայացվեցին հայեցակարգային մի քանի տեքստեր, որոնք մեծամասամբ տեսական և վերացական էին, կամ ընդգրկում էին միայն որոշակի բնապահպանական ոլորտներ, կամ էլ որոշ դեպքերում արդեն ժամանակավրեպ էին: Ներկաները համաձայնության եկան նոր բնապահպանական հայեցակարգի մշակման անհրաժեշտության խնդրի շուրջ:

«Խազեր» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արամ Գաբրիելյանը  նշեց, որ այժմ կա պետական հանձնաժողով, որն աշխատում է բնապահպանական օրենսգրքի ստեղծման ուղղությամբ, չունենալով նախապես մշակված հայեցակարգ: Նա նաև կարևորեց բնապահպանական առարկայի և սահմանումների հստակեցման խնդիրը։

Ըստ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Սուրեն Գրիգորյանի Բնապահպանական հայեցակարգի մշակման գործընթացում անհրաժեշտ է նախ կազմել Հայաստանի բնապահպանական «անձնագիրը», որում կամփոփվեն Հայաստանի բնապահպանական իրավիճակն ու խնդիրները և դրանից հետո միայն կարելի է անդրադառնալ լուծումներին:

ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գոհար Ղազինյանը առաջարկեց հայեցակարգի մշակման ընթացքում անպայմանորեն հաշվի առնել միջազգային բնապահպանական համաձայնագրերը` կոնվենցիաները, որոնք պատշաճ կիրառում չեն գտնում Հայաստանում և կան բնապահպանական կոնվենցիաներ, որոնց Հայաստանը դեռ չի միացել: Թեև Հայաստանը վավերացրել է շուրջ 16 միջազգային պայմանագիր, սակայն արդյունքները տեսանելի չեն։ Նա նաև նշեց մոնիթորինգ-վերլուծություն իրականացնելու և հետո միայն էկոլոգիական քաղաքականություն մշակելու մասին, ինչը բնորոշվեց որպես բուժման, բարելավման մեթոդ:

«Թռչնասերների կենտրոնի» ղեկավար Սիլվա Ադամյանը արձանագրեց, որ միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից մեր երկրում իրականացվող ծրագրերը շատ փակ են, թեև նրանք միշտ պնդում են , որ նախապես արվում է ամեն ինչ հասարակությանը իրազեկելու համար:

«Դեպի ու՞ր Երևան» ծրագրի տնօրեն, քաղաքաշինարար Ալեն Ամիրխանյանի համոզմամբ, այսօրվա դրությամբ էկոլոգիական խնդիրները պետք է դիտարկել տնտեսականին զուգահեռ, կարևորելով այն հանգամանքը, որ բնապահպանական քաղաքականություն մշակելիս  պետք է հաշվի առնել տնտեսական գործոնները, համադրել և համաձայնեցնել դրանք:

Ըստ Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի նախագահ Գարեգին Չուգասզյանի այսօր Հայաստանում կան գաղափարակիրներ և ցինիկներ, չկա բնապահպանական ընդհանուր գաղափարախոսություն։ Այս ոլորտի խնդիրները ակնհայտ կարող են երևալ, երբ հնարավոր կլինի հասկանալ, թե կոնկրետ ինչի հետ գործ ունենք։ Եվ ամբողջական համակարգն է սխալ, և առանձին ոլորտների համակարգերը, և երբ փորձ է արվում դրանց խնդիրները առանձին լուծել, ինչը շատ մեծ ուժ է պահանջում և կարող է տալ ոչ մեծ արդյունքներ։ Այսօր քննարկման դրվող խնդիրները չեն դիտարկվում մեկ ամբողջական համակարգի մեջ:

Նիստի մասնակիցները համաձայնվեցին հետագա հանդիպումներում ոլորտ առ ոլորտ, սկսելով ամենաառաջնայիններից, սկսել բնապահպանական հայեցակարգի մշակումը:

Այս խորագրի վերջին նյութերը