Տնտեսական

05.06.2020 16:15


Պետբյուջեի ծախսերը 2019-ին կազմել են շուրջ 1.6 տրլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 12.6 տոկոս. Մհեր Գրիգորյան

Պետբյուջեի ծախսերը 2019-ին կազմել են շուրջ 1.6 տրլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 12.6 տոկոս. Մհեր Գրիգորյան

2019 թվականի 12-ամսյա գնաճը կազմել է 0.7 տոկոս, իսկ միջին գնաճը՝ 1.4 տոկոս: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրված վարկերի ծավալներն ու ներգրավված ավանդները 2019-ին շարունակել են աճել բարձր տեմպերով, իսկ ՀՀ դրամով վարկերի և ավանդների տոկոսադրույքների նվազեցման միտումները եղել են ակնհայտ: 2019-ի պետական բյուջեի կատարումը համապատասխանել է հարկաբյուջետային կանոններով սահմանված չափանիշներին: Պետական բյուջեի կապիտալ ծախսերը գերազանցել են պետբյուջեի պակասուրդի մեծությունը, իսկ ընթացիկ առաջնային ծախսերի աճի տեմպը ցածր է եղել անվանական ՀՆԱ-ի աճի պատմական միտումների հիման վրա հաշվարկված ցուցանիշից»,-հայտնեց նա:

Փոխվարչապետը կարևոր համարեց, որ 2019-ին սեպտեմբերին ՀՀ-ն միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխել է 500 մլն դոլար ծավալով 10 տարի մարման ժամկետով արտարժութային պարտատոմսեր՝ 4.2 տոկոս եկամտաբերություն:

«Եթե 2015-ի մարտին թողարկված 10 տարի մարման ժամկետով պարտատոմսերի եկամտաբերության ձևավորման մեջ երկրի ռիսկի բաղադրիչը գնահատվել է 5.5 տոկոսային կետ, ապա նոր թողարկված պարտատոմսերի համար ներդրողների կողմից երկրի ռիսկը գնահատվել է 2.4 տոկոսային կետ: 2019-ին պետբյուջե է մուտքագրվել շուրջ 1.5 տրլն դրամ եկամուտ՝ 16.7 տոկոսով կամ շուրջ 223 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը»,-ասաց նա և հայտնեց, որ հարկային եկամուտներն աճել են 16.4 տոկոսով կամ 206 մլրդ դրամ:

«Պետբյուջեի ծախսերը 2019-ին կազմել են շուրջ 1.6 տրլն դրամ՝ 92.4 տոկոսով ապահովելով տարեկան ճշտված ծրագիրը: Նախորդ տարվա համեմատ՝ պետական բյուջեի ծախսերն աճել են 12.6 տոկոս կամ շուրջ 182 մլրդ դրամով: 2019-ի պետբյուջեն կատարվել է 64 մլրդ դրամ պակասուրդով՝ կազմելով ծրագրային ցուցանիշի 41.6 տոկոսը: 2019-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ կառավարության պարտքը կազմել է շուրջ 3.2 տրլն դրամ, այսինքն՝ 6.8 մլրդ դոլարին համարժեք կամ ՀՆԱ-ի 50 տոկոսը»,-ասաց նա: Բացի այդ նա նշեց, որ 234 մլրդ դրամ էլ կազմել է Կենտրոնական բանկի պարտքը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը