Լրահոս

29.03.2011 18:07


Հայ ուսանողուհին մասնակցեց Ստրասբուրգում կայացած Եվրոպական վիրտուալ աստղադիտարանի դպրոցին

Մարտի 21-24-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի ունեցավ Եվրոպական վիրտուալ աստղադիտարանի (Euro-VO) կողմից կազմակերպած դպրոց երիտասարդ աստղագետների համար, ովքեր հետաքրքրված են վիրտուալ աստղագիտությամբ: Հայկական և Եվրոպական վիրտուալ աստղադիտարանների համագործակցության շնորհիվ 30 այլ երիտասարդների հետ միասին այդ դպրոցին մասնակցեց նաև ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի և Հայկական վիրտուալ աստղադիտարանի նախագծի անդամ Գոհար Հարությունյանը: Մյուս մասնակիցները ներկայացնում էին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Ավստրիան, Հունաստանը, Բուլղարիան, Ուկրաինան և Չիլին: Հիշեցնենք, որ Ստրասբուրգի աստղադիտարանում է գտնվում աշխարհի աստղագիտական խոշորագույն տվյալների շտեմարաններից մեկը (CDS) և այնտեղ աշխատում են վիրտուալ աստղագիտության լավագույն մասնագետները, ովքեր էլ դպրոցի ընթացքում իրենց գիտելիքները փոխանցեցին երիտասարդներին: Վիրտուալ աստղադիտարանը (ՎԱ կամ VO – Virtual Observatory) նոր ուղիներ է բացում բոլոր ցամաքային և տիեզերական աստղադիտակների կողմից ստացված և ստացվող տվյալների հսկայական ծավալի արդյունավետ օգտագործման, ինչպես նաև աստղագետների և համակարգչային մասնագետների համագործակցության համար: Դպրոցում ուսուցանվեցին և կիրառվեցին ՎԱ կարևորագույն ծրագրերը, որոնցով հնարավոր է պատկերների, կատալոգների, մեծաքանակ լուսաչափական և սպեկտրային տվյալների մասսայական ուսումնասիրություններ կատարել: Յուրաքանչյուր մասնակից ներկայացրեց գիտական ծրագիր, որի իրականացումը ՎԱ եղանակներով բերում է նոր հայտնագործությունների: Գոհար Հարությունյանը ներկայացրեց և ՎԱ միջավայրում փորձարկեց Հայկական ՎԱ կողմից իրականացվող ակտիվ գալակտիկաների բազմալիքային ուսումնասիրության ծրագիրը: Այն ներկայումս հաջողությամբ իրականացվում է Բյուրականի աստղադիտարանում, և դրա արդյունքում սպասվում է ակտիվ գալակտիկաների բազմալիքային կատալոգի ստեղծում, նրանց սպեկտրալ էներգիայի բազմալիքային բաշխման կառուցում և դասակարգումների վերանայում, ինչպես նաև ռենտգենյան, գերմանուշակագույն, օպտիկական, ենթակարմիր և ռադիո հատկությունների մանրակրկիտ ուսումնասիրություն:

Այս խորագրի վերջին նյութերը