Աշխարհ

12.06.2020 21:35


«Քո ամենավերջին նվերն ինձ այսօր լույս աշխարհ եկավ»․ կորոնավիրուսի մասին առաջինը հայտնած և հենց այդ վարակից մահացած չինացի բժշկի կինն առողջ երեխա է ունեցել

«Քո ամենավերջին նվերն ինձ այսօր լույս աշխարհ եկավ»․ կորոնավիրուսի մասին առաջինը հայտնած և հենց այդ վարակից մահացած չինացի բժշկի կինն առողջ երեխա է ունեցել

Չինական Ուհան քաղաքում կորոնավիրուսի տարածման մասին առաջինը հայտնած և հետագայում COVID-19-ից մահացած բժիշկ Լի Վենլյանի կինն առողջ երեխա է լույս աշխարհ բերել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Աղբյուրը մանրամասնում է, որ մայրը և նորածինը լիովին առողջ են։ Բժշկի կինը՝ Ֆու Սյուեցզեն, WeChat սոցկայքի իր օգտահաշվում գրել է․ «Իմ ամուսին, դրախտում տեսա՞ր դա։ Քո ամենավերջին նվերն ինձ այսօր լույս աշխարհ եկավ»։

Հիշեցնենք, որ Ուհանի Կենտրոնական հիվանդանոցի բժիշկ Լի Վենլյանը դեկտեմբերի 30-ին չինական WeChat սոցկայքում իր գործընկերներին պատմել էր ծովամթերքի «Հուանան» շուկայում SARS վարակի 7 նոր դեպքի հաստատման մասին: Այդ ժամանակ նա դեռ չէր իմացել, որ նոր կորոնավիրուսը տարբերվում է նախկինում հանդիպած վարակներից: Լիի հրապարակումը մեծ արագությամբ տարածվել էր սոցիալական ցանցերում, քանի որ մարդիկ վախեցել են SARS վիրուսի հնարավոր վերադարձից:

Հաջորդ օրը Լին և 7 այլ բժիշկ հրավիրվել էին Ուհանի ոստիկանություն և նախազգուշացվել, որ այլևս «կեղծ առցանց հայտարարություններ» չանեն, քանի որ դրանք կարող են խախտել հասարակական կարգը:

Հունվարի 11-ին Լին Weibo միկրոբլոգի իր էջում գրել էր, որ հազ և բարձր ջերմություն ունի: Իսկ ուրբաթ արված իր վերջին հրապարակման մեջ նա հաղորդել էր, որ իր մոտ հաստատվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքը:

Մարտին Ուհան քաղաքի ոստիկանությունը պաշտոնապես ներողություն էր հայցել բժշկի ընտանիքից։

Հուբեյ նահանգի կառավարությունն ապրիլի սկզբին Լի Վենլյանին հետմահու «նահատակ հերոսի» կոչման է արժանացրել․ այն Կոմունիստական կուսակցության և պետության կողմից իրենց կյանքը պետությանը, հասարակությանը և մարդկանց ծառայելուն նվիրած քաղաքացիներին տրվող բարձրագույն պատվավոր կոչում է։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը