Հարցազրույց

13.06.2020 09:27


Ուղղակի Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա՝ հասկանալով, որ ինքը տապալել է երկրի կառավարումը․ Արեն Ապիկյան (տեսանյութ)

Ուղղակի Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա՝ հասկանալով, որ ինքը տապալել է երկրի կառավարումը․ Արեն Ապիկյան (տեսանյութ)

Բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանն այն կարծիքին չէ, թե արտակարգ դրությունը խանգարում է հնարավոր իշխանափոխությանը, որովհետև ըստ նրա՝ 2018թ. մեծ բողոքը չի լինի, որովհետև դեռ եռման աստիճանին չի հասել:

«Բնական է, որ շատերը հիասթափված են, որ Նիկոլ Փաշինյանի եռանդուն պաշտպաններից շատերը նրանք քննադատում են, բնական է, որ մարդիկ իրենց խաբված են զգում, որովհետև այն, ինչի համար նրանք արել են այս հեղափոխությունը, չի արդարացրել իրեն: Իմ կարծիքով՝ հեռացումը լինելու է լրիվ այլ տրամաբանության մեջ՝ ուղղակի Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, հասկանալով, որ ինքը տապալել է երկրի կառավարումը, հասցրել մի վիճակի, որից երկիրը չի կարող հանել, և շատ լավ հասկանալով, որ դրանում մեղադրելու են իրեն: Եվ քանի որ ինքը պոպուլիստ է, իր համար ավելի շատ նշանակություն ունի մարդկանց կարծիքը՝ իր կառավարման մասին, քան իր իրական կառավարման արդյունքները, նա դա կանի այն ժամանակ, երբ զգա, որ իր լայվերի տակ ավելի շատ բացասական մեկնաբանություններ կան, քան դրական»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հարցին՝ բայց հիմա արդեն բացասական քոմենթները չե՞ն գերակշռում, նա պատասխանեց. «Մոտենում ենք դրան: Եթե 2 տարի առաջ 90 տոկոսը դրական էր, 10 տոկոսը՝ բացասական, հիմա մոտավորապես 50/50 է, բայց մինչև տարվա վերջ պատկերը հակառակը կլինի»:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի կերպարն այնպիսին է, որ նա միշտ մեղավորներ է գտնում, միշտ ունենում է քննադատության օբյեկտ. «Ինքը երբեք չի ուզում լինել այդ քննադատության օբյեկտը և երբեք չի ճանաչելու իր մեղավորությունը: Նման մարդիկ կան, որ մինչև վերջ բոլորին կմեղադրեն իրենց անհաջողությունների մեջ, բայց չեն ընդունի իրենց մեղավորության չափաբաժինը: Նիկոլ Փաշինյանն ուղղակի այդպիսի մարդ է, ես վստահ եմ, որ ինքը տանն էլ է այդպես: Նա չի ասի, որ մեղավոր է, ուղղակի կվախենա և հրաժարական կտա: Ինքը կասի՝ ժողովուրդը չհասկացավ իրեն, կմտնի չհասկացված հանճարի կերպարի մեջ, որ ինքն ուզում էր լավը բոլորի համար, բայց իրեն չհասկացան կամ չթողեցին, ժողովուրդը գիտակից չէր, դուրս չեկավ փողոց, երբ իրեն պետք էր»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե՝ եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է նաև ժողովուրդը, որովհետև իրենք են այս կառավարությանը բերել, նա նշեց, որ դա էլ է պոպուլիստական հայտարարություն՝ հավասարեցնել իշխանությանն ու ժողովրդին. «Աշխարհում որևէ երկիր չկա, որտեղ իշխանությունն ու ժողովուրդը պետք է հավասարեցնել. Ժողովուրդն ընդամենը միջոց է իշխանության գալու համար, այսինքն՝ ժողովուրդն ընտրում է իր վրա իշխող ուժ, որն ինչ-որ ժամանակահատվածում իշխանություն է ձևավորում և իշխում ժողովրդի վրա: Իհարկե, կարելի է ասել՝ մենք չենք մեղավոր, ժողովուրդն է մեղավոր, որովհետև անգիտակից է և դիմակ չի կրում, բայց դա չի անցնելու: Նույն ժողովուրդը սկսում է հասկանալ, որ իրեն ներքաշել են ինչ-որ խաղի մեջ, որտեղ ինքը և՛ զոհ է, և՛ իրավիճակի պատասխանատուն: Իրականում, ժողովուրդը հիմա զոհն է այս կառավարման որակի, այսինքն՝ վատ կառավարման պատճառով ժողովուրդը տուժում է՝ մարդիկ հիվանդանում են, շատերն արդեն կորցնում են իրենց հարազատներին, և այլն: Շատ ծանր ճգնաժամային վիճակ է, և այդ ամենի ֆոնին ասել՝ դուք եք մեղավոր, չի անցնելու, արդեն չի անցնում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը