Լրահոս

28.03.2011 11:41


Բեյրութում տեղի է ունեցել Լիբանան-Հայաստան բարեկամական ասոցիացիայի հիմնադիր անդամների երկրորդ հանդիպումը

Բեյրութում Հայաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Լիբանան-Հայաստան բարեկամական ասոցիացիայի հիմնադիր անդամների երկրորդ հանդիպումը: Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը շնորհավորել է ներկաներին պաշտոնական գրանցման հետ կապված բոլոր ընթացակարգային գործընթացներն ավարտելու կապակցությամբ: Նա համոզմունք է հայտնել, որ նորաստեղծ ասոցիացիան իր անդամների մեծ ներուժի եւ ակտիվ գործունեության շնորհիվ ավելի կխորացնի եւ կընդլայնի հայ-լիբանանյան երկկողմ բարեկամական հարաբերությունները տարբեր փոխշահավետ ոլորտներում:

Լիբանան-Հայաստան բարեկամական ասոցիացիայի նախագահ միաձայն ընտրվել է հայտնի գործարար, հայ ժողովրդի մեծ բարեկամ Պիեռ Ֆատտուշը: Ընտրվել են նաեւ ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամները: Լիբանանում Հայաստանի դեսպանին առաջակվել է ասոցիացիայի պատվավոր նախագահի պաշտոնը:

Քննարկվել եւ ուրվագծվել են նաեւ ասոցիացիայի հետագա գործունեության առանցքային ուղղությունները: Ստեղծվել է աշխատանքային խումբ, մայիսի սկզբին կազմակերպվելիք պաշտոնական միջոցառմանն առնչվող աշխատանքները համակարգելու նպատակով:

Ասոցիացիայի գլխավոր նպատակն է զարգացնել եւ ընդլայնել Լիբանանի եւ Հայաստանի երկկողմ հարաբերությունները, մասնավորապես առեւտրատնտեսական, մշակութային, կրթական, առողջապահական, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում, ինչպես նաեւ բացահայտել նոր հնարավորություններ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային ծրագրերի իրականացումը խրախուսելու նպատակով:

Այս խորագրի վերջին նյութերը