Լրահոս

28.03.2011 12:31


Մարտի 29-ին տեղի կունենա «1% գիտելիք սերունդներին» խորագիրը կրող աշխատանքների շնորհանդեսը

Մարտի 29-ին, ժամը 13.30-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) մեծ դահլիճում տեղի կունենա «1% գիտելիք սերունդներին» խորագիրը կրող աշխատանքների շնորհանդեսը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՊՏՀ Բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի համագործակցության արդյունքում բուհի 3-րդ կուրսի 15 ուսանողներ վիքիպեդիա ազատ հանրագիտարանի հայկական ռեսուրսները կհամալրեն էկոլոգիայի բնագավառին վերաբերող 140 հոդվածներով: Ծրագրի նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաների դաշտում հզորացնել հայկական ռեսուրսները: Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում հայկական ռեսուրսներն այժմ կազմում են 137.000, իսկ, օրինակ, Ադրբեջանն ունի 55.000  ռեսուրս, Անգլիան` 3.5 միլիոն, ռուսական ռեսուրսների թիվն անցնում է 1 միլիոնի սահմանը: Ծրագրի մյուս նպատակն է երիտասարդներին ներգրավել գիտության ոլորտում: Քանի որ ներկայումս գիրքն ու գրականությունը նահանջում են ինտերնետին, ուստի երիտասարդների` գրականությունից կտրվելու բացը ծրագրի միջոցով փորձ է արվում լրացնել` միևնույն ժամանակ երիտասարդներին մոտեցնելով գիտությանը: Իսկ վիքիպեդիա ազատ հանրագիտարանը տալիս է դրա հնարավորությունը. այն հեշտ հասանելի է, չի պահանջում լրացուցիչ ջանքեր, ինչի արդյունքում րոպեների ընթացքում կարելի է ծանոթանալ հսկայական գրականությանը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՊՏՀ Բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի համագործակցության արդյունքում իրականացվող պիլոտային այս ծրագիրն առանձնահատուկ է նաև նրանով, որ վիքիպեդիա ազատ հանրագիտարանի հայկական շտեմարանը համալրելու գործում աշխատել են ոչ թե անհատներ, ինչպես դա սովորաբար արվում է, այլ աշխատանքային խումբ: Այս պատճառով էլ ՀՊՏՀ տասնհինգ 3-րդ կուրսեցիներից բաղկացած խումբը նշված նախաձեռնության համար Վիքիպեդիայի կողմից արժանացել է բրոնզե մեդալի: Ծրագիրը կլինի շարունակական, որի շրջանակներում վիքիպեդիա ազատ հանրագիտարանի հայկական ռեսուրսները կհամալրվեն նաև այլ ուսանողական աշխատանքային խմբերի կողմից:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը