Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 20–ին Արմավիրում անցկացված քաղաքապետի ընտրությունները, որոնց ժամանակ վերընտրվեց Ռուբեն Խլղաթյանը՝ առաջ անցնելով իր հիմնական մրցակիցը համարվող Սևակ Մինասյանից, բազմաթիվ բողոքների տեղիք էր տվել։ «Հանուն ժողովրդավարության ընկերակցություն» դիտորդական առաքելության ղեկավար ԱրմենԾատուրյանը հայտարարել էր, թե նախընտրական շրջանում Արմավիրում վախի մթնոլորտ է տիրել։ Իր հերթին Սևակ Մինասյանը հայտարարել էր, թե Արմավիրի ոստիկանապետն իրեն ծեծել է: Որպես կեղծված ընտրություններից բողոքի նշան՝ մարտի 21-ին մի խումբ արմավիրցիներ էլ փակել էին Արմավիր-Երևան ճանպարհը։ ՀՀ Արմավիրի մարզի դատախազի ցուցումներով էլ Արմավիրի քաղաքապետի ընտրությունների ընթացքում տեղի ունեցած օրինախախտումների դեպքերով հարուցվել են քրեական գործեր:
Այսօր, սակայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը«7օր»–ին ասել է, թե իրենց համար Արմավիրի ընտրություններն ավարտվել են.
–Արմավիրի ընտրությունների վերաբերյալ ընտրատարածքային ընտարկան հանձնաժողովն ընդունել է համապատասխան որոշում, այնպիսի որոշում, ինչպիսին որ կարող էր ընդունել, այն է՝ ընտրվել է թեկնածու Խլղաթյանը։ Այդ որոշումը կարող է բողոքարկվել միայն դատական կարգով, և կարծում եմ՝ թեկնածուն դրա մասին պետք է տեղյակ լինի։
Գ. Ազարյանը նաև հավելել է.
–Եթե մեկը հավաքում է հաղթողից ընդամենը մոտ 1000 ձայն պակաս և հավաքում է մոտավորապես 6000 ձայն, հաստատ պետք է լինեն դժգոհողներ, որովհետև մենք չունենք այն մշակույթը, որ կոչվում է ընտրական մշակույթ, որի արդյունքում պետք է ունենանք համարձակություն և ընդունենք մեր պարտությունը, այլ ոչ թե անօրինական գործողություններ ստեղծենք։
Նշենք, որ ԿԸՀ–ի ներկայացրած տվյալներով՝ Արմավիրի քաղաքապետի ընտրություններում անկուսակցական Առնակ Գևորգյանըստացել է 710, անկուսակցական Կարեն Վարդանյանը՝ 330, անկուսակցական, իրավաբան Սևակ Մինասյանը՝ 5811, իսկ Արմավիրի ՀՀԿ–ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը՝ 6849 ձայն։
Գարեգին Ազարյան. «Ընտրվել է թեկնածու Խլղաթյանը»
7or.am