Տնտեսական

28.03.2011 17:25


«Մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ու միջազգային կառույցների գումարները

«Մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ու միջազգային կառույցների գումարները

4–րդ գումարման ՀՀ Ազգային ժողովի 9–րդ նստաշրջանի  մարտի 21–25–ի քառօրյա նիստերի ժամանակ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար ներկայացրել է «Մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Օրինագծի 1–ին ընթերցումից հետո եղել են մի շարք առաջարկներ, որոնց մի մասն ընդունվել է։ Ա. Շաբոյանն առանձնացրել է ՀՀԿ–ական պատգամավոր Վարդան Այվազյանի առաջարկը, ըստ որի՝ ֆինանսական տուգանքներից բացի, առաջարկվում է՝ այն խոշոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, որոնք գնային չարաշահումներ են թույլ տալիս, կիրառել նաև պատասխանատվության այլ միջոցներ։ Մասնավորապես, եթե տնտեսվարող սուբյեկտը գնային չարաշահումների հետևանքով գերշահույթներ է ստանում, ապա հանձնաժողովն այդ գերշահույթը պետական բյուջեի օգտին գանձելու հնարավորություն պետք է ունենա, բացի դրանից՝ կիրառելով նաև ֆինանսական տուգանքներ։

Ա. Շաբոյանը նաև անդրադարձել է ՏՄՊՊՀ ստուգումների վերաբերյալ օրենքին, որտեղ հանձնաժողովի իրավասությունների առումով զգալի փոփոխություններ են կատարվել, որոնք կհանգեցնեն վերջինիս վերահսկողական կարողությունների ուժեղացմանը։

Նա նաև նշել է, որ օրինագծում հստակ սահմանվում է գների չհիմնավորված բարձրացումը, պահպանումն ու իջեցումը, որոնք կապվել են տնտեսական գործոնների հետ։ Տրվել են նաև տնտեսական գործոնների սահմանումները։

Արտակ Շաբոյանը նշել էր նաև, որ օրինագծի մշակմանը միջազգային կառույցներ էլ են ըմասնակցել։ Հաճախ է լինում, որ միջազգային կառույցները մատնանշում են որևէ ոլորտում առկա խնդիրը։ Այդ խնդիրը լուծելու համար էլ ՀՀ պաշտոնյաներն ասում են, օրինակ, թե օրինագծի մշակման համար գումար չկա, համակարգիչ չկա, փորձագետներ պետք է վարձել և այլն, ինչի համար միջազգային կառույցները գումար են հատկացնում։ Նույնը տեղի է ունեցել վերոնշյալ օրինագծի պարագայում։

Գումարն այդ կառույցներից վերցվել է (մեր տեղեկություններով՝ 40–50 հազ. դոլար, այս տեղեկությունը ճշտելու համար, սակայն, ՏՄՊՊՀ–ի հետ կապ հաստատել չհաջողվեց – «7օր»), սակայն հատկանշական է, որ օրենքում կատարված փոփոխությունների մեծ մասը խմբագրական բնույթի են։

Անկախ այդ ամենից, հետաքրքրություն է առաջացնում գերշահույթը հօգուտ պետբյուջեի գանձելու վերաբերյալ Վարդան Այվազյանի առաջարկությունը։ Իրականում գների բարձրացման հարցում բացեր կան, քանի որ հնարավոր է, որ տնտեսվարող սուբյեկտը ցանկանա գները բարձրացնել, օրինակ, տեխնիկական վերզինում իրականացնելու կամ աշխատավարձ բաձրացնելու նպատակով, սակայն նրան կարող են մերժել։ Այս պարագայում գանձվում է տվյալ ապրանքատեսակից ստացված ողջ գերշահույթը։

Մյուս խնդիրն այն է, որ անբարեխիղճ մրցակցության դեպքում տնտեսվարողից գանձվում է ողջ հասույթի 1%-ը, այսինքն այս պարագայում գանձվում է ոչ թե ապրանքային շուկայի տոկոսը, այլ ողջ հասույթի 1%-ը։

Հարց է առաջանում՝ ՀՀ–ին հարկավոր է հակամենաշնորհայի՞ն, թե՞ մրցակցային պաշտպանության օրենք։ Այս հարցն ասուլիսների ժամանակ մշտապես տալիս է Վարդան Այվազյանը ու հղում անելով երկրի առանձնահատկությանը՝ նշում է, թե ՀՀ–ին անհրաժեշտ են մենաշնորհները։

Սակայն եթե ելնում ենք երկրի առանձնահատկությունից, և մենաշնորհն անհրաժեշտ է, ապա ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանի կարծիքով՝ պետությունը պետք է օրենքով ամրագրի, որ որոշ ոլորտներում մենաշնորհը հարկավոր է, և պետք է կիրառի գների կարգավորումը։ Այնինչ, տնտեսական օրենսդրությունն այսօր մրցակցային է, բայց ձևականորեն մենաշնորհային է, ինչը փոխում է ողջ իրավիճակը։ Մենաշնորհի սահմանմանը, այդուհանդերձ, Ա. Նռանյանը դեմ է, քանի որ ավելի լավ է մենաշնորհ չլինի, ու գները մրցակցային դաշտում որոշվեն։ Այդ պարագայում կգործի եվրոպական մոդելը՝ գները կլինեն բարձր, բայց գումարը շատ մարդկանց մեջ կբաժանվի, և գումար կվաստակեն բոլորը։

Հակամենաշնորհային օրենսդրությունը ներառում է նաև մրցակցային դաշտ, պարզապես՝ առանց մենաշնորհների։

«Մրցակցության պաշտպանության մասին» օրենքի նախագծով նաև նախատեսվում է, որ ապօրինի պետական աջակցություն ստանալու դեպքում տնտեսվարողից գումարը վերցվում է, և դրանից բացի՝ տուգանք է սահմանվում։

Այստեղ խնդիր է առաջանում. արդյոք պատիժը պետք է կրի տնտեսվարող սուբյե՞կտը, թե՞ պետական աջակցություն տրամադրելու մասին որոշում կայացրած կառույցը, այսինքն՝ այս դեպքում ապօրինի չէ՞ արդյոք բուն որոշումը։ Ստացվում է՝ որոշումը կայացվում է, գումարը տրվում է, այնուհետև նույն այդ որոշումն ապօրինի է համարվում, և բացի նրանից, որ գանձվում է պետության կողմից տրամադրված գումարը, նաև տուգանք է սահմանվում։ Սա բյուջե լցնելու հերթական մեխանիզմ է։

Օրիանագծի քննարկումը կշարունակվի ԱԺ հաջորդ քառօրյայում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը