Հարցազրույց

29.03.2011 11:21


Արթուր Սաքունց

Արթուր Սաքունց

Հարցազրույց Հելիսնկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրանեսյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ

–Ինչպե՞ս եք գնահատում մարտի 20–ին տեղի ունեցած Արմավիրի քաղաքապետի ընտրությունները, որոնք բազմաթիվ բողոքներ առաջացրեցին, ընտրողները նույնիսկ փակեցին Արմավիր տանող ճանապարհը։

Արմավիրի քաղաքապետի ընտրություններին անմիջապես չեմ մասնակցել, այդ պատճառով ամբողջական գնահատական չեմ կարող տալ: Այնուամենայնիվ, ելնելով մամուլի հրապարակումներից՝ կարելի է եզրակացնել, որ այն չի տարբերվել հայաստանյան մյուս բոլոր ընտրություններից: Բայց կարևոր է մեկ  հանգամանք` որ նույնիսկ արդեն Արմավիրի նման փոքր համայնքում ընտրախախտումների նկատմամբ ընտրողները ցույց են տալիս իրենց բուռն ընդվզումը և անհամաձայնությունը, որը դրսևորվում է նաև հրապարակային այնպիսի ակցիաներով, ինչպիսին մայրուղու փակումն է: Սա պետք է որ լուրջ ահազանգ լինի իշխանությունների համար: Միաժամանակ սա գալիս է հաստատելու այն, որ Հայաստանում հասարակությունը այլևս փոխվել է և հակված է չհանդուրժելու իր արժանապատվության խախտման փաստը:

–ԱԺ վերջին քառօրյայում քննարկվեց Ընտրական օրենսգրքի կոալիցիայի նախագիծը, որը, ըստ որոշ մարդկանց, կեղծիքների հնարավորությունները չի վերացնում։ Ձեր կարծիքով` այս նախագիծը որքանո՞վ կնպաստի ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացմանը։

Ընդհանրապես ընտրական օրենսգրքի որևէ նախագիծ երբևէ չի նպաստել ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը։ Հիշենք, որ ամեն ընտրություններից առաջ ընտրական օրենսգրքի փոփոխություններին հաջորդել են լայնածավալ խախտումները, և ավելի վատ ձևով: Բայց որպես հասարակական կազմակերպության ներկայացուցիչ` նկատեմ, որ այս Ընտրական օրենսգրքում առաջարկվում է փոփոխություն, որով լրջորեն կարող են սահմանափակվել իրապես դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների մասնակցույթունը ընտրություններին: Խոսքը վերաբերում է նախագծերի այն դրույթին, համաձայն որի դիտորդական առաքելություն իրականացնելու համար հասարակական կազմակերպության անդամները պետք է նախ Կենտրոնական ընտրական հանձաժողովի կողմից սահմանված կարգով ստանան արտոնագիր, այսինքն՝ անցնեն դասընթաց և հանձնեն քննություն, որպեսզի իրավունք ունենան իրականացնելու ընտրությունների դիտարկումը: Այս դրույթը, իմ կարծիքով, օրենսդրական լծակ է կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձեռքին, որով կարող է ոչ ցանկալի ՀԿ-ներին թույլ չտալ իրականացնել դիտրոդական առաքելություն։ Այսինքն՝ ընտրախախտումների արձանագրման, բողոքարկման հնարավորություններն առաջարկվող նախագծով ավելի նեղանում են: Միայն այս դրույթով կարող եմ ասել, որ օրենքի կոալիցիայի նախագիծն արդեն իսկ օրենսդրական մակարդակով չի նպաստում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը։

–Ընդհանրապես, ի՞նչ է հարկավոր օրինական ընտրություններ անցկացնելու համար։ Արդյոք հիմնականում միայն իշխանությունների կամքի պակա՞սը չէ, որ Հայաստանում այդպիսիք տեղի չեն ունենում։

Այն, որ ընտրությունների արդյուքները կեղծվում են իշխանությունների կողմից, սա փաստ է, և, ցավոք, օրինաչափություն։ Բայց արդյոք միայն իշխանությունների կամքո՞վ է պայմանավորված օրինական ընտրությունների անցկացումը: Նման դրույթի հետ ես չեմ կարող համաձայնվել, որովհետև բազմազան և բազմաթիվ ընդիմադիր կուսակցությւոնները, քաղաքական ուժերը՝ հանձինս իրենց վստահված անձանց, նույնպես պատասխանատու են ընտրախախտումների դիմագրավման և կասեցման համար: Մի քանի հազար հասարակական կազմակերպությունները նույնպես պատասխանատու են՝ անկախ նրանից՝ մասնակցո՞ւմ են, թե՞ ոչ, ընտրախախտումների բացառմանը։ Այսինքն՝ օրինական ընտրությունների անցկացման համար, եթե բացակայում է  իշխանությունների կամքը, որը զարմանալի չէ, ապա առավել ևս նման պայմաններում անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության ինստիտուտների և ընդդիմադիր քաղաքական ուժերի կամքի առկայությունը՝ թույլ չտալու ընտրախախտումներ: Ցավոք, մի քանի տասնյակ քաղաքական կուսակցությունները նույնիսկ չեն կարողանում ՀՀ ընտրական տեղամասերում գոնե մեկ լիարժեք սկզբունքային և հետևողական անկաշառ վստահված անձ ներկայացնել ընտրությունների ժամանակ:

–Ըստ ձեզ՝ մենք գնում ենք արտահե՞րթ, թե՞ հերթական ընտրությունների։

Ինձ համար նույնիսկ հետաքրքիր չէ՝ արտահե՞րթ, թե՞ հերթական: Առավել՝ խնդիրը նույնիսկ դա չէ, ավելի կարևոր է այն հանգամանքը, որ առաջիկա ընտրություններին մենք գնում են բոլորովին նոր որակական ընտրազանգվածով: Իհարկե, դա դեռևս բավարար չէ լիարժեք իրական ընտրություն անցկացնելու համար, բայց հիշենք, որ ի տարբերություն 2007-2008թթ. ընտրությունների՝ այս ընտրազանգվածն ավելի երկարատև և ավելի դաժան փորձառություն է անցել։ Երկրորդ` փոփոխությունների կամքը դրսևորվում է ոչ միայն ընդիմադիր դաշտում կամ նրա կողմից կազմակերպվող հանրահավաքների և հանրային այլ միջոցառումների ժամանակ, այլ նաև ինքնաբուխ հասարակական բողոքների ժամանակ, մասնավորապես՝ բացօթյա առևտրի, վրացական պետհամարանիշով ավտոմեքենաների, սոցիալական այլ խնդիրների, էկոլոգիական հիմնախնդիրների ժամանակ: Եվ վերջապես, այս ընտրազանգվածն ավելի քիչ կառավարելի է հատկապես իշխանական կառույցների կողմից: Այսինքն՝ մենք պետք է մտածենք ոչ թե արտահերթ կամ հերթական, այլ բոլորովին  նոր որակի ընտրությունների մասին:

–Ամեն անգամ ընտրություններից հետո ընդդիմությունը բողոքում է, թե դրանք կեղծվել են։ Այժմ էլ ժողովրդի շրջանում իշխանություններից դժգոհությունն է՛լ ավելի է մեծանում։ Սակայն այդպես էլ ոչինչ չի հաջողվում փոխել, և ինչպես միշտ՝ այդպես դժգոհ լինելով էլ կարծես կրկին գլորվում և հասնում ենք հերթական ընտրություններին։ Ի՞նչ եք կարծում, ստեղծված ներքաղաքական իրավիճակը փոխելու համար ի՞նչ է անհարժեշտ, և որքանո՞վ է հրապարկում առկա ընդդիմությունն ի վիճակի այն փոխելու։

Արդեն հարցի մեջ նշվում է, որ իշխանություններից դժգոհությունը գնալով մեծանում է: Ընդ որում՝ դժգոհության շրջանակները բավական ընդլայնվում են՝ ավելացնելով զինված ուժերում, ոստիկանության բաժանմունքներում բռնությունների և մահացության դեպքերի նկատմամբ հասարակության ուշադրության  և դժգոհությունների աճը: Փոխվո՞ւմ է ինչ-որ բան։ Կարծում եմ՝ այո՛: Ես դա կձևակերպեի որպես հաշվետվողականության որոշակի աստիճան, որը նախկինում ընդրանրապես գոյություն չուներ: Ես միշտ մտածել եմ՝ թե՛ իշխանության, թե՛ ընդիմության մոտ, եթե բացակայում է քաղաքական կամքը իրավիճակը փոխելու համար, ապա անհրաժեշտ է քաղաքացիական կամք: Եվ ոչ թե՝ քաղաքական ուժերը պետք է հանդիսանան իրավիճակը փոխելու հիմնական միջոցը, այլ հենց հասարակական պահանջարկը պիտի հանգեցնի իրավիճակի փոփոխմանը: Ըստ էության, ունենք երկու ընդիմադիր ուժ՝ ՀԱԿ-ը և «Ժառանգությունը»: Երկու ուժն էլ պատասխանատու են իրավիճակի փոփոխմանն ուղղված հասարակական պահանջարկի իրականացման համար: Թե ո՞ւմ կհաջողվի բավարարել այդ պահանջարկը, դժվար է կանխատեսել։ Կարևորն այն է, որ մենք ունենք ընտրության հնարավորություն: Սա է նաև իրավիճակի փոփոխությանը հասնելու կարևոր գրավականներից մեկը: Իհարկե, կա մեկ վտանգավոր գործոն, և դա ամենևին իշխանությունը չէ, այլ դա դեմոգրաֆիկ իրավիճակն է, որը պայմանվորված է բնակչության կազմակերպված արտագաղթով:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը